Թուրքիայի Ախիսար քաղաքում շարունակվում է շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային պատանեկան օլիմպիադան:
Հայաստանի հավաքականը յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով սկզբունքային հաղթանակ տոնելով Վրաստանի թիմի նկատմամբ՝ 18,0 թիմային միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ չորրորդ հորիզոնական: Մեր քառյակը միավորների հավասար պաշար ունի երրորդ տեղում ընթացող հունգարացիների հետ, որին զիջում է միայն լրացուցիչ գործակիցներով: Մրցաշարային աղյուսակում այս երկու թիմերից ավելի շատ միավոր ունեն 1-2-րդ տեղերը բաժանող Ռուսաստանն ու Հնդկաստանը: Երեկ՝ ութերորդ տուրում, մեր տղաները ոչ պակաս սկզբունքային հանդիպում անցկացրեցին Ադրբեջանի հետ: Երեկոյան հայտնի դարձավ, որ մեր պատանիները 2,5:1,5 հաշվով հաղթել են նաեւ Ադրբեջանի հավաքականին եւ 20,5 թիմային միավորով դուրս եկել մաքուր երրորդ տեղ:
Այսօր հայաստանցի տղաները խաղում են առաջատարներից մեկի՝ Հնդկաստանի հետ: