Տուժողի իրավահաջորդի օգտին կայացրած վճիռը չի կատարվում
«Առավոտ» այցելած Հենրիկ Մալխասյանը 10 տարի առաջ ԼՂՀ-ում զոհված զինվորի՝ Կարեն Մալխասյանի հայրը հայտնեց, որ որդու սպանության գործը այդպես էլ մնաց խեղաթյուրված: Սպանված զինվորի հորը տրվել է քաղհայցով դատարան դիմելու հնարավորություն. «2003-06թթ. Վարդենիսի ԴԱՀԿ աշխատակիցներ Մհեր Խուրշուդյանը եւ Գագիկ Աղաջանյանը, համագործակցելով մարդասպան Մխիթար Մկրտչյանի հետ, նրանից չեն բռնագանձում դատարանի վճռով որոշված 2 մլն դրամը, պատճառաբանելով, թե նա, իբր, չունի գույք, եկամուտ: Կատարողական վարույթը նրանք ավարտել են 3 անգամ, չնայած 09.08.2005թ. Մ. Մկրտչյանի անվամբ գրանցված է եղել համասեփականություն»:
2006թ. հուլիսի 7-ին Հ. Մալխասյանի բողոքների հիման վրա Գեղարքունիքի մարզի ԴԱՀԿ բաժնի պետ Գ. Ենոքյանը վերսկսել է կատարողական վարույթը, բայց քանի որ գումարի բռնագանձման ժամկետ չի նշանակվել, առայսօր տուժողի իրավահաջորդին է փոխանցվել ընդամենը 180.000 դրամ: «Եթե նույն տեմպով փոխանցվի, ապա առնվազն 71 տարի հետո կգանձվի գումարը»,- ասաց զոհվածի հայրը: Կեղծիքների հետ կապված, Հ. Մալխասյանը քաղաքացիական հայցով դիմել էր ՀՀ նախկին Հյուսիսային քաղաքացիական դատարան եւ, ինչպես զինվորի հայրը հայտնեց՝ «Լոռու մարզում 3 դատական նիստ է կայացել՝ յուրաքանչյուրը 3 րոպե տեւողությամբ», այնուհետեւ, քաղաքացիական գործի քննությունը տեղափոխվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Վ. Մելիքյանը դատաքննությունը անցկացրել է տուժողի իրավահաջորդի բացակայությամբ: «Հնարավորություն չունեի գնալու Վարդենիս, իսկ դատավորն իր հայեցողությամբ, հաշվի չառնելով իմ փաստարկները, քաղաքացիական հայցս՝ 6.240.360 դրամ վնասի հատուցում, մերժել է, այն դեպքում, երբ Մ. Խուրշուդյանն ու Մ. Մկրտչյանը ոչ մի փաստարկ չեն ներկայացրել դատարան»,- հուզված «Առավոտին» ներկայացրեց Հ. Մալխասյանը: Նա դիմել է վերաքննիչ դատարան:
Ի դեպ, Հ. Մալխասյանը հրաժարվել է իր պաշտպանից՝ Աշոտ Աթոյանից (վերջինս փախուստի մեջ է այլ գործով-Ա.Գ.) եւ մինչ օրս ինքն է ստանձնել իր շահերի պաշտպանությունը:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ այս ամենի մասին նա գրավոր հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին:
«Տասը տարվա ընթացքում իրավապահ մարմինների հետ շփվելով՝ ես համոզվեցի, որ ամեն մի վճիռ իր գինն ունի, եւ քննիչների հովանավորը երկրի գլխավոր զինվորական դատախազն է, արդարադատության եւ պաշտպանության նախարարությունները՝ ի դեմս ՀՀ նախագահի»,- ասաց Հ. Մալխասյանը:
Հ. Գ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից երեկ տեղեկացանք, որ մերժվել է Հ. Մալխասյանի բողոքը: Ի դեպ, պատասխանողներից մեկը՝ Գ. Աղաջանյանը, մահացել է անցյալ տարվա դեկտեմբերին: