Հոկտեմբերի 1-ին Շվեյցարիայում՝ Ժնեւից ոչ շատ հեռու մեկնարկել են Իրանի եւ «վեցյակի» երկրների բանակցությունները՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին տեղեկացրել է «BBC»-ին՝ վկայակոչելով Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի մամլո խոսնակ Քրիստինա Գալլահին: Նրա ասելով, բանակցություններին մասնակցում են Իրանը, «վեցյակի» երկրները, որոնցից հինգը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են, ինչպես նաեւ Գերմանիան:
Բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հերքել էր Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին տեղեկությունը: ՄԱԿ-ում այդ գործակալության կողմից տարածված հայտարարության համաձայն, «չկան կոնկրետ ապացույցներ այն բանի, որ Իրանն ունի կամ ունեցել է միջուկային զենք ստեղծելու ծրագիր»: