Դրամաշորթություն եւ խաբեություն՝ SMS-ների միջոցով
Ամեն օր տարբեր ընկերություններ հեռուստատեսությամբ միայնակ աղջիկներին ու տղաներին sms շփման առաջարկներ են անում՝ գովազդելով, թե ընդամենը մեկ sms ուղարկելով այսինչ համարին՝ վերջապես կարող եք գտնել ձեր երկրորդ կեսին, ամուսնանալ ու հայկական օջախ ստեղծել: Հաշվի առնելով, որ այդ sms-ների արժեքն այնքան էլ բարձր չէ՝ հիմնականում 50-100 դրամ, շատ միամիտներ հավատում են sms-ի միջոցով կյանքի ընկերոջը գտնելու մասին հեքիաթներին ու ընկնում հսկայական պարտքերի մեջ:
Եթե sms շփման գովազդը պատվիրողներն իրականում կազմակերպեին տանը մնացած հայ աղջիկների ու տղաների ծանոթությունները, դա գուցե ազգանվեր գործ կլիներ՝ անկախ նրանց հետապնդած կոմերցիոն նպատակներից, սակայն նրանց առաջարկած համարներով մեկ-երկու sms գրելուց հետո պարզ է դառնում, որ գործ ունես իսկական խաբեության հետ: Խիստ կասկածելի է նույնիսկ, որ այդ sms-ներին պատասխանողը մարդ արարած է, որովհետեւ որեւէ հարցի պատասխան չես ստանում, այնպիսի տպավորություն է, որ պարզապես ռոբոտի հետ «սիլի-բիլի» ես անում:
Օրինակ, գովազդներից մեկում առաջարկում են ծանոթությունների համար ուղարկել «LOVE» բառը 8888 կարճ համարին եւ վճարել ընդամենը 50 դրամ: Սակայն այդ բառն ուղարկելուց հետո երկրորդ կեսի հետ ծանոթանալու փոխարեն ընկնում ես կրակը: Նախ, քեզնից պահանջում են նորից sms ուղարկել ու արդեն նշել սեռդ. եթե աղջիկ ես՝ W, եթե տղա ես՝ M: Սեռդ պարզելուց հետո էլ եւս մեկ sms-ի միջոցով պահանջում են նշել անունդ, իսկ անունից հետո էլ եւս մեկ sms պիտի ուղարկես ու նկարագրես քեզ՝ հասակդ, տարիքդ, տեսքդ, բնականաբար՝ յուրաքանչյուր sms-ի համար վճարելով 50 դրամ: Այսպես մոտ 500 դրամ ծախսելուց հետո հարցնում են, թե ում ես ուզում գտնել՝ քանի տարեկան եւ ինչ անունով: Կոնկրետ մենք փորձի համար ուղարկած sms-ում պահանջեցինք գտնել 32 տարեկան տղա՝ Էդգար անունով: Ի պատասխան, սկսեցին sms-ներ գրել 22-23 տարեկան տղաներ ու ոչ մեկի անունն էլ Էդգար չէր՝ կամ Սամվել էր, կամ Արթուր, Ալիկ ու Ալեքս: Հասկանալի էր, որ նրանցից ոչ մեկը չէր համապատասխանում մեր պահանջներին, ուստի ծառայությունն այսպիսի բովանդակությամբ sms ուղարկեց. «Որպեսզի նայեք մեկ ուրիշ մարդու տվյալներ, ուղարկեք նոր sms»: Երբ տղաներից մեկին գրեցինք՝ ի՞նչ նպատակով ես ուզում ծանոթանալ ինձ հետ, պատասխանը հետեւյալն էր՝ «Եթե ուզում եք ձեր տվյալների քարտում ավելացնել ձեր ծանոթության նպատակը, նոր հաղորդագրություն ուղարկեք՝ FOR բառով»:
Նշենք, որ այս sms շփման միջոցով հնարավոր չէ ռեալ մարդկանց հետ ծանոթանալ, քանի որ այն բոլոր sms-ները, որտեղ ծանոթություններ փնտրողներն իրենց հեռախոսահամարն են ուղարկում, որ շփումը շարունակեն, հանդիպեն ու գուցե ընտանիք կազմեն, այդ sms-ների փոխարեն աստղանիշներ են հասնում հասցեատիրոջը: Սա հատուկ է արված, որպեսզի մարդիկ շարունակեն իրենց միջոցով շփվել ու ամեն մի sms-ի համար 50-ական դրամ վճարեն:
Նույն կարգի ծանոթություններ ես ունենում նաեւ ուղարկելով «AREG» բառը՝ 1818 համարին, «SRTIK» բառը՝ 1800-ին, «LIZA» բառը՝ 2150-ին:
Այդ շարքի մեկ այլ գովազդում առաջարկում են 5459 կարճ համարին ուղարկել «srtik» բառը եւ իմանալ սիրեցյալիդ մասին ամեն ինչ: Պատասխան հաղորդագրության մեջ իբր թե գուշակը վստահեցնում է, թե «ձեր բախտը բերել է, ձեզ շատ են սիրում, հանուն ձեզ պատրաստ են մեծ խենթությունների, երկնքից աստղեր կբերեն, ավելին սիրել հնարավոր չէ» եւ այլն: Բացի այն, որ այս նույն տեքստը ուղարկվում է նաեւ ուրիշ բաժանորդների, բնական է, որ sms-ը սուրճի բաժակ կամ ձեռքի ափ չէ, որի միջոցով կարողանային սիրեցյալի մասին գուշակություններ անել: Ակնհայտ է, որ նման ծառայությունները գովազդվում են միամիտ մարդկանց մոլորեցնելու եւ անհայտ անձանց կողմից հսկայական գումարներ կորզելու նպատակով:
Հեռուստատեսությամբ նաեւ առաջարկում են զանգել 090007001 համարին եւ ծիծաղ ու հումոր պարգեւել հարազատներին: Մեկ րոպեի համար 540 դրամ վճարելուց հետո պարզ է դառնում, որ գովազդի պատվիրատուն պարզապես զանգում է քո թողած հեռախոսահամարով ու «ալո»-ի փոխարեն ասում «բոոո՛»:
Փող աշխատելու նման տափակ մեթոդներից բացի, sms ծառայություններից մեկն էլ առաջարկում է «sms դիետա» տարբերակը՝ գովազդելով, թե «dieta» բառն ուղարկեք 7500 կարճ համարին՝ ձեզ կուղարկեն նիհարելու ռեալ հնարավորություն ստեղծող դիետա: Սա հակասում է ինչպես «Առողջապահության մասին», այնպես էլ «Գովազդի մասին» օրենքներին, որովհետեւ դիետան մարդու համար պետք է նշանակվի բժշկի ախտորոշումից հետո: Յուրաքանչյուր անձի գիրացումը որոշակի պատճառներ ունի, հետեւաբար sms-ի միջոցով ցուցումներ ուղարկել մարդուն, թե ամեն առավոտ մեկ բաժակ հում բրինձ կեր, մեկ ճաշի գդալ քացախ խմի ու մեկ ամսում 7 կգ կնիհարես՝ կարող է խիստ վտանգավոր հետեւանքներ ունենալ մարդու կյանքի ու առողջության համար: