Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը մեր կրկեսին էլ հասավ

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"Ըստ տնօրեն Սոս Պետրոսյանի, հնարավոր չի լինի լավագույն խմբերին Հայաստան հրավիրել

Երեկվանից սկսվել է Երեւանի կրկեսի նոր խաղաշրջանը: Նախորդ տարիների համեմատությամբ՝ այս տարի այցելուների թիվը նվազել է 50 %-ով: «Առավոտի» հետ զրույցում ասաց երեւանյան կրկեսի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, համաշխարհային ճգնաժամը ոչ միայն փակել է հայկական կրկեսի՝ արտերկիր հյուրախաղերի մեկնելու ճանապարհը, այլեւ դժվարացրել է արտասահմանցի գործընկերներին Հայաստան հրավիրելու ծրագրերն իրականացնելը: «Ճգնաժամը ազդել է նաեւ մեզ վրա, չենք կարողանում ռուսական կրկեսը հրավիրել: Այնպիսի գներ են, որ մեզ չենք կարող թույլ տալ»,- ասաց Սոս Պետրոսյանը՝ միաժամանակ լավատեսորեն հույս հայտնելով, որ գուցե առաջիկայում կարողանան ռուսական կրկեսի «թեթեւ» համարներ ընդգրկել: «Բայց մեծամասշտաբ ծրագրեր անհնար է իրականացնել»,- հավելեց կրկեսի տնօրենը: Նրա հավաստիացմամբ. «Եթե ԽՍՀՄ տարիներին սպասարկող անձնակազմը հասնում էր 70-ի, հիմա այն հասցրել ենք նվազագույնի՝ 30-ի»:

Ս. Պետրոսյանը վստահեցրեց, որ կրկեսի նոր խաղաշրջանը առանձնահատուկ է լինելու. հոկտեմբերից մինչեւ տարեվերջ կրկեսային համարները ավելի թատերականացված են լինելու. «Մեր համարներում մեծ տեղ է տրվելու հեքիաթների հերոսներին, կլինեն նաեւ բազմաժանր ներկայացումներ»: Կրկեսը դեռ ամառվա ամիսներից պատրաստվել է ամանորի միջոցառումներին: Տնօրենի տեղեկացմամբ, «Մեզ մոտ այս տարի փոխվել է ծրագիրը: Կենդանիները թեեւ նույնն են, բայց կրկեսային համարները՝ նոր ու հետաքրքիր»: Նրա խոսքով, նոր լուծումներով մշտապես հանդես են գալիս Լ. Ենգիբարյանի անվան ստուդիայի շրջանավարտները. «Մեծ մրցակցություն կա, ովքեր լավ համարներ են ստեղծում տվյալ ծրագրում՝ նրանք էլ աշխատում են»:

2008-ի ձեռքբերումներին անդրադառնալով՝ Ս. Պետրոսյանը առաջնային համարեց այս տարվա ամառային ամիսներին կրկեսի կիրակնօրյա աշխատանքային գրաֆիկը՝ փաստելով, որ նույնիսկ ԽՍՀՄ տարիներին կիրակիներին չեն աշխատել: Մյուս կարեւոր ձեռքբերումն էլ, նրա համոզմամբ, հայ հանդիսատեսի մեջ հայկական կրկեսի կարեւորությունն ու սերն արթնացնելն էր. «Եթե նախորդ տարիներին հանդիսատեսը սպասում էր օտարերկրյա կրկեսին եւ այցելությունները կրկնապատկվում էին հատկապես այդ օրերին, հիմա սկսել է գնահատել նաեւ հայկականը»:

Կրկեսի տնօրենի հավաստմամբ, չնայած արդեն 3-րդ տարին է, ինչ պետական աջակցություն չեն ստանում, բայց կրկեսը փորձում է հոգալ կարիքները ինքնուրույն. օրինակ՝ ձմռանը ջեռուցման խնդիրները այս տարի նույնպես կլուծեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել