Երեկ մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը: Երեւանի ժամանակով ուշ երեկոյան ավարտվել էր նրա հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի հետ: Ավելի վաղ ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի հետ: Այնուհետեւ Ս. Սարգսյանը ծաղիկներ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին: Հուշարձանի հարեւանությամբ մոտ մի քանի տասնյակ ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ: Նրանց կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ֆրանսիական ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցավ բախում, որի հետեւանքով վերջիններից ոմանք թեթեւ վնասվածքներ են ստացել (տես՝ լուսանկարը):
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, The Armenian Reporter թերթին տված հարցազրույցում խոսելով իր համահայկական ուղեւորության մասին՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Իմ գլխավոր ազդակը Սփյուռքին չէ ուղղված, այլ՝ աշխարհին: Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը Հայաստանի իրականության կարեւոր մաս է: Հայաստանի շուրջ 7 միլիոն դեսպաններ՝ աշխարհի տարբեր երկրներում, կապում են Հայաստանն արտերկրի հետ անտեսանելի թելերով եւ լարերով»: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների վավերացման եւ իրականացման ուղղությամբ շարունակելու օգուտներին եւ ռիսկերին վերաբերող հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «մեծագույն ռիսկն առաջանում է այս գործընթացի տապալման պարագայում»: «Իրադարձությունների այդպիսի զարգացումը կխորացնի անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում: Դրանից հետո դեռ երկար ժամանակ որեւէ քաղաքական գործիչ չի կարողանա մոտենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին»,- պարզաբանել է նա: ՀՀ նախագահը հավաստիացրել է նաեւ, որ Քիշնեւում հոկտեմբերի 8-ին ակնկալվող Սարգսյան-Ալիեւ հանդիպման արդյունքում որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. «Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից. դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատեւ բանակցային աշխատանք եւ, անշուշտ, քաղաքական կամք»: Հայոց ցեղասպանության առնչությամբ նախագահը հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող դուրս գալ մեր օրակարգից: Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարումն ամրագրված է մեր Ազգային անվտանգության հայեցակարգում: Ինչպե՞ս կարող է որեւէ հայ հրաժարվել իր անցյալից, արդարության հաղթանակին հասնելու ձգտումից. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր՝ հայության խնդիրը չէ, այն համամարդկային խնդիր է: Սակայն կուզենայի այս համատեքստում ընդգծել մեկ հանգամանք. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը եւ Թուրքիան հետեւեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ճանաչեն Ցեղասպանության փաստը»: