Հնդկաստանի հարավում, Պերիյար արգելոցի հարեւանությամբ գտնվող համանուն լճում զբոսաշրջիկներ տեղափոխող մի մոտորանավակ է խորտակվել, որի արդյունքում զոհվել է ամենաքիչը 31 մարդ: «Infox» գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության տվյալները, փոխանցել է, որ մոտորանավակում եղել է 47 մարդ՝ հիմնականում զբոսաշրջիկներ: Աղետի պատճառը եղել է հենց զբոսաշրջիկների պահվածքը. նրանք փղեր տեսնելով՝ միանգամից վազել են նավակի մի կողմի ուղղությամբ, որի արդյունքում էլ նավակը շրջվել եւ խորտակվել է: Ոստիկանության աշխատակցի ասելով, փրկել հաջողվել է միայն 20 ուղեւորի, գտնվել է 31 մարդու դիակ, եւս 23 հոգու ճակատագիրն անհայտ է:
Հիշեցնենք, որ սա վերջին օրերին Հնդկաստանում տեղի ունեցած արդեն երկրորդ դեպքն է: Երկուշաբթի օրն էլ, այդ երկրի Բիհար նահանգում գերբեռնված նավակ էր խորտակվել, որի արդյունքում զոհվել էր 65 մարդ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ: