Հայ-թուրքական նախաստորագրած Արձանագրություններով երկու երկրների հարաբերությունները շարունակելը նման է ինքնաթիռից վայր թռչելուն, որ հետո են մտածելու փրկվելու մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա հիմնախնդիրները, որոնք, նրա համոզմամբ, արագ լուծման կարիք ունեն. «Թուրքիայում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ին: Հաշվի առնելով Թուրքիայի հզոր տնտեսական ներուժը՝ խոսել հավասարակշիռ հարաբերությունների մասին՝ բավական վտանգավոր է»: Պարոն Մինասյանը կարծում է, որ սահմանների բացումը կվտանգի հատկապես ներքին արտադրողի մրցունակությանը. նրա փաստարկմամբ, այս ոլորտում, ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանում չկա համապատասխան պաշտպանական համակարգ: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ միայն դրական միտում է տեսնում. «Հայաստանը կարձանագրի ՀՆԱ-ի եկամուտի աճ՝ 3%-ի սահմաններում, մոտ 38%-ով էլ կաճի արտահանումը: Սահմանի բացումը մեզ համար նոր հնարավորություն է՝ ավելի ձեռնտու եւ նպաստավոր տնտեսական պայմաններում գործելու»:
Անդրադառնալով 2010-ի պետբյուջեին, Ա. Մինասյանն ասաց, որ այդ «նախագիծը ռոմանտիզմի շարքից է», իսկ Վ. Այվազյանը գերադասեց բյուջեի լավ կամ վատ լինելու վերաբերյալ հետո կարծիք հայտնել. «Բյուջեն կտեսնենք, որտեղից են եկամուտներ ապահովելու, հետո նոր կասենք»: