«Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հակամարտությունը քննող միջազգային փորձաքննությամբ, առաջին անգամ ճանաչվեց Ռուսաստանի՝ ինքնապաշտպանվելու իրավունքը»,- «Rosbalt»- ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: Մեկնաբանելով 2008թ. օգոստոսին Կովկասում ծագած ռազմական հակամարտության վերաբերյալ միջազգային փորձագետների խմբի անցկացրած հետաքննության արդյունքը հանդիսացող զեկույցը, Ռոգոզինն ասել է, թե փաստաթղթում փաստերով է հաստատվել, որ Վրաստանը հարվածել է Ցխինվալիի քնած բնակչությանը, զոհվել են ռուս խաղաղապահներ, եւ Ռուսաստանը պատասխանել է դրան: Միաժամանակ, զեկույցում եղած այն քննադատության առնչությամբ, թե այդ պատերազմի ծագման հարցում Ռուսաստանը եւս պատասխանատվության իր բաժինն ունի, Ռոգոզինն ասել է, թե դրանք «ժապավեններ» են. «Պետք է հասկանալ, որ հանձնաժողովն աշխատել է այնպիսի պայմաններում, երբ Եվրամիությունը տեղի ունեցածի վերաբերյալ արդեն որոշակի գնահատականներ էր տվել, ուստի՝ միջազգային հանձնաժողովի մանեւրելու հնարավորությունը սահմանափակված է եղել»: Նա միաժամանակ շեշտել է, որ Բրյուսելում, որտեղ տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, այդ զեկույցի հրապարակման մասին նույնիսկ հիշատակում չի եղել: Հիշեցնենք, որ ԵՄ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր 2008թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը սկսված ռուս-վրացական պատերազմի պատճառները, եզրակացրել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեմ ռազմական գործողությունները սկսել է վրացական ղեկավարությունը՝ տեղի տալով ռուսական կողմի եւ Վրաստանից առանձնացած տարածքների ղեկավարների սադրանքներին, իսկ Ռուսաստանին մեղադրել է հակամարտությունը գեներացնելու համար: