Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 02,2009 00:00

Գործարարներն իրենց գրպանը լցնելու համար թիրախ են դարձնում հասարակության ամենախոցելի խմբին՝ մանուկներին:

Երբ սպառողը շուկայից գնում է ժամկետանց սննդամթերք եւ որակական որեւէ չափանիշների չհամապատասխանող արտադրանք՝ կամ գնված ապրանքը հետ է վերադարձնում խանութին, կամ վատագույն դեպքում գտնում տվյալ արտադրանքն արտադրողին ու բողոքում՝ փոխարենը պահանջելով դրամական փոխհատուցում: Բայց, երբ ժամկետանց, առողջության համար վնասակար արտադրանքը վերաբերում է մանուկներին, տուժած ծնողը նույնիսկ չի կարողանում գտնել այն պատժիչ մեթոդը, որը լրիվ կփոխհատուցեր իր բալիկին հասցված վնասը:

Այսօր մեր շուկայում լցված են կեղծված, անորակ, առողջության համար խիստ վտանգավոր ապրանքներ, որոնք արտադրվում են հենց երեխաների համար: Որքան էլ պատասխանատու մարմինները վստահեցնեն, որ շուկայում անընդհատ ստուգումներ են անում ու տուգանում օրինախախտ ընկերություններին, բոլորս էլ հասկանում ենք, որ, այնուամենայնիվ, ինչ-ինչ ճանապարհներով կեղծ ու վնասակար արտադրանքը հանգիստ անցնում է մաքսային սահմանն ու լցվում մեր շուկա:

Ծնված օրվանից երեխայիս լողացնում եմ մանկական ապրանքներ արտադրող բավականին հայտնի ընկերության՝ «Johnson՝’s baby»-ի օճառներով: Հավատալով օճառի տուփի վրա անգլերեն գրված «no more tears», այսինքն՝ «առանց արցունքների» արտահայտությանը, ամեն անգամ օճառով մի լավ ճմռում էի երեխայիս աչքերը: Ու որքան էլ բալիկս ճչում էր, իրեն կոտորում, աղեկտուր լաց լինում՝ վստահ էի, որ դա օճառից չէ, քանի որ «Johnson՝’s baby»-ն մյուս բոլոր օճառների նման չի մրմռացնում: Մի օր պատահաբար փորձելով այդ օճառը, ինքս էլ մրմռացի ու մաշկիս վրա զգացի երեխայիս ապրումները:

Այս առնչությամբ, «Johnson՝’s baby»-ի արտադրանքը ներկրող «Պարտնյոր» ընկերությունից պարզաբանեցին, որ շուկայում հայտնված մրմռացնող օճառներն իրենց արտադրանքը չեն. «Դրանք կեղծ «Johnson’s baby»-ներ են: Որքան էլ մենք պայքարում ենք՝ չգիտես ինչ ճանապարհներով այդ կեղծ ապրանքները մեծ քանակությամբ ներկրվում են Հայաստան: Մենք մաքսային կոմիտեում բոլորին ոտքի ենք հանել, որ այդ հարցը լուծեն, որովհետեւ «Johnson՝’s baby»-ն համաշխարհային բրենդ է ու բացառվում է, որ մեր օճառները մրմռացնեն, ամբողջ Եվրոպայի երեխաներն այդ օճառով են մեծանում ու լաց չեն լինում, միայն Հայաստանում է, որ օգտագործում են «Johnson’s baby» ու լացում»: Ընկերությունից նաեւ տեղեկացրին, որ իրենց արտադրանքի վրա արաբերեն տեքստ չկա, ուստի սպառողները միայն այդպես կարող են իմանալ՝ Դուբայից ներկրված կե՞ղծ օճառ է գնում, թե՞ ֆիրմայի օրիգինալը, որովհետեւ այդ երկու արտադրանքների միջեւ գնային տարբերություն չկա. երկուսն էլ վաճառվում է 230-250 դրամով:

Եթե օճառի դեպքում երեխաներին միայն ցավ ես պատճառում, ապա խանութներում վաճառվող մանուկների համար նախատեսված ժամկետանց սննդամթերքով կարող է անդառնալի վնասվել նրանց առողջությունը: Շուկայում շոկոլադների բազմազան տեսականի կա: Հատկապես ներկրված շոկոլադների պիտանելիության ժամկետը ձգվում է մինչեւ երեք տարի: Ու եթե նույնիսկ, ըստ տուփի վրայի մակնշման՝ շոկոլադները ժամկետի մեջ են լինում, դրանք հնությունից արդեն սպիտակած ու բորբոսնած են լինում: Լուսանկարում պատկերված «LARI» ընկերության «Choco Beans»-ի տուփի վրա նշված է, որ այն արտադրվել է 2008-ի դեկտեմբերին եւ ուժի մեջ է 1 տարի: Սակայն տուփի մեջ լցված գունավորած շոկոլադե գնդիկները, մեղմ ասած, ուտելու բան չեն: Բացի այն, որ տուփի վրա հայերեն մակնշում չկա ու արաբերեն տառերից դժվար է հասկանալ, թե ինչ է մտնում այդ շոկոլադների բաղադրության մեջ, ուտելուց հետո դրանք անգամ մեծահասակների մոտ թունավորում ու փսխումներ են առաջացնում: Մենք այդպես էլ չկարողացանք գտնել, թե ով է Մալայզիայից ներկրել այդ հին շոկոլադներն ու ինչպես է պատրաստվում փոխհատուցել թունավորված երեխաներին:

Այսօր խանութներում ու դեղատներում մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրած՝ հատուկ երեխաների համար նախատեսված հիգիենիկ միջոցներ կան: Երեխաների հետույքը մաքրելու համար նախատեսված թաց անձեռոցիկների վրա գրված է, իբրեւ թե այն «ձեր բալիկի մաշկի խնամքի լավագույն միջոցն է», «հոգ է տանում մանկան մաշկի մասին», «առանց սպիրտի է» եւ այլն: Սակայն դրանցից շատերն այնքան սուր հոտ ունեն ու այնպիսի քիմիական նյութերով են թրջված, որ անգամ 1 տարեկան երեխայի մարմինը դրանով մաքրելու դեպքում մաշկի վրա վերքեր են առաջացնում, կարմրացնում ու գրգռում մաշկը: Կոնկրետ լուսանկարում պատկերված «մանկական» կոչված անձեռոցիկը, բացի այն, որ պարսկա-արաբերեն մակնշում ունի եւ հետեւաբար զարտուղի ճանապարհներով է հասել մեր շուկա, մանկան մաշկն այնպես է վնասում, որ մի քանի շաբաթ է պահանջվում մանկական ցանափոշիներով ու ձեթով մաշկը մշակելու եւ նորից վերականգնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել