Վերջին օրերին մայրաքաղաքի կենտրոնական փողոցների՝ Չարենցի, Պուշկինի, Մաշտոցի, Նալբանդյան, բավականին աչքի զարնող շինությունների վրա հայտնվել են «Հայաստանի առաջադիմական կուսակցություն» պաստառները: Քանի որ կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է մասնակցել մայրաքաղաքի Կենտրոն համայնքի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ենթադրվում է, որ կուսակցության գրասենյակի անվան տակ հանդես եկող այդ տարածքները շտաբների եւ ենթաշտաբների են վերածվելու:
Հետաքրքիրն այն է, որ մոտ մեկ տարի առաջ իշխանական շրջանակներում ինչ-ինչ խնդիրներ ունեցած եւ այդ պատճառով քաղաքականությունից հեռացած այդ երիտասարդը այդպես ժրաջանորեն պատրաստվում է ընտրություններին՝ այն պարագայում, երբ պաշտոնապես հայտարարված էլ չէ ընտրությունների ժամանակացույցը: Այդ տարածքից մեծամասնական կարգով պատգամավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանի՝ հայտնի պատճառներով մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելու օրվանից օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը լրանալու է ամսի 5-ին: Այսինքն՝ առաջիկա նիստում ԱԺ-ն որոշում կկայացնի, ինչով էլ պայմանավորված կլինի առաջիկա ընտրությունների անցկացումն այդ տարածքում:
Թե ինչո՞ւ է Տիգրան Ուրիխանյանն այդքան շտապում՝ «Առավոտի» հարցին նա խուսափեց մեկնաբանություններ տալ: Տեղեկացնենք նաեւ, որ բավականին ակտիվ գործունեություն է սկսել ծավալել նրա «քավորությամբ» ժամանակին ստեղծված «Կայունություն» հասարակական շարժումը, որը ներառում է հինգ տասնյակից ավելի հասարակական տարբեր կառույցներ, եւ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ լավագույնս ծառայեցվեց ՀՀԿ-ի շահերին: Շարժումն առաջիկայում լայնածավալ միջոցառումներ եւ ակցիաներ է պլանավորում՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման թեմաներով: Հետաքրքիր է, որ Տիգրան Ուրիխանյանն իր հովանավորության տակ գտնվող «ենթակառուցվածքներով» ակտիվանում է տարբեր ընտրությունների շեմին, եւ չնայած տարբեր ասեկոսեներին՝ նրան հնարավոր պաշտոնների նշանակելու մասին, առ այսօր նկատելի հաջողությունների չի հասել:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում իբրեւ հավանական հավակնորդներ շրջանառվում են նաեւ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի, ՄԻԱԿ-ի թեկնածու Վահան Բաբայանի, նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ «Խուճուճ Էդոյի» անունները, սակայն որեւէ մեկը դեռեւս նման ակտիվություն չի ցուցաբերում: