Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ն ընդունել է մի հանձնարարական, որով կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն ընդունել, որում կամրագրվի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը: Հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Զարուհի Փոստանջյանը, որը որպես նման լրացուցիչ արձանագրության ընդունման անհրաժեշտության օրինակ՝ բերել է «Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված պայքարում իրավական արդյունավետ միջոցների բացակայության փաստը»: Նա ելույթում նշել է, թե շահագործումը մեծ չափով կվնասի Հայաստանի բնության կենսաբազմազանությունը՝ խաթարելով մարդու առողջ կենսակերպը. «Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ ուղղված դատական պաշտպանության արդյունավետ միջոց չգտնվեց. Հայաստանի Հանրապետության դատարանները հրաժարվել են քննել հայցը: Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով վերը նշվածը՝ ձեզ կոչ եմ անում կողմ արտահայտվել ու նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը, որը, իմ խորին համոզմամբ, հրատապ է ու արդիական»: