Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"Ազգային արժույթի «լողի» առանձնահատկությունները

Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունենում արտարժույթի շուկայում՝ հիշեցնում է տարեսկզբի իրավիճակը, երբ Կենտրոնական բանկը շուրջ երկու ամիս ամեն օր տասնյակ միլիոնավոր դոլար էր վաճառում՝ երկարաձգելու համար դրամի կայունության խաբկանքը: Արդյունքում՝ փոշիացավ երկրի արտաքին պահուստների զգալի մասը, մի քանի բանկեր իրենց ապահովագրեցին կորուստներից, մի շարք օլիգարխներ էժան դոլար գնեցին, իսկ հասարակ քաղաքացին մարտի 3-ի առավոտյան արթնացավ եւ տեղեկացավ, որ մի գիշերում ինքը 25%-ով աղքատացել է: Ընդ որում՝ հայրենի կառավարության մտածված եւ շարունակական քայլերի արդյունքում: Քանի որ փաստը, որ դրամը սուզվեց մարտի 1-ի տարելիցի հենց հաջորդ օրը, վկայում է այն մասին, որ դրամի արժեզրկման հստակ օրը, ըստ էության, իշխանությունների կողմից որոշված էր դեռեւս ամիսներ առաջ: Պարզապես զգուշանալով մարտի 1-ի տարելիցի առիթով ներքաղաքական իրավիճակի հնարավոր սրացումից՝ իշխանությունները, օրական $20-30 միլիոնի գնով անգամ, գերադասեցին «իջնել ջրի հատակը» եւ սպասել, մինչեւ կանցնի մարտի 1-ի վտանգը: Որոշ փորձագետների կարծիքով, եթե չլիներ ներքաղաքական գործոնը, կառավարությունը չէր վատնի արտաքին պահուստները, ու դրամի արժեզրկումը կընթանար սահուն ու աստիճանական:

Սակայն անցած մեկ ամսվա ընթացքում դրամի արժեզրկման զսպման նպատակով ԿԲ-ի կողմից վերսկսված օրական $6-7 միլիոնի ակտիվ ինտերվենցիաների գործելաոճը թույլ է տալիս ենթադրել, որ ԿԲ-ի գործունեությունը պայմանավորված էր ոչ միայն ներքաղաքական, այլեւ զուտ ներտնտեսական որոշակի հաշվարկներով, որոնց վերաբերյալ, սակայն, ԿԲ-ի կողմից հանրությանը մինչ օրս ոչ մի արժանահավատ բացատրություն չի ներկայացվել:

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում, չնայած ԿԲ-ի՝ շուկա նետած $80 միլիոնի փրկօղակին, «լողացող» դրամը արժեզրկվեց 15 նիշով: Արդյունքում հանրության մեջ խորացան խուճապային տրամադրությունները, ինչն առաջիկայում կարող է նպաստել դոլարի պահանջարկի շեշտակի բարձրացմանը: Այս իրավիճակում հակաճգնաժամային վարկերի հաշվին համալրված երկրի արտաքին պահուստների նոր վատնումը կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների: Մինչդեռ, դատելով վերջին շաբաթների իրողությունից, ԿԲ-ն հենց այս ճանապարհով է պատրաստվում զսպել դրամի արժեզրկումը:

Ենթադրենք՝ ԿԲ-ն շարունակի արհեստականորեն պահել դրամի փոխարժեքը, այդ դեպքում հնարավո՞ր է մարտի 3- ի կրկնությունը: Եթե այո, ինչպիսի՞ տնտեսական եւ քաղաքական հետեւանքների կարող է դա հանգեցնել:

Արծվիկ Մինասյան- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ

Հավանականութունը, որ մարտի 3-ը կարող է կրկնվել, իմ կարծիքով, այս պահին դեռեւս մեծ չէ: Սակայն, եթե ԿԲ-ն շարունակի այս մարտավարությունը, այդ հավանականությունը կմեծանա եւ պարզապես կդառնա անխուսափելի: Այդ դեպքում տնտեսությունը կստանա եւս մեկ հարված, ինչն էլ կհանգեցնի գների չկանխատեսված փոփոխություն, եւ ամենակարեւորը՝ դրամի նկատմամբ վստահության լիակատար կորստի: Քաղաքական առումով ուղղակի հետեւանքներ, կարծում եմ, չեն լինի, սակայն դա կուժեղացի առկա սոցիալ-քաղաքական լարվածությունը:

Այդ ամենից խուսափելու համար անհրաժեշտ է, որ կառավարությունը եւ ԿԲ-ն արագընթաց կերպով ֆինանսական ներարկումներ իրականացնեն տնտեսության մեջ, մասնավորապես՝ վարկային ռեսուրսները շուտ հասցնեն տնտեսվարող սուբյեկտներին: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի թուլացվեն արտարժույթի նկատմամբ առկա խիստ սահմանափակումները՝ պայմանավորված վարկերը բացառապես դրամով տրամադրելու հետ: Հաջորդ կարեւոր քայլը պետք է լինի այն, որ Կենտրոնական բանկը ամենայն մանրամասնությամբ հայտարարի իր քաղաքականությունը, որպեսզի սպասումները ճշգրիտ ձեւավորվեն, այլ ոչ թե՝ անակնկալի բերեն հանրությանը եւ տնտեսվարող սուբյեկտներին: Այնպես, ինչպես եղավ այս տարվա մարտի 3–ին:

Վահագն Խաչատրյան- ՀԱԿ անդամ, տնտեսագետ

ԿԲ-ի՝ դրամը արհեստականորեն կայուն պահելու գործելաոճը որեւէ տնտեսական հիմնավորում չունի: Հիմնավորումը զուտ քաղաքական է: Եթե իշխանությունները համոզված լինեին, որ իրենց հանդեպ կա նորմալ վստահություն ժողովրդի կողմից, ապա կներկայացնեին հեռանկարային ծրագիր, որի մեջ կլինեին դրամի աստիճանաբար արժեզրկման կամ արժեւորման քայլերը, այնպես, ինչպես արվում է, օրինակ, Ռուսաստանում: Բայց նրանք օրվա խնդիր են լուծում, եւ իրենց իշխանության երկարաձգման համար անցած տարվա դեկտեմբերի 30-ից մինչեւ մարտի 3-ը ծախսեցին 800 միլիոն դոլար: Ու հիմա էլ նույն իրավիճակն է: Մարտի 1-ով եկած այս իշխանությունը վստահության խնդիր ունի, եւ իր ներկայիս գործողություններով ուղղակի փորձում է երկարացնել իր կյանքը:

Իսկ Հայաստանում, որտեղ հիմնականում գերիշխում են ներմուծման միտումները, դրամի սրընթաց արժեզրկումը շատ բացասական ազդեցություն կունենա. դա կհանգեցնի գների բարձրացման, սպառողների ծախսերի ավելացման, հետեւաբար՝ կենսամակարդակի անկման: Առավելեւս, որ առաջիկա տարվա բյուջեն զգալիորեն պակաս է նախորդ տարվա բյուջեից: Դա նշանակում է՝ թոշակների, նպաստների վճարման հետ կապված լարվածություն:

Ինչ վերաբերում է մարտի 3-ի կրկնության դեպքում հնարավոր քաղաքական հետեւանքներին, ապա նկատենք, որ ՀՀ-ում տնտեսական շարժառիթներով քաղաքական փոփոխություններ դեռեւս տեղի չեն ունեցել: Իհարկե, կարող է պատահել, որ այդ դեպքում տեղի ունենա կառավարության փոփոխություն: Միգուցե, սակայն դա որեւէ կերպ հարցը չի լուծի, քանի որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի ողջ իշխանական համակարգի փոփոխության: Եթե դա տեղի չունենա՝ տնտեսության մեջ որեւէ տեղաշարժ չի լինի:

Գագիկ Մինասյան ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ

Տնտեսության մեջ ես ոչ մի բան չեմ բացառում, ոչ Հայաստանում, ոչ Ֆրանսիայում, ոչ էլ Մոզամբիկում: Բայց մարտի 3-ի կրկնությունը ես բացարձակապես իրատեսական չեմ համարում, քանի որ այսօր դրա համար ոչ մի նախապայման գոյություն չունի: Մարտի 3-ին այլ ֆինանսատնտեսական զարգացումներ էին Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է ԿԲ-ի ինտերվենցիաներին, ապա աշխարհի բոլոր կենտրոնական բանկերն էլ ժամանակ առ ժամանակ ինտերվենցիաներ են կատարում, որպեսզի խուսափեն շոկային իրավիճակներից: Դա հենց այն գործիքն է, որ հիմա կիրառում է Հայաստանի ԿԲ-ն:

Սմբատ Նասիբյան- «Կոնվերս» բանկի խորհրդի նախկին նախագահ, տնտեսագետ

Ներկա իրավիճակի նմանությունն այս տարվա փետրվարյան գործընթացի հետ՝ ակնհայտ է: Իմ կանխատեսմամբ՝ շատ հավանական է, որ մարտի 3-ը կրկնվի եւ տեղի ունենա դրամի եւս 10-15 տոկոսի արժեզրկում: Իմ սպասումներով՝ դա կլինի հոկտեմբերի երկրորդ կեսին կամ նոյեմբերին: Համենայնդեպս, այսօրվա դրությամբ բոլոր ցուցանիշներն այդ են հուշում: Արդյունքում՝ եւս 20%-ով մեր աղքատությունը կավելանա: Սակայն մի բան է, եթե դա տեղի ունենա անսպասելի եւ կտրուկ, մի այլ բան՝ եթե դա սպասելի լինի եւ տեղի ունենա աստիճանաբար, սահուն կերպով: Այդ դեպքում մարդիկ հնարավորություն կունենան պլանավորել իրենց ծախսերը եւ ինչ-որ կերպ համակերպվել: Այնպիսի ցայտնոտի կրկնությունը, ինչպիսին եղավ մարտի 3-ին, ուղղակի անչափ վտանգավոր է: Սակայն, ցավոք, հենց այդ հեռանկարն եմ ես տեսնում: Այսօր տարբեր փորձագետների, ոլորտին իրազեկ մարդկանց կողմից կանխատեսվում է, որ առաջիկայում դոլարի փոխարժեքը կարող է հասնել 400-600 դրամի:

Անցած մարտի 3-ին ՀՀ բանկերը շուրջ $30 միլիոնի ուղղակի վնաս կրեցին, բացի դրանից նրանք ունեցան կապիտալի 25% կորուստ: Այս անգամ, կարծում եմ, բանկերն արդեն ավելի պատրաստված են, կարճ դիրքերի մեջ չեն մտնի եւ ուղղակի վնասներ չեն կրի: Բայց կապիտալի որոշակի կորուստը, իհարկե, կրկին անխուսափելի կինի: ԿԲ-ի ակտիվ միջամտությունները կարող են իրավիճակը որոշակիորեն մեղմացնել, եթե հնարավոր ճնշումները ճշգրիտ գնահատվեն: Սակայն, կարծում եմ, սա այն դեպքն է, երբ շատ տեղին կլինեն Չեռնոմիրդինի հայտնի խոսքերը՝ «ղՏՑպսՌ ՍՈՍ սցփՔպ, տՏսցփՌսՏրՖ ՍՈՍ ՉրպչՊՈ»:

Վարդան Մովսիսյան- ԿԲ խորհրդի նախկին անդամ

Ես չեմ կարծում, որ մարտի 3-ը կարող է կրկնվել: Համենայնդեպս՝ միջազգային շուկայում ես այնպիսի զարգացումներ չեմ տեսնում, որոնք կարող են հանգեցնել դրամի նման արժեզրկման: Քանի որ մեր հիմնական գործընկեր երկրների տնտեսություններն աստիճանաբար կայունանում են, արժութային շուկայում առաջարկ ձեւավորող այնպիսի գործոնը, ինչպիսին մասնավոր տրանսֆերտների ծավալն է, հաստատաբար գնալու է վերականգնման: Ուստի՝ մարտի 3-ի զարգացումների կրկնությունը ես բացառում եմ: Կենտրոնական բանկը շուկայում իր քաղաքականությունն իրականացնում է լուրջ ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում: Չմոռանանք, որ Կենտրոնական բանկի գերագույն խնդիրը գնային կայունության ապահովումն է: Եվ այսօր ԿԲ-ի ակտիվությունը շուկայում պայմանավորված է հենց այդ հրամայականով: Իդեալական «լողացող կուրս» ոչ մի երկրում չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել