Լրահոս
Օրվա լրահոսը

Անհիմն մերժում են

Հոկտեմբեր 02,2009 00:00

«Շենգեն վիզա» չտրամադրելու պատճառով ձախողվում են գիտահետազոտական լուրջ ձեռնարկումները:

Դիսմորֆոլոգիային նվիրված 20-րդ գիտաժողովի շրջանակներում oրերս Ստրասբուրգում կազմակերպվել էր հանդիպում՝ եվրոպական երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների մասնագետների հետ, որին մասնակցության հրավեր էին ստացել նաեւ ՀՀ բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը եւ կենտրոնի ընտանեկան բժիշկ Գ. Շահսուվարյանը:

Կազմակերպիչների կողմից ուղարկված հրավերը, սակայն, բավարար երաշխիք չէր հանդիսացել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար: Վերջիններս մերժել են Գ. Շահսուվարյանի՝ Ֆրանսիայի մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքը: Վերջին տարիներին քանիցս ճամփորդած եւ անձնագրում որեւէ «սեւ հետք» չունեցող ընտանեկան բժշկի համար վիրավորական է նման վերաբերմունքը: «Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնն իր ստեղծման իսկ օրից լուրջ ուշադրություն է դարձրել մտավոր հետամնացության հիվանդության պատճառների հայտնաբերմանն ու ախտորոշմանը: Կենտրոնը մասնակցել է CHERISH եվրոպական ծրագրին, որի շրջանակներում նախատեսված էին քննարկումներ «Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երեխաների մտավոր հետամնացության պատճառների հայտնաբերումը եւ ախտորոշումը ժառանգաբանական բնութագրի եւ բիոինֆորմատիկայի (վիճակագրության) միջոցով» թեմայով՝ Իտալիայի, Կիպրոսի եւ մի շարք այլ երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մերժեց առանց որեւէ պարզաբանման: Դեսպանատանն ու հյուպատոսին հղած իմ բոլոր նամակները մնացին անպատասխան: Պահանջեցի հանդիպում, բայց՝ ապարդյուն»,- ասաց Գոհար Շահսուվարյանը:

Հայաստանում արտաքին տուրիզմի բիզնեսով զբաղվողները խոստովանում են, որ 2008 թ. մարտիմեկյան դեպքերից հետո Հայաստանը հայտնվել է «սեւ երկրների ցուցակում» եւ բարդացել է «շենգեն» երկրներ մուտքի արտոնագիր ստանալը: Անհասկանալի է՝ ինչ սկզբունքով առաջնորդվելով են մուտքի արտոնագիր տրամադրում մեր հարգարժան հյուպատոսները, քանի որ ներկայացված օրինակը եզակի չէ: Արդյունքում, ձախողվում են նաեւ գիտահետազոտական լուրջ ձեռնարկումները: Սեւ շուկայում «շենգեն վիզա» ձեռք բերելու գները տատանվում են 4-5 հազար դոլարի սահմաններում:

Ի դեպ, հենց Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում հաճախ կարող ես հանդիպել «վիզա ստանալու» ծառայություն առաջարկող անձանց. հավատալ չես ուզում, որ «սեւ շուկայում» շրջանառվող գումարների տոկոսներից մասնաբաժին ունեն նաեւ դեսպանատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել