ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը ներկայացրել է նախագահի կարգադրությամբ մշակված հակաալկոհոլային նոր միջոցառումների ցանկը: Ցանկի գլխավոր նորույթը ալկոհոլային արտադրանքի վաճառքի նկատմամբ օրենսդրորեն ժամային սահմանափակումների կիրառումն է: Կառավարության այս որոշմանը, սակայն, քչերն են Ռուսաստանում հավանություն տալիս: Շուկայի մասնակիցները նախազգուշացնում են. հաշվի առնելով փաստը, որ մարդկանց մեծ մասը սպիրտային խմիչքներ է գնում երեկոյան՝ աշխատանքից հետո եւ գիշերը, նախարարության մասնագետները որոշել են, որ եթե ալկոհոլի վաճառքի նկատմամբ արգելքի ժամը նշանակվի ավելի շուտ, քան աշխատանքային օրվա ավարտը, սպիրտային խմիչքների առեւտուրը կրկին կտեղափոխվի ստվերային հատված: Նշենք, որ Ռուսաստանում ալկոհոլային խմիչքների վաճառքի 10%-ն իրականացվում է գիշերային ժամերին: Նախարարությունը նաեւ առաջարկում է արգելել գարեջրի առեւտուրը շուկաներում, կրպակներում, վրաններում եւ մշտական շինություն չունեցող այլ օբյեկտներում: Ինչպես նշում է «Կապիտալ» թերթը, շուկայի մասնակիցների շրջանում այս արգելքը նույնպես դժգոհություն է առաջացրել. հենց այսպիսի օբյեկտներն են ապահովում գարեջրի վաճառքի մինչեւ 20%-ը: