Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիան ողջունեց նախագահին

Հոկտեմբեր 03,2009 00:00

Երեկ, ժամը 17-ի սահմաններում, ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը «շտապ հաղորդագրություն» վերտառությամբ նամակ էր տարածել, որում ասվում էր այն մասին, որ նույն օրը, ժամը 18.00-ին, կոալիցիոն կուսակցությունները համատեղ հայտարարություն են անելու: Սակայն հանրությանը ներկայացվեց ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող համատեղ հայտարարությունը, որում այդ կուսակցություններն իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ նախագահի նախաձեռնած քայլերին:

Իսկ հայտարարությունում, մասնավորաբար, ասված է այն, ինչ կոալիցիոն գործիչները ասում են ամեն օր. «Այս օրերին բոլորս միասին վկան ենք հայ-թուրքական հարաբերություններում այնպիսի մի գործընթացի, որը դժվար էր պատկերացնել ընդամենը ամիսներ առաջ: Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը: Գործընթացն իր վրա է սեւեռել ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային հանրության ուշադրությունը՝ նոր թափով միջազգային քաղաքական օրակարգ վերադարձնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների պատճառահետեւանքային կապերը:

Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը: Ամենեւին չանտեսելով պատմական անցյալի ողբերգական էջերը՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր ցուցաբերում է հայրենիքի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվության զգացումով թելադրված խիզախություն երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու համար:

Նախաստորագրված արձանագրությունները արտացոլում են Հայաստանի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը, իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլ ընդհակառակը՝ ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ: Մեր ժողովրդի իմաստնությունը թելադրում է վճռականություն դրսեւորել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Եվ մենք ողջունում ենք այս քաղաքականությունը՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել