Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԻԿՈՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ Է ԿՈԾԿԵԼ

Հոկտեմբեր 03,2009 00:00

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո արձանագրեց լուծարված Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

– Անցյալ շաբաթ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր գլխավորած հանձնաժողովի կատարած աշխատանքը գնահատելով՝ ասել էր, թե «հանձնաժողովն անաչառ գտնվեց տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության ուսումնասիրության հարցերում»՝ «զերծ մնալով կամայական մեկնաբանություններից ու եզրակացություններից»: Ենթադրում եմ, որ դուք համաձայն չեք այս գնահատականի հետ:

– Պարոն Նիկոյանի հանձնաժողովի զեկույցին ծանոթանալուց հետո, իհարկե, այդպիսի գնահատականի հետ չեմ կարող համաձայնել եւ կարծում եմ, որ հանձնաժողովը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը, ու նրա ներկայացրած զեկույցն էլ ամենեւին օբյեկտիվ ու անաչառ չէ: Զեկույցում կան փաստական անճշտություններ, կոծկված են առանձին եւ էական այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ հարցադրումներ են եղել հե՛նց հանձնաժողովում, դրանք ուսումնասիրվել են, եւ որոնց Փաստահավաք խումբն առնչվել էր իր գործունեության ընթացքում ու դրանց վերաբերյալ բավականին հարուստ նյութեր էր կուտակել: Խումբը՝ լուծարվելուց հետո, ի դեմս Խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի, դրանք փոխանցել էր Նիկոյանին: Այդ փաստերը հանձնաժողովի հրապարակած փաստաթղթում չներառելն արդեն կասկածի տակ է դրել ամբո՛ղջ զեկույցի օբյեկտիվությունը: Եթե դրանք ներառված չեն այս զեկույցում, նշանակում է, որ այդ նյութերը, գոնե Փաստահավաքի կողմից իրենց փոխանցված, կա՛մ ի սկզբանե հանձնաժողովում քննարկման չեն դրվել, կա՛մ, փոխանակ հանձնաժողովում ուսումնասիրելու, դրանք ստացվելուց հետո հայտնվել են մեկ այլ կառույցի տնօրինության տակ: Թե ի՞նչ է ասում պարոն Նիկոյանը փաստաթղթի մասին՝ արդեն երկրորդական հարց է: Լավ կլիներ, որ պարոն Նիկոյանն այդ գնահատականները հնչեցնելու փոխարեն այնպիսի զեկույց ներկայացներ, որն օբյեկտիվ կգնահատեր ոչ թե ինքը, այլ հանրությունը, փորձագետները, հանձնաժողովի անդամները: Մինչդեռ նրանցից երկուսը զեկույցը կասկածի տակ են առել: Ավելին, նրանցից մեկը՝ ԱԺՄ ներկայացուցիչը, նույնիսկ բացահայտեց, որ զեկույցը հանձնաժողովում չի էլ քննարկվել, բաժանվել է վերջին պահին՝ նիստից մեկ ժամ առաջ, ստիպելով հանձնաժողովի անդամներին ստորագրել դրա տակ: Դրանով արդեն ամեն ինչ ասված է: Զեկույցը, ըստ էության, ոչ թե հանձնաժողովի կողմից անաչառ ուսումնասիրության արդյունք է, այլ կազմվել է այդպիսի զեկույց հրամցնելու շահագրգռություն ունեցող ինչ-որ մարդկանց աշխատասենյակներում:

– Դուք ասացիք՝ զեկույցում կան փաստական անճշտություններ, իսկ առանձին փաստեր էլ կոծկված են: Առայժմ խոսենք միայն դրանց մասին: Ի՞նչ փաստերի մասին է խոսքը:

– Մասնավորապես, զեկույցում կարդում ենք, որ Փաստահավաք խմբի կողմից առավոտյան դեպքերի հետ կապված որեւէ նյութ հանձնաժողովին չի փոխանցվել: Ես էլ ասում եմ՝ Նիկոյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում: Խմբի կողմից առավոտյան դեպքերի հետ կապված արվել են լուրջ ուսումնասիրություններ, կան փաստաթղթեր, նյութեր, որոնք փոխանցվել են Նիկոյանին: Հենց հանձնաժողովում քննարկվել էին մարտի 1-ի ցերեկը Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած զարգացումները: Հանձնաժողովը, չգիտես ինչու, ցերեկվա հետ կապված «շատ լուրջ» ուսումնասիրություններ է արել եւ զեկույցում ներառել է, թե՝ ցերեկը դեսպանատան մոտ բարիկադի վերածված տրոլեյբուսը թեք էր կանգնած, անկյունն այսպիսին էր, ցուցարարները ոնց էին դասավորված, բայց ոչ մի խոսք չկա ցուցարարների մեջ ոստիկանության զորքերի՝ գնդացիրը վրան զրահամեքենայի առկայության մասին: Հանձնաժողովի կողմից կոծկված փաստերից մեկը հենց դա է: Իսկ դա մեր եւ միջազգային հանրությունից կոծկվել է այն պատճառով, որ այդ զրահամեքենան ոչ մի հանգամանքներում իրավունք չուներ հայտնվելու խաղաղ ցուցարարների շրջանում: Դրա վերաբերյալ հարցապնդումներ արեց նաեւ ՄԻ պաշտպանը՝ Նիկոյանի հանձնաժողովի շատ քիչ քննարկումներից մեկի ժամանակ:

Փաստահավաքը ուսումնասիրել եւ բացահայտել էր շատ կարեւոր եւս մի փաստ: Այն, որ մարտի 1-ին ոստիկանության զորքերին հրազեն բաժանվել է ոչ թե երեկոյան ժամը 18-ից հետո, ինչպես երկար ժամանակ պնդում էին պատասխանատու պաշտոնյաները, այլ՝ շատ ավելի վաղ, ցերեկային ժամերին: Այդ փաստն էլ ոչ միայն ներառված չէ զեկույցում, այլեւ դրա առնչությամբ հանձնաժողովը ամիսներ շարունակ որեւէ լուրջ ուսումնասիրություն չի կատարել:

Սրան առնչվող եւս մի փաստի կոծկման ակնառու վկայությունն էլ այն է, որ զեկույցում ներառված չէ ցերեկը Երեւանի կենտրոնական փողոցներում ՊՆ-ին պատկանող մեքենաներում նստած զինվորական եւ բանակային տարբերանշաններով համազգեստով ու ինքնաձիգներով զինված մարդկանց առկայության փաստը, որն ուսումնասիրվել էր նաեւ Փաստահավաքի կողմից: Կային համապատասխան նյութեր, լուսանկարներ, որոնք Խումբն իր գործունեության ընթացքում ուղարկել էր փորձաքննության եւ ստացել էր դրա եզրակացությունը, ըստ որի՝ դրանցում կողմնակի որեւէ միջամտություն չի հայտնաբերվել: Այդ լուսանկարն իրենից փաստացի եւ շատ կարեւոր նյութ էր պարունակում, որովհետեւ դրա վրա ֆիքսված էր օր եւ ժամ: Մինչդեռ ՊՆ-ն Խմբի հարցմանը պատասխանել էր, որ բանակը մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ոչ մի առնչություն չի ունեցել մարտիմեկյան դեպքերին: Հանձնաժողովը ճշտե՞լ է այդ հակասությունը, ցերեկը զինված մարդկանց գոյության փաստին իր զեկույցում գնահատական տվե՞լ է: Ոչ: Այդ մասին որեւէ խոսք զեկույցում չկա, իսկ հարցականները մնում են:

Զեկույցում չկա նաեւ այն մասին, թե մարտի 1-2-ին ի՞նչ ուժեր են մասնակցել ծավալված գործողություններին: Չկա որեւէ հիշատակում ԱԷԿ-ից բերված ոստիկանության զինծառայողների մասին: Բա ո՞նց կարելի էր մարտի 1-ին ատոմակայանի պահպանության վաշտի զինծառայողներին բերել Երեւան: Օրինախախտման այդ փաստը հանձնաժողովն ունեցել է իր տրամադրության տակ, ինչո՞ւ չի ներառել եւ գնահատական չի տվել դրան: Ուրեմն՝ կոծկել է:

Հանձնաժողովն իր ձեռքի տակ ունեցել է նաեւ Խմբի կողմից իրեն փոխանցված այն փաստը, որ առավոտյան դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում, պարոն Վահագն Հարությունյանի ստորագրությամբ, հարուցվել էր 25 համարի քրեական գործ, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է, որ առավոտյան ժ. 6-ին տեղի են ունեցել հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելու գործողություններ: Դրա վերաբերյալ ոստիկանների զեկուցագրեր կան նաեւ բազմաթիվ քրեական գործերում, որոնք Փաստահավաք խումբն ուսումնասիրել եւ հետո փոխանցել է հանձնաժողովին: Ինչո՞ւ ոչ մի խոսք չկա այդ քր. գործի մասին: Վերջին հաշվով, առավոտյան հանրահավաքը հարկադրաբար դադարեցնելո՞ւ, թե՞ օպերատիվ հետախուզական միջոցառում է եղել: Եթե օպերատիվ հետախուզական միջոցառում է անցկացվել, ապա ինչո՞ւ է դա իրականացվել մեծաթիվ օպերատիվ աշխատողների, զինվորական ոստիկանության, շրջաններից բերված ոստիկանության մասնակցությամբ: Հանձնաժողովը որեւէ ուսումնասիրություն այս առնչությամբ չի արել, եւ զեկույցում էլ դրա մասին ոչինչ չկա:

Հանձնաժողովը չի կարողացել պարզել՝ ի վերջո, առավոտյան տեղի ունեցածը հանրահավաքը հարկադիր դադարեցնելու գործողությո՞ւն, թե՞ օպերատիվ հետախուզական միջոցառում էր, որի հետեւանքով ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման արդյունքում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ հանրահավաքի հարկադիր դադարեցում: Սա այն դեպքում, երբ Խումբը դրան առնչվող եւ ուսումնասիրված մեծածավալ նյութ էր տվել հանձնաժողովին: Կային նաեւ փաստեր, որոնք վկայում էին, թե այդ միջոցառման ժամանակ կատարված քննչական գործողություններն ինչ որակով ու ինչի համար են կատարվել: Եթե հանձնաժողովն իրեն նեղություն տար եւ ուսումնասիրեր դրանք, կտեսներ, որ Թատերական հրապարակում տեղի ունեցած «քննչական» գործողությունների ժամանակ նույն փորձագետը կարողացել է նույն ժամին լինել տարբեր տեղերում՝ ե՛ւ «Ջազվե» սրճարանում, ե՛ւ դրա հակառակ կողմում: Եթե այդ փաստերն ուսումնասիրած լինեին, կհասկանային, որ դա իրականում օպերատիվ-հետախուզական միջոցառում չի եղել եւ նպատակն էլ ինչ-որ բան հայտնաբերելը չի եղել, մանավանդ, որ այդպիսի միջոցառումը չեն անում մթության քողի տակ: Իսկ եթե հանձնաժողովում դա պարզած լինեին, զեկույցում առավոտյան գործողություններն իրավաչափ եւ օրենքին համապատասխանող չէին գնահատի: Հանձնաժողովը կոծկել է նաեւ այն փաստը, որ մարտի 1-ի ցերեկը ռազմական ոստիկանության տեխնիկական միջոցները գտնվել են Հանրապետության հրապարակի տարածքում, որի իրավունքը չունեին: Ի՞նչ կապ ուներ ռազմական ոստիկանությունը հասարակական կարգի պահպանության հետ: Ինչո՞ւ այդ մասին զեկույցում ոչինչ չկա, չէ՞ որ Խմբում դրա վերաբերյալ բազմաթիվ փաստեր կային:

Զեկույցում լիուլի մեջբերված են ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, բայց ոչ մի խոսք չկա այդ պահին երկիրը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների ու գործողությունների մասին: Փետրվարի 23-ին կամ 24-ին Քոչարյանի մոտ ուժայինների մասնակցությամբ խորհրդակցություն էր եղել, որտեղ նա Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին նաեւ գնահատական էր տվել, նույնիսկ իրավական գնահատական էր տվել՝ պետական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել էին պաշտպանության նախարարի գնահատականները:

Ես թվարկեցի կոծկված փաստերի մի փոքր հատված: Հանձնաժողովը զեկույցում գնահատական է տվել ուժայիններին՝ առանց պարզելու նրանց մասնակցության չափը, թվաքանակը, սպառազինությունը, կառուցվածքը: Իշխանությունների գործողություններում անօրինականությունների բացահայտված հսկայածավալ փաստեր կան, եւ արդյունքում՝ առնվազն 10 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր: Դրանց մասին զեկույցում ոչինչ չկա: Ինձ համար անհասկանալի է, թե ո՞նց կարելի է այսքանով հանդերձ խոսել ուժայինների գործողությունների իրավաչափության, համաչափության մասին ու զեկույցը համարել անաչառ կամ հավասարակշռված: Ո՞նց կարելի էր ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ ներառված չեն անգամ այնպիսի փաստեր, որոնք ուսումնասիրվել են հե՛նց հանձնաժողովի կողմից:

– Ի՞նչ են անելու Խմբի ընդդիմադիր անդամները՝ դուք եւ Սեդա Սաֆարյանը:

– Մենք փորձելու ենք կազմել ավելի փաստարկված եւ ամբողջական փաստաթուղթ, որը նախատեսված էր նաեւ Խմբի ձեւավորման մասին կարգադրությամբ, նաեւ ԵԽԽՎ 1677 բանաձեւի համապատասխան դրույթով, եւ ներկայացնելու ենք մեր հանրությանն ու միջազգային կառույցներին:

Թեման՝ շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել