Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) այս տարի իրականացնում է Կոմիտասի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ ձեռնարկներ, որի առիթով հոկտեմբերի 3-ին կկայանան ասուլիս եւ ձայնասկավառակի շնորհանդես: «Կոմիտաս 140» ծրագրի նախաձեռնողն ու համակարգողն է Արմեն Արաբյանը: Ինչպես արդեն նշեցինք, պատրաստ է 2 ձայնասկավառակ՝ «Կոմիտասի աշխարհիկ խմբերգեր» եւ «Կոմիտասի հոգեւոր խմբերգեր». մոտ 80 ստեղծագործություն, դրանց մեջ կան նաեւ մինչ այժմ չկատարված գործեր: Կամերային երգչախմբի հրաշալի կատարումները ձայնագրվել են Սաղմոսավանքում՝ Հայաստանի լավագույն հնչողություն ունեցող եկեղեցում: Հոկտեմբերի 13-ին Փարիզում՝ Սորբոնի համալսարանում, կկայանա համերգ-դասախոսություն (բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Մհեր Նավոյան), հոկտեմբերի 15-ին Սեն Լուի տաճարում՝ համերգ, իսկ 18-ին նախատեսված է գալահամերգ՝ Փարիզի Գավոյի համերգասրահում, նաեւ համատեղ ելույթներ՝ Ֆրանսիական կամերային նվագախմբի, «Արպեջիո» քառյակի, 1923թ.-ին Կոմիտասի հիմնադրած «Սիփան» երգչախմբի հետ: Կամերային երգչախումբը հոկտեմբերի 21-ին էլ հանդես կգա Ցյուրիխի Կաթոլիկ եկեղեցում՝ մենակատարներ, երգիչներ՝ Բարսեղ Թումանյանի, Ջուլիետ Գալստյանի, Հասմիկ Թորոսյանի եւ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի հետ: