Երեկ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը հաստատել է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Համապատասխան բանաձեւն ընդունվել է ԽՎ-ի հիգշաբթի օրը տեղի ունեցած նիստում: Ինչպես տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը, այդ որոշման օգտին քվեարկել է ԵԽԽՎ 318 պատգամավորներից 88-ը, «դեմ» է եղել 35-ը, «ձեռնպահ»՝ 10-ը:
Շեշտելով, որ ռուսական պատվիրակության անդամները հրապարակայնորեն հանդես են գալիս Հարավային Կովկասի վերաբերյալ Վեհաժողովի ընդունած որոշումները կատարելու դեմ, ԵԽԽՎ-ն խոստովանել է, որ «իր պահանջներն ուղղված են ՌԴ իշխանություններին, որի վարած քաղաքականության վրա ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամները ազդելու հնարավորություն չունեն»: «Ռուսաստանի, Վրաստանի եւ Վեհաժողովի, ինչպես նաեւ երկու պետությունների խորհրդարանական պատվիրակությունների միջեւ իրական երկխոսություն հաստատելը միակ ճանապարհն է հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն հաստատելու համար»,- ասված է ԵԽԽՎ-ի՝ Ռուսաստանի վերաբերյալ երեկ ընդունված բանաձեւում:
Վեհաժողովն իր ընդունած բանաձեւում նաեւ ընդգծել է, թե «չնայած այն բանին, որ Ռուսաստանը չի կատարել իրեն ներկայացված պահանջների մեծ մասը, Վեհաժողովը որոշում է հաստատել ռուսական պատվիրակության լիազորությունները՝ նկատի ունենալով, որ ռուսական իշխանություններին հնարավորություն կտա Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հետեւանքների հաղթահարման վերաբերյալ բովանդակային երկխոսություն սկսել»: