Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Հոկտեմբերի 1-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը դարձավ մեկ տարեկան: Արդեն հայտնի է, որ 2010-ի պետական բյուջեի նախագծում այս նախարարության համար երեք անգամ ավելի մեծ գումար է առանձնացված, քան այս տարի էր տրվել: Արդարացվա՞ծ էր նախարարության ստեղծումը, կառույցի գործունեությունը տեսանելի՞ էր: Այս հարցերի շրջանակում են ՀՀ Սփյուռքի նախարարության մասին ստորեւ բերվող կարծիքները:

Յուրի Ավետիսյան (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ)- Հայրենիք-Սփյուռք համագործակցության զարգացման գործում կարեւորում եմ մասնագիտական համաժողովների անցկացումը: Դրանք իրական նշաններ են՝ այդ գործակցությունը զարգացնելու եւ ի նպաստ մեր երկրի օգտագործուլու ուղղությամբ: ՀՀ Սփյուռքի նախարարությունում սահմանված է աշխատանքների իրականացման սեղմ եւ հստակ ժամանակացույց: Եվ, ի պատիվ նախարարի, պետք է ասեմ, որ շատ հետեւողական է, եւ բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում սահմանված ժամկետներում: Մեր համալսարանի մասով կարող եմ ասել, որ հատուկ ուշադրություն է դարձվում ԵՊՀ-ին: ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվեց սփյուռքագիտության ամբիոնը եւ մագիստրատուրայի սփյուռքագիտության բաժինը: Այսօր մենք ունենք այդ բաժնում սովորող 11 մագիստրոս:

Շնորհավորում եմ ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ մեկամյա գործունեության կապակցությամբ, մաղթում, որ գերատեսչությունը շարունակի աշխատել նույնպիսի տեմպերով եւ ավելի լայն գործունեություն ծավալի:

\"\"Ռիչարդ Կիրակոսյան (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն)- ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծումը կարեւոր քայլ եմ համարում: Դա նշանակում է, որ Հայաստանը՝ որպես պետություն, այսուհետեւ ինստիտուցիոնալ կապ կունենա Սփյուռքի հետ: Բայց մյուս կողմից, հիմնական դժվարությունն այն է, որ Սփյուռքը ոչ թե ընդհանուր մի մարմին է, այլ շատ տարբեր է, եւ հստակ սահմանում չկա Սփյուռքի համար: Իմ կարծիքով, Հայաստանի համար ամենակարեւոր Սփյուռքը Ռուսաստանն է: Միայն Ռուսաստանի հայերն են, որ տնտեսական եւ ֆինանսական շատ ակտիվ կապ ունեն Հայաստանի հետ, եւ միայն նրանք են, որ կարող են վերադառնալ Հայաստան:

Կարծում եմ, ՀՀ Սփյուռքի նախարարությունը դեռ շատ անելիք ունի Սփյուռքն իր ետեւից տանելու համար: Այսինքն՝ ոչ միայն պետք է ջերմ հարաբերություններ եւ կապեր հաստատել Սփյուռքի հետ, այլ այնպես անել, որ Սփյուռքն աջակցի եւ հետեւի Հայաստանին:

Նախարարությունն իր գործունեության ընթացքում առաջնությունը տալիս է հայ գրականությանը, հայոց պատմությանը, ոչ թե ներկա տնտեսական, քաղաքական վիճակին: Նման միջոցառումները, անշուշտ, կարեւոր են, բայց միայն դա բավական չէ: Մյուս կարեւոր հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցն է, որին մեծ կարեւորություն է տալիս Սփյուռքը: Իհարկե, որոշումներն ընդունում է նախագահը, բայց, իմ կարծիքով, ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւս ակտիվ մասնակցություն պիտի ունենա այս խնդրի կարգավորման ընթացքում Սփյուռքի հետ հարաբերությունների հարցում:

\"\"Գեղամ Բաղդասարյան (ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր)- Անկեղծորեն ասած՝ հակասական կարծիք ունեմ Սփյուռքի նախարարության գործունեության մասին, եւ դա նման պարագայում միանգամայն հասկանալիորեն բխում է երկշերտ վերաբերմունքից։ Մի կողմից՝ սույն նախարարության արածը տեսանելի է եւ քիչ չէ, մյուս կողմից՝ դրանք ընդամենը մի քանի կաթիլներ են մի ամբողջ ծովի մեջ, որովհետեւ այս ոլորտում մեր անելիքն ուղղակի ահռելի է։ Նման երկշերտությունը պայմանավորված է նրանով, որ, փաստորեն, այն, ինչ պիտի որ անի Սփյուռքի նախարարությունը՝ դա ողջ պետության գործն է, նման «քաշային կարգին» հարիր «բեռ» է դա։ Պետությունն իր բոլոր կառույցներով (ամեն մեկն իր ոլորտում) պիտի եւ կարող է հաջողությամբ զբաղվել Հայրենիք-Սփյուռք կապերով։ Մի նախարարության ուսերին նման բեռ դնելը էն գլխից նվազ հաջողակության «երաշխիք» է։ Ահա թե ինչու, գոնե այս պայմաններում, հրատապ պիտի լինի Սփյուռքի նախարարության «նեղ մասնագիտացման» հարցը։

Ըստ իս, պիտի հստակեցնել այս կառույցի առջեւ դրված խնդիրներն ու նպատակները։ «Համընդգրկունությունը» ֆիկցիա է եւ ստիպում է շեշտը դնել այս կամ այն ոլորտում կամ միաժամանակ բոլոր ոլորտներում կոնկրետ միջոցառումների վրա, որոնք հայեցակարգային նշանակություն չեն կարող ունենալ, այլ պարզապես «քերելու» են այս կամ այն ոլորտը, բայց նույն այդ ոլորտներում մթնոլորտի փոփոխման վրա չեն ազդելու։ Ինչ խոսք, կմնա կատարած լուրջ աշխատանքի տպավորություն, մանավանդ որ՝ նախարարությունն էլ, իրոք, գործ անում է եւ արածը քիչ չէ։ Ինչ վերաբերում է «նեղ մասնագիտացմանը», ապա, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, եթե նախարարությունը զբաղվեր մշակութային ու տեղեկատվական ոլորտներով կամ էլ ինովացիոն ծրագրերով, նպատակամիտված՝ Սփյուռքի մտավոր ներուժի ներգրավմանը։ Սակայն սա մեդալի միայն մի երեսն է։ Մյուս երեսը կարելի է ներկայացնել հետեւյալ հարցով՝ իսկ ի՞նչ կարող է Հայրենիքը անել Սփյուռքի համար։ Ահա այստեղ է, որ մի նոր պրոբլեմ է ծագում։ Հարցին պատասխանելու համար պիտի ունենանք Սփյուռքի մասնակցության ու ներգրավվածության բավարար մակարդակ, գոնե հասկանալու համար, թե ինչ պիտի անել «այնտեղ»։

\"\"Լարիսա Ալավերդյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)- Իմ դրական վերաբերմունքն եմ արտահայտում Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնուամենայնիվ, առաջարկում եմ, որ բացի իրականացվող ծրագրերը, նաեւ հնարավորություն տրվի Հայաստանում եւ սփյուռքում գտնվող անհատներին եւ կազմակերպություններին համագործակցել միմյանց հետ առանց պետության միջամտության: Շնորհավորում եմ նախարարության մեկամյա արդյունավետ գործունեության առթիվ եւ մաղթում նորանոր ձեռքբերումներ հայապահպանման գործում:

Մերուժան Տեր-Գուլանյան (գրող-հրապարակախոս)- ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծումը անպայմանորեն արդարացված էր, քանի որ Սփյուռքի հարցերով զբաղվող կոմիտեն քիչ ավելի նեղ դաշտ ուներ, իսկ նախարարությունը՝ այլ վիճակ է: Բայց չէի ուզենա, որ նախարարությունը զբաղվեր հանդիսություններ կազմակերպելով: Կուզենայի, որ ավելի շատ ծրագրեր լինեին: Օրինակ, «Արի տունը» շատ լավ եւ ճիշտ ծրագիր է: Բայց այդ ծրագիրը չի կարելի տարածել ոչ Ջավախքի, ոչ էլ Ղարաբաղի վրա, որովհետեւ նրանք մեր տանն են ապրում: Նախարարը շատ ակտիվ է եւ «բրավո» իրեն, որ հասցնում է ամենուր եւ ամեն տեղ լինել: Կուզենայի, որ նախարարությունը զբաղվեր մի հետաքրքիր հարցով: Հայոց եկեղեցիները, հատկապես Արեւելքում, կամաց-կամաց ինչ-որ բաներ են զիջում, տարածք եւ իրավիճակ կորցնում: Ես կուզենայի, որ նախարարությունը այս հարցով զբաղվեր, հայոց եկեղեցիները նվիրաբերեին իրենց ունեցվածքը հայոց պետությանը եւ պետությունը տեր կանգներ. եթե եկեղեցին չի կարողանում՝ պետությունը կարող է պահել:

Նախարարության մեկ տարվա գործունեությունը, իմ կարծիքով, դրական է եւ աճի միտում եմ զգում: Պիտի նաեւ հասկանանք, որ փնտրտուքի խնդիր կա, նոր նախարարություն է: Անսպասելի, բայց սպասված: Ընթացքը ցույց կտա: Մի տարին քիչ է դատողություններ անելու համար, բայց ինչ էլ որ արվել է՝ դրական է:

\"\"Թագուհի Թովմասյան (լրագրող)- Մեկ տարվա ընթացքում  դրականը, որ նկատվել է Սփյուռքի նախարարության  գործունեության մեջ՝ ինչ-որ նոր, լավ  բան անելու ձգտումն է: Հայտնի է, որ նախարարության գործունեության բրենդը «Արի տուն» ծրագիրն է, որը սխալ է ի սկզբանե: Մի կողմից խոսում ենք  մեծ Սփյուռքի հզորության եւ դրա հետեւանքով նաեւ Հայաստանի հզորացման մասին, մյուս կողմից՝ բոլորին «տուն ենք կանչում»: Կարծում եմ, որ նախարարությունը պետք է զբաղվեր ոչ թե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմամբ՝ «Արի տուն» կոչով, որին հետեւողները, կարծես, շատ չեն, այլ Հայաստանում սփյուռքահայերի շահերի պաշտպանության եւ Սփյուռքում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ գործուն քայլերի մշակմամբ: Նախ՝ նախարարությունը Հայաստանում պետք է հանդես գար օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Սփյուռքահայերի իրավունքների պաշտպանության մասին» եւ Սփյուռքում լոբբինգ աներ, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանի պետական շահերից հանդես գան:

Այսօր այնպիսի իրավիճակ է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ ինքն է որոշում, թե որն է Հայաստանի պետական շահը եւ այդ ուղղությամբ ինքնակամ քարոզչություն է իրականացնում: Այսինքն, անհրաժեշտ է համակարգել աշխատանքը:

Գագիկ Մինասյան («Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, «Հայկական Սփյուռք-կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ)-Նախ, որպես ՀՀ քաղաքացի եւ որպես հայ, պիտի հայտնեմ իմ գոհունակությունը ՀՀ կառավարության կառուցվածքում Սփյուռքի նախարարություն հիմնադրելու առթիվ: Այն ինքնին կարեւորագույն իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Դրա համար շնորհակալություն Հայաստանի Հանրապետության նախագահին:

Ապա, եթե կատարվեր հարցախույզ, թե ում կուզենայիք տեսնել որպես նախարար, եւ մինչեւ նշանակումը, եւ այսօր էլ, կարծում եմ, մեծամասնությունը պիտի տար եւ տա Հրանուշ Հակոբյանի անունը: Տիկին Հակոբյանի կազմակերպչական աննախադեպ ընդունակությունները տարեցտարի եւ պաշտոնից պաշտոն դրսեւորվում են առավել վառ գույներով, եւ վերջին մեկ տարվա նրա գործունեությունը եւս անտարակուսելի ապացույցն է ասվածի:

«Արի տուն» ծրագիրը, ճարտարապետների, իրավաբանների համահայկական համաժողովը եւ բազմաթիվ մեծ ու փոքր մյուս միջոցառումները Հայրենիքի ու Սփյուռքի միջեւ դառնում են բովանդակային սոսինձ եւ ձուլում մեր երկու հատվածների ցանկալի միասնությունը: Մնում է միայն մաղթել բարի շարունակություն նախարարի եւ նրա ղեկավարած գերատեսչության ազգանվեր գործունեությանը:

\"\"Արտակ Դավթյան (ՀՀ ԱԺ պատգամավոր)- Միանշանակ արդարացված էր նախարարության ստեղծումը, դեռ մի բան էլ ուշացած: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ ավելի վաղ ունենայինք նման նախարարություն: Ամեն ինչի սկիզբն էլ բավականին բարդ է: Ես կարծում եմ, որ անցած մեկ տարին բավականին արդյունավետ է օգտագործվել: Պիտի հաշվի առնենք նաեւ, որ նախարարությունը սուղ միջոցներով էր գործում: Կարծում եմ, եկող տարի կավելացվեն նախարարության ֆինանսական հնարավորություններն ու միջոցները: Այսօր արդեն կան ծրագրեր: Չեմ բացառում, որ առաջիկայում նաեւ փորձենք որոշակի լրացուցիչ լիազորություններ վերապահել ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ հաշվի առնելով գործի հույժ կարեւորությունը:

Գագիկ Հարությունյան («Նորավանք» հիմնադրամի նախագահ)- Սփյուռքի նախարարությունը այս մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարել: Միակ բանը, որ ցավում եմ, այն է, որ նախարարությունը ավելի շուտ չի կազմավորվել: Նախարարության կայացման գործում մեծ դեր ունի Սփյուռքի նախարարը՝ Հրանուշ Հակոբյանը, ով հոգի է դնում նախարարության յուրաքանչյուր աշխատանքի մեջ: Բացի դրանից, Սփյուռքի նախարարությունը այն բացառիկ նախարարություններից է, որ ոչ միայն մշակել է իր հայեցակարգը, այլեւ հետեւողական է դրա դրույթների իրականացման հարցում: Պետք է նշեմ, որ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը նոր լիցք է հաղորդել «Նորավանքի» աշխատանքներին, հատկապես՝ հայագիտական ուսումնասիրությունների ոլորտում:Կարծում եմ, որ նախարարությունը մեծ ճանապարհ ունի անցնելու, եւ ես հաջողություն եմ մաղթում ծրագրերի իրականացման գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել