Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՋԱՏԵԼ ԵՆ՝ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ

Հոկտեմբեր 02,2009 00:00

«Սեպտեմբերի 25-ին, առանց ինձ տեղյակ պահելու, եկել են ու գազը անջատել: Ընդ որում, դա արել են առանց ինձ զգուշացնելու, այնինչ՝ իմ եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ կնքված պայմանագրի 2.2.7 կետով նախատեսվում է, որ գազամատակարարումը դադարեցնելու մասին կազմակերպությունը պետք է նախօրոք տեղյակ պահի սպառողին եւ ներկայացնի դրա պատճառները: Քանդել են հաշվիչը, խողովակի վրա ռետինե խցան են դրել եւ փակել, բայց ինձ մասնագետները ասել են, որ դա պետք է այլ կերպ արվեր, պետք է ընդամենը փականը անջատել ու վերջ: Նշեմ, որ ես երբեւէ սպասարկման համար նախատեսված 500 դրամները չեմ վճարել, բայց դա նրանց իրավունք չի տալիս, որ գան եւ իմ գազն անջատեն»,- այսպես սկսեց ներկայացնել իր խնդիրը օրերս «Առավոտի» խմբագրություն եկած Մամիկոն Մատնիշյանը: Նա ապրում է Համբարձումյան փ. 4-րդ շենքում եւ պնդում է, որ իր տուն այցելած «գազի մարդիկ» երբեւէ պատշաճ ստուգում չեն իրականացրել. «Գալիս են օճառած սպունգը քսում են աշխատող խողովակին եւ որոշում՝ այնտեղից արտահոսք կա՞, թե՝ ոչ: Կամ էլ ծեծում են դուռը եւ հարցնում՝ գազի հոտ առնո՞ւմ եք: Ես չեմ հասկանում, այս աննորմալությունների համար ես պետք է տարեկան 5700 դրամ վճարե՞մ: Ինչ է՝ իրենք ապահովագրական ընկերությո՞ւն են: Երբ խնդիր առաջանա, ես նրանց կկանչեմ եւ կվճարեմ, ոչ թե ամեն ամիս վճարեմ եւ չիմանամ՝ երբ է իրենց օգնությունն ինձ պետք գալու: Պետք է շենքը պայթի գազից, որ գան գործ անե՞ն: Նրանք շաբաթ-կիրակի չեն աշխատում, Աստված չանի, եթե այդ օրերին խնդիր ունենաս, պետք է այլ տեղից մասնագետ գտնես, որն ավելի էժան գնով նույն աշխատանքը կանի, քան թե մենք վճարում ենք ամբողջ տարվա ընթացքում»: Նա դժգոհություններով դիմել է նաեւ գազի մատակարարման իրենց տարածքային կենտրոն, որտեղի պետն իրեն պատասխանել է, որ եթե նա չի վճարում այդ գումարը, պետք է ինքն անձամբ իր գրպանից դնի. «Ինձ այնտեղից ասացին նաեւ, որ աշխատանքից հեռացվել է այն տեսուչը, որ մեր շենքում ստուգումների էր գալիս՝ սպասարկում չիրականացնելու համար: Ես հաշվարկել եմ, որ սպասարկման գումարը ամսական մոտ 2 մլրդ դրամ է կազմում, որը չի հարկվում եւ ոչ մի տեղ էլ չի ծախսվում»: «ՀայՌուսգազարդից» այս առնչությամբ մեզ պարզաբանեցին, որ իրենք բաժանորդի գազն անջատելուց հետո ծանուցում են ուղարկում այդ մասին: Ընկերությունից ասացին, որ այդտեղից գոյանում է սպասարկող աշխատակիցների աշխատավարձն ու նրանց շրջայցերի ծախսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել