Լրահոս
Օրվա լրահոսը

Պաթոլոգիա չի հայտնաբերվել

Հոկտեմբեր 02,2009 00:00

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

«Առավոտը» վերջերս անդրադարձել էր Քիշմիշ Քլոյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակին: Ք. Քլոյանը գրել էր. «Չնայած մի շարք հիվանդություններին (սրտի արատ, ֆիզիկական թեկուզեւ ոչ ծանր աշխատանք կատարելիս սրտի շրջանում զգացվում են ուժեղ ծակոցներ), որդիս՝ Էդվարդ Համլետի Մերոյանը, 05.12.2008թ. Աշտարակի ՏԶԿ-ի կողմից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության»:

Հիշեցնենք, որ 2007թ.-ին Էդվարդի զինծառայությունը սրտի արատի պատճառով 1 տարով տարկետվել էր, իսկ զորակոչվելուց ընդամենը 23 օր անց զինվորը վատացել էր, վայր ընկել՝ ստանալով ձախ թեւի բարդ կոտրվածք: Է. Մերոյանը ենթարկվել էր վիրահատության, սակայն զինվորի ձեռքն իր առանցքի շուրջ շրջվում է կիսատ, փայտացած է: Չնայած դրան՝ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (ԿՌԲՀ) Էդվարդին ճանաչել էր պիտանի ոչ շարային ծառայության համար եւ ուղարկել զորամաս: ՀՀ պաշտպանության նախարարությունը նամակից հետո հանդես եկավ պարզաբանմամբ. «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Համլետի Մերոյանը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է ընդունվել 5 անգամ: Առաջին անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք՝ 29.12.08թ.-ին, «Ձախ ճաճանչոսկրի ս/3 շրջանի փակ կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով» ախտորոշումով: Նշանակվել է կոնսերվատիվ բուժում: 07.01.09թ. «Ջրծաղիկ, վեզիկուլյո-պոստուլյալ ձեւ, միջին ծանրության ընթացք» ախտորոշումով տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել 15.01.09թ. եւ վերադարձվել ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք: Հայտնաբերվել է ոսկրաբեկորների լրիվ տեղաշարժ, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վիրահատական բուժման՝ օստեոսինթեզ ընդհանուր անզգայացմամբ: 22.01.09թ. ընդհանուր անզգայացման տակ վիրահատվել է՝ «Ձախ ճաճանչոսկրի դիստալ ծայրի վերոսկրային օստեոսինթեզ մետաղական հարթակով եւ պտուտակներով»: 11.02.09 թ. դուրս է գրվել ստացիոնարից 30-օրյա արձակուրդի եւ հետագա կրկնակի փորձաքննության խորհրդատվությամբ՝ ըստ գերատեսչական ենթակայության:

25.03.09թ. Է. Մերոյանը կրկնակի հոսպիտալացվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք՝ ստացիոնար հետազոտման եւ բուժման նպատակով: Կատարվել են կլինիկա-ռենտգենաբանական հետազոտումներ եւ հաշվի առնելով կոտրվածքի շրջանի ոչ լրիվ սերտաճումը՝ 03.04.09թ. դուրս է գրվել զորամաս՝ խորհուրդներով:

11.05.09թ. երրորդ անգամ ընդունվել է ԿԿԶՀ՝ ստացիոնար հետազոտման եւ բուժման նպատակով: Կատարվել են կլինիկա-ռենտգենաբանական հետազոտումներ: 15.05.09թ. կատարվել է մետաղական կոնստրուկցիայի հեռացում: 02.06.09թ. դուրս է գրվել զորամաս, խորհրդատվությամբ՝ 15 օր ազատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:

10.06.09թ. 4-րդ անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք՝ ՀՌԲՀ եւ ԿՌԲՀ փորձաքննության նպատակով:

12.06.09թ. կատարվել է ԷՍԳ, ԷխոՍԳ, թերապեւտի կոնսուլտացիա՝ պաթոլոգիա չի հայտնաբերվել: 01.07.09թ. կատարվել է պրոֆ. Ա. Ս. Սիսակյանի կոնսուլտացիան՝ սրտանոթային համակարգի պաթոլոգիա չի հայտնաբերվել: 01.07.09թ. Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի կենտրոնում կատարվել է սրտի ուլտրաձայնային հետազոտություն՝ պաթոլոգիա չի հայտնաբերվել:

30.07.09թ. ԿՌԲՀ որոշումով, համաձայն ՀՀ ՊՆ 378-06 հր. համապատասխան հոդվածի, ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության՝ 15 օր ազատվելով ծառայողական պարտականություններից: 31.07. 09թ. դուրս է գրվել զորամաս: 21.08.09թ. Է. Մերոյանը հինգերորդ անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք՝ ձեռքի եւ սրտի գանգատներով: Կատարվել են կլինիկա-ռենտգենաբանական հետազոտումներ, ախտորոշվել է «Ձախ ճաճանչոսկրի ս/3 շրջանի սերտաճած կոտրվածք՝ ֆունկցիայի աննշան խանգարումով»:

22.08.09թ. կատարվել է ԷՍԳ՝ պաթոլոգիա չի հայտնաբերվել: 31.08.09թ. սրտաբան Գ. Հարությունյանի կողմից կատարվել է զննում՝ պաթոլոգիա չի հայտնաբերվել:

03.09.09թ. ԿՌԲՀ որոշումով, համաձայն ՀՀ ՊՆ 378-06 հր. համապատասխան հոդվածի, ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության: 04.09.09թ. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի կողմից նշանակվել են լրացուցիչ հետազոտումներ «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում, հոգեբույժի կոնսուլտացիաներ՝ կայազորային հոսպիտալում: Կատարված հետազոտությունների եւ կոնսուլտացիաների արդյունքում պաթոլոգիա չի հայտնաբերվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել