Հնարավո՞ր է պաշտպանվել ԵԽԽՎ անձեռնմխելի պատվիրակների սուտ եւ զրպարտիչ հայտարարություններից:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում կոալիցիան ներկայացնող պատգամավորները երեկ շրջանառության մեջ են դրել բանաձեւի մի նախագիծ, որով առաջարկվում է կանոնակարգում անել այնպիսի փոփոխություններ, որոնցով կապահովվի այլ անձանց պատվի եւ արժանապատվության հանդեպ հարձակումներից պաշտպանություն:
Այս փաստաթղթում մասնավորապես հիշեցվում է, որ ԵԽԽՎ պատվիրակներն անձեռնմխելիություն ունեն, եւ իրենց հայտարարությունների կամ քվեարկության կապակցությամբ չեն կարող հարցաքննվել կամ ենթարկվել դատական պատասխանատվության: Ընդունելով բաց քննարկումների եւ տեսակետների ազատ արտահայտման կարեւորությունը՝ բանաձեւի հեղինակները նշում են, թե Վեհաժողովը միեւնույն ժամանակ պետք է պնդի, որ արտահայտման ազատությունը ենթադրում է նաեւ պատասխանատվություն, այդ թվում՝ նաեւ իրավական պարտավորություններ սուտ ու զրպարտիչ հայտարարությունների դեպքում, որոնցով անվանարկվում են այլ անձինք, եւ ըստ այդմ՝ ոտնահարվում են նրանց իրավունքները: Հղում է արված մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որում արտահայտման ազատության համար որպես սահմանափակում նշվում է նաեւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելը:
Մինչդեռ, ըստ փաստաթղթի հեղինակների՝ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ԵԽԽՎ շրջանակներում արվել են ակնհայտ կեղծ ու զրպարտչական հայտարարություններ այն անձանց մասին, որոնք մասնավորապես ներկայացված չեն Վեհաժողովում. «Այդպիսի օրինակներից մեկը ԵԽԽՎ պատվիրակ տիկին Գանիրա Փաշաեւայի հայտարարությունն է, որը նա արել է Վեհաժողովի հունիսի 24-ի լիագումար նիստում՝ օրակարգի այն հարցի քննարկման ժամանակ, որը կոչվում էր «Մարդու իրավունքները Եվրոպայում. Պետք է վերջ տալ անպատժելիությանը»: Փաշաեւան հղում արեց գրքի, որը կոչվում է «Մեր հոգիների վերածնունդը», որն իբր գրել է Զորի Բալայանը 1996-ին»: Նշենք, որ այդ ելույթում Փաշաեւան հայտարարել էր, թե Զորի Բալայանն այդ գրքում հպարտությամբ է նկարագրել ադրբեջանցիների զանգվածային սպանությունները եւ դրանց իր մասնակցությունը: Ադրբեջանցի պատվիրակն անգամ մեջբերում էր արել, որ Զորի Բալայանն իբր նկարագրել է, թե ինչպես է սպանել 13 տարեկան մի երեխայի եւ մաշկահան արել նրան: «Զորի Բալայանը երբե՛ք չի գրել այդպիսի գիրք, որի մասին հայտարարեց Փաշաեւան, եւ ոչ էլ որեւէ ցանկացած այլ գիրք, որի բովանդակության մեջ լինեին նման մեջբերումներ»,- նշում են նախագծի հեղինակները՝ ասվածը գնահատելով իբրեւ զրպարտություն, որը պիտի ունենա իրավական հետեւանքներ: Եվ այս ամենը նկատի ունենալով՝ պահանջում են, որ ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը մշակի գործող կանոնակարգում այնպիսի փոփոխություններ, որոնք երաշխիքներ կապահովեն զրպարտության տարածման եւ տուժողների իրավունքների պաշտպանության համար:
ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մեզ հայտնեց. «21 ստորագրությամբ՝ ինչպես պահանջում է կանոնակարգը, ԵԽԽՎ քարտուղարություն հանձնեցինք մեր այս նախագիծը: Այս նախաձեռնությանը միացել են Ֆրանսիայի, Իտալիայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Լատվիայի, Ռուսաստանի եւ Շվեյցարիայի պատվիրակներ»:
Հ. Գ. Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խոսքային «փոխհրաձգությունը» շարունակվում էր նաեւ երեկ, եւ Նաիրա Զոհրաբյանը Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին արձագանքելով՝ ասաց. «Ղարաբաղը երբե՛ք չի եղել Ադրբեջանի մաս՝ թե՛ դուք, թե՛ ձեր պետությունը պիտի հաշտվեք այդ իրողության հետ»: Այս մասին մանրամասն՝ վաղվա համարում: