ԵՊՀ 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում են արտասահմանից ժամանած տասնյակ մասնագետներ:
ԵՊՀ պատմության թանգարանի առաջին տնօրեն
Լյուդվիգ Ղարիբջանյանը եւ թանգարանի աշխատակցուհին
կտրում են «կարմիր ժապավենը»:
Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենք, 7-րդ հարկ. սա ԵՊՀ պատմության թանգարանի հասցեն է: Երեկ ավելի քան տասնամյա դադարից հետո այն վերաբացվեց: «Առավոտի» հետ զրույցում թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանն այս կապակցությամբ նշեց. «1990-ականների սոցիալ-տնտեսական իրավիճակն իր ազդեցությունը թողեց երկրի տարբեր բնագավառների վրա, այդ թվում՝ նաեւ կրթության: Այդ պատճառով էլ տուժեց ԵՊՀ թանգարանը. այն ժամանակավորապես փակվեց: Սակայն 2006-ից սկսեց վերանորոգման փուլը: Եվ այժմ թանգարանը ներկայանում է ԵՊՀ պատմությանը, ռեկտորներին, ֆակուլտետներին նվիրված՝ ժամանակավոր ցուցահանդեսների սրահով, որոնց ավելացել է նաեւ «Հնագիտական բաժինը», որտեղ ներկայացված են ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի արշավախմբերի՝ տարբեր տարիների պեղած նյութերը»: Թանգարանը ուսումնաօժանդակ հաստատություն է, որտեղ պատմության ֆակուլտետի ուսանողները կարող են անցնել իրենց պրակտիկան, կատարել հետազոտական աշխատանք: Թանգարանը 5000 ցուցանմուշների շարքում ունի եզակիներ: Ժ. Մանուկյանն առանձնացրեց. «Օրինակ՝ թանգարանում են գտնվում 1919-ի՝ ԵՊՀ կազմակերպիչ հանձնաժողովի նիստերի սղագրություններն ու արձանագրությունները, 1919-ին ստեղծված՝ ԵՊՀ-ի առաջին կանոնադրության եզակի օրինակը: Ունենք պղնձե մի իր, որը պղնձի օգտագործման թվագրված առաջին իրն է ողջ աշխարհում»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, որ 1959-ին հիմնադրված թանգարանի հոգեւոր հայրն է առաջին տնօրենը՝ Լյուդվիգ Ղարիբջանյանը, ով էլ կատարեց թանգարանի վերաբացումը:
ԵՊՀ 90-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար ՀՀ են ժամանել աշխարհի մի շարք երկրներից հայ եւ օտարազգի մասնագետներ:
«Առավոտի» առաջին զրուցակիցը Վենետիկի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ հայր Լեւոն Զեքյանն էր: Նա, մեծ երեւույթ համարելով Մայր բուհի 90-ամյա հոբելյանը եւ թանգարանի բացումը, խոստովանելով, որ ամեն անգամ ԵՊՀ մուտք գործելիս որպես հարգանքի արտահայտում խոնարհում է գլուխը, խոսեց նաեւ հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին: Պարոն Զեքյանը նկատեց. «Անհրաժեշտ է, որ ՀՀ-ն եւ Թուրքիան՝ որպես հարեւան երկրներ, մի օր կարողանան իրար հետ լեզու գտնել, չի կարելի միշտ սուր խաղացնելով ապրել: Թուրքիան հզոր երկիր է, ունի ուժեղ բանակ եւ հատկապես հայտնի է սուր դիվանագիտությամբ: Ուստի պիտի Թուրքիայի հետ բանակցել, բայց մինչեւ վերջ աչալուրջ լինել, ուշադրություն դարձնել ոչ միայն ստորակետներին, այլեւ բութերին, քանի որ Կիպրոսի օրինակը աչքներիս առջեւ է: Մեկ ակնթարթի ցրվածությունը չի ների դիվանագիտությունը»:
Ջենովայի համալսարանի ներկայացուցիչ Անջելո Մուսայոն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «ՀՀ այցելում եմ արդեն 6-7 անգամ, քանի որ մեր համալսարանը համագործակցում է ԵՊՀ-ի հետ դեռ 2005-ից»: Հետաքրքրվեցինք՝ հայագիտությանը կամ հայոց լեզվին նվիրված առանձին բաժին կա՞ իրենց համալսարանում: Նա պատասխանեց. «Ջենովայում կա մի փողոց, որը կոչվում է Վիա Արմենիա՝ ի նշան հայերի հետ դեռեւս միջնադարից եկող համագործակցության: Հատուկ հայագիտությանը նվիրված բաժանմունք չկա, բայց նշեմ, որ հռետորական արվեստի վարպետության դասերի հիմքում ընկած է նաեւ հայոց լեզվի դասավանդումը»:
ՀՀ է ժամանել նաեւ Լոնդոնի «Միդլսեքս» համալսարանի պատվիրակությունը: «Առավոտը» զրուցեց այդ բուհի ներկայացուցիչների հետ: Տիկին Էլլի Ջորջիադուի հետ խոսեցինք կրթական բարեփոխումների իրականացման հնարավոր ելքերի մասին: Նա նշեց. «Եվրոպական ծրագրի ողջ էությունն այն է, որ համագործակցող երկրների կրթական հաստատությունները միմյանցից սովորեն, փորձ փոխանակեն: Խորհրդային Միության փլուզումից հետո այժմ Հայաստանը գտնվում է անցումային ժամանակաշրջանում, եւ պարտադիր չէ, որ մեր երկրում կիրառվող մոդելները լինեն ձեզ համար օրինակելի: Կարծում եմ՝ պետք է կարողանաք պահպանել ձեր երկրի կրթական համակարգում եղած լավ ավանդույթները՝ դրանք ներդաշնակեցնելով եվրոպական չափանիշներին»:
Դոկտոր Ջորջիոս Դաֆուլասն էլ անկեղծացավ, որ մի փոքր նախանձում է մեզ, քանի որ մեր համալսարանն ունի այսպիսի թանգարան, իրենցը՝ ոչ, եւ անցավ կրթական հարցերին. «Մեր կրթական համակարգում միայն տեսական գիտելիքների վրա չենք հիմնվում, այլ փորձում ենք պահպանել տեսական-գործնական հարաբերակցությունը: Կարծում եմ, սերունդ կրթելու ճիշտ ճանապարհը սա է»: Այնուհետեւ տիկին Էլլի Ջորջիադուն նկատեց. «Քանի որ ես սերում եմ Կիպրոսից, ապա Հայաստանում լինելն անձամբ ինձ իմ ժողովրդի ցավն է հիշեցնում: Տեղյակ եմ, որ Հայաստանն ուզում է սահմանը բացել Թուրքիայի հետ: Դա ինձ համար՝ որպես անհատի, ընդունելի չէ»: Իսկ դոկտոր Գրետա Աբեյսինգեն խոստովանեց. «Սերում եմ Շրի-Լանկայից ու միշտ կարծել եմ, որ իմ երկիրը շատ հին պատմություն ունի: Բայց գալով Հայաստան՝ հասկացա, թե իրականում ինչ ասել է ունենալ հնագույն պատմություն»: