Կառավարության երեկվա հերթական արտագնա նիստը տեղի է ունեցել Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման նիստերը դրական ազդեցություն են թողնում մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման բոլոր ծրագրերի իրականացման վրա: Նիստում հաստատվել է Լոռու մարզի 2010-2012թթ. զարգացման ծրագիրը։
Կառավարությունն իր որոշմամբ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Օձունի, Քոբայրի վանական համալիրները, Դսեղի «Ծովեր» լիճը, ինչպես նաեւ հարակից Սանահին, Հաղպատ, Օձուն, Դսեղ գյուղական, Ախթալայի եւ Թումանյանի քաղաքային համայնքները հայտարարել է զբոսաշրջության կենտրոն՝ անվանելով «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության կենտրոն: Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է նաեւ 2009-ի 4-րդ եռամսյակում պետբյուջեից «ՀայՌուսգազարդին» տրամադրել $40 մլնի համարժեք բյուջետային վարկ՝ 6 ամիս ժամկետով, տարեկան 11% տոկոսադրույքով: Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել խաղատների եւ խաղասրահների գործունեությունը կանոնակարգելուն ուղղված հարկային մի շարք օրենքներում: Առաջարկվում է, որ խաղատները վճարեն 400-ական միլիոն դրամ, իսկ խաղասրահները՝ 50-ական միլիոն: