Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգազանցի խարանով

Հոկտեմբեր 02,2009 00:00

Երեկվանից Ճանապարհային ոստիկանությունը կարգազանց հետիոտներին պետք է տուգաներ 3000 դրամով: Սպասվում էր, որ նրանք կտարվեն բաժիններ, եթե անձը հաստատող փաստաթուղթ չունենան: Ըստ ոստիկանների, կարգազանց են համարվում այն հետիոտները, որոնք չեն օգտվում ստորգետնյա անցուղիներից, չեն անցնում լուսացույցների ու տարբերանշանների տակով:

Երեկ մայրաքաղաքի տարբեր մասերում քաղաքացիներն իներցիայով անցնում էին բոլոր հնարավոր ճանապարհներով, ճողոպրելով ավտոմեքենաների հետ հնարավոր բախումներից: Զբաղեցնելով «պետավտոտեսուչի» տարածքը՝ «Քվանտ» վարժարանի դիմաց, հարցրինք «կարգազանցներին»՝ թե ինչո՞ւ են անցնում փողոցով, նրանք պատասխանեցին, որ անցում չկա եւ իրենք բնակվելով դիմացի շենքում՝ չեն կարող չանցնել փողոցը:

Կարգազանցներից շատերը տեղյակ չէին տուգանքների մասին: Քաղաքացիները «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումից չէին օգտվում, քանի որ, նրանց տեղեկացմամբ, այդ անցումը միզարան է հիշեցնում: Նրանք գերադասում էին խախտել կարգը, կարգազանցի խարանն իրենց վրա վերցնել, քան անցնել զուգարան հիշեցնող տարածքով: Պետավտոտեսուչներն ասացին, որ 3 օր էլ կշարունակեն քարոզչությունը, ապա կանցնեն որոշակի քայլերի՝ հետիոտնի «ամրագոտիները» ձգելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել