Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցը բոլորում է 100-ամյա հոբելյանը: Դպրոցը հիմնադրման օրվանից ունեցել է 10 տնօրեն: Վերջին տնօրենը՝ Սեդրակ Աղաբեկի Գալստյանը, նույնպես հոբելյար է: Օրերս լրացավ նրա 50-ամյակը:
Դպրոցն իր հիմնադրման օրից մինչեւ 1970թ.-ն գործել է տարբեր շենքերում, անգամ մասնավոր տներում, ապա ոչ մեծ միահարկ կառույցներում, ապա տեղափոխվել է հինգ մասնաշենքից կազմված եռահարկ նորակառույց: Մաթեմատիկայի մասնագետ, դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաների նորույթներին հետամուտ պարոն Գալստյանը հայրենի դպրոցը տնօրինում է 1988թ.-ից: Նրա օրոք եւս կից կառույցով համալրվել է դպրոցը, քանի որ աշակերտների թվի զգալի աճ կար: Այժմ, ինչպես հանրապետության դպրոցների մեծ մասում, սովորողների թիվը այս գյուղում եւս նվազման միտում ունի: Այնուամենայնիվ, այսօր դպրոցում գործող 14 դասարաններում (երբեմնի 26-ի փոխարեն) ընդգրկված է 302 աշակերտ: Դպրոցն ունի մարզական հրաշալի կահավորված դահլիճ, համակարգչային կաբինետ՝ 12 համակարգչով եւ համապատասխան սարքավորումներով: Դպրոցն ավանդաբար կադրեր է մատակարարել զինվորական եւ իրավագիտության ասպարեզներին: Քիչ չեն նաեւ բժիշկներն ու ուսուցիչները: Դպրոցը տվել է գիտության հինգ դոկտոր եւ վեց թեկնածու: Վերջին տարիներին դպրոցի շրջանավարտների 30%-ը ընդունվում է հանրապետության պետական բուհեր: Դպրոցի հոգսերն ու պահանջները հնարավորինս հոգում է գյուղի համայնքը, հատկապես դպրոցի նախկին սաներից՝ նրանք, ովքեր զբաղվում են գործարարությամբ:
Դպրոցում տարբեր տարիների աշխատել եւ վաստակավոր ուսուցչի կոչման են արժանացել 7 մանկավարժ՝ Լիզա Առուշանյանը, Հայկազ Մուշեղյանը, Ռաֆիկ Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արտավազդ Սարգսյանը, Արարատ Մովսիսյանը եւ Եպրաքսյա Սերգոյանը: Դպրոցի շրջանավարտներից 4-ը եղել են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ, 7-ը ունեն ԽՍՀՄ կառավարական պարգեւներ, Կարմիր դրոշի եւ Լենինի շքանշանակիրներ են: Դպրոցի երեք տասնյակից ավելի սաներ մասնակցել են ազատամարտին, որոնցից 10 քաջամարտիկներ զոհվել են: Նրանցից Վարդան Ստեփանյանը «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանների ասպետ է: Դպրոցը հրատարակում է համակարզչային ամսաթերթ՝ «Ուսում» վերնագրով, որի ստեղծմանը մասնակցում են հավասարապես թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները: