Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ԷԼԻ ԵՆ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"Իսկ երեկ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը նոր առաջարկ արեց՝ ձեւավորել մեխանիզմներ ՀՀ ոստիկանության դեմ բողոքները քննելու համար:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ վերջապես քննարկեց Հայաստանի հարցը: Ողջ շաբաթվա ընթացքում այդ հարցն անընդհատ օրակարգում հետաձգվում էր՝ սկզբում 7-րդն էր, հետո դարձավ 11-րդը, հետո՝ 13-րդը: Պատճառը պարզ է՝ ԵԽԽՎ այս նստաշրջանում այլ հարցեր էին հրատապ: Մոնիտորինգի հանձնաժողովն իր նիստերում գրեթե ամեն օր անդրադառնում էր ՌԴ պատվիրակությանը լիազորություններից զրկելու հարցի քննարկմանը: Օրակարգում էր նաեւ ԵԽԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության լիազորությունների հարցը: Ի վերջո՝ ոչ մեկին էլ չզրկեցին մանդատներից:

Առավել աղմկահարույց այս խնդիրները լուծելուց հետ՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում ի վերջո քննարկվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի հարցերը: Ադրբեջանի դեպքում խոսքը նոր համազեկուցող նշանակելու մասին էր, ու նաեւ պիտի տեղեկատվություն ներկայացվեր մի քանի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվելու են հ/կ-ների եւ կրոնի ազատության մասին օրենքներում: Դրանք պիտի ուղարկվեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը:

Իսկ Հայաստանի դեպքում մեր պատվիրակությունը պիտի տեղեկատվություն ներկայացներ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ԵԽԽՎ 1677 բանաձեւի կատարման ուղղությամբ: Այս հարցի քննարկումը տեւել է ընդամենը 12-15 րոպե: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտի» հարցին, թե իր կողմից տեղեկատվություն ներկայացնելուց հետո եղե՞լ է քննարկում՝ պատմեց. «Որոշ քննարկում եղավ: Ջոն Պրեսկոտը հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես ակնկալում է ստանալ Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը, որից հետո կհայտնի իր կարծիքը: Բայց ի թիվս այլոց՝ մի կարեւոր հարցադրում ներկայացրեց Հայաստանի իշխանություններին, թե անհրաժեշտ է մտածել ու ստեղծել ոստիկանությանն առնչվող բողոքների քննարկման մեխանիզմներ, եւ որ դրանք պետք է գործադրվեն ոստիկանությունից անկախ: Հարցադրումը պետք է դիտարկվի ոստիկանության բարեփոխումների շրջանակներում, եւ Մոնիտորինգի հանձնաժողովն այդ գաղափարին աջակցություն հայտնեց: Ներկայացված երկրորդ կարեւոր հարցադրումը վերաբերում է ընտրական օրենսդրության բարեփոխումներին. համարում են, թե այս խնդիրը հրատապ է՝ հաշվի առնելով, որ ընտրական օրենսդրությունը պետք է բարեփոխվի ընտրություններից շատ ավելի վաղ, եւ սա պատեհ պահ է: Այս մոտեցմանը Մոնիտորինգի հանձնաժողովը եւս դրական արձագանքեց: Մյուս բարեփոխումներն էլ աչքաթող չեն արվելու, բայց պիտի նախապատրաստվենք առաջնահերթ պատասխանել այս երկու հարցադրումներին, քանի որ մոտ ժամանակներս լինելու է դրանց ընթացքի քննարկում»: Մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը գումարվելու է նոյեմբերի 18-ին՝ Փարիզում, եւ պրն Հարությունյանն ասաց. «Ընդհանրապես հանձնաժողովի գրեթե ամեն նիստում մենք որոշակի տեղեկատվություն ներկայացնում ենք, թե ինչ է արվել ու ինչ է արվում: Կարծում եմ, որ շատ շուտով նույնպես դա լինելու է»:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 28-ին ԵԽԽՎ-ին էր ուղարկել սեփական զեկույցը, թե ինչ քայլեր են արվել Հայաստանի իշխանությունների կողմից 1677 բանաձեւի ընդունումից հետո: Այս 5 էջանոց փաստաթղթում մասնավորապես նշվում է, թե ցանկացած անաչառ գնահատական կհաստատի, որ «Հայաստանի իշխանությունը մտադիր չէ երկրում տիրող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծել երկխոսության ու բարեփոխումների միջոցով»: Անբավարար գնահատելով ԵԽԽՎ բանաձեւից հետո իրականացված առաջընթացը՝ ՀԱԿ-ը հանգամանալից ներկայացրել է այդ գնահատականի հիմնավորումները՝ ազատազրկված են մնում 18 քաղբանտարկյալներ, որոնց ավելացել են նորերը, Նիկոլ Փաշինյանը մնում է բանտում, չնայած ԵԽԽՎ 1677 բանաձեւի հորդորին, «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցն անաչառ ու վստահելի չէր, 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու հարցում առաջընթաց չկա եւ այլն: Եվ ՀԱԿ-ը զեկույցում ափսոսանք է արտահայտել, որ հանելով Հայաստանին հատուկ մոնիտորինգի ռեժիմից՝ ԵԽԽՎ-ն վերացրեց խթանն իշխանության համար՝ անելու անհրաժեշտ բարեփոխումները:

Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընդդիմության մատուցած տեղեկատվությանն անդրադարձ եղե՞լ է Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: «Կարճ անդրադարձ եղավ, որ այդ հարցերը գտնվելու են ուշադրության կենտրոնում: Ազատազրկված որոշ անձանց վերաբերյալ հարցադրումներ են ներկայացվել, որոնց պետք է պատասխանեն ՀՀ իշխանությունները»,- պատասխանեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը:

Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ներկա չի եղել քննարկմանը, քանի որ նրա թեկնածությունը՝ որպես Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ՝ դեռ չի հաստատվել ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Սակայն Զարուհի Փոստանջյանը երեկ շրջանառության մեջ է դրել բանաձեւի նախագիծ՝ «Հայաստանի արդարադատության քրեական համակարգում չարաշահումներ» անվանումով: Այստեղ մասնավորապես հղում անելով Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւերին՝ նախագծին միացած 14 պատվիրակները խորը մտահոգություն են հայտնում, որ բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա նոր քրեական հետապնդումներ են սկսվել իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի եւ ընդդիմության ակտիվիստ Տիգրան Առաքելյանի դեմ: Եվ ըստ բանաձեւի այս նախագծի՝ ԵԽԽՎ-ն պիտի հայտարարի, որ Հայաստանի քրեական արդարադատության համակարգում տարբեր ձեւերի չարաշահումներ կան, այդ թվում՝ խտրական մոտեցում է կիրառվում իշխանության քաղաքական հակառակորդների հանդեպ, դատական գործընթացներ են իրականացվում այն փաստաբանների նկատմամբ, որոնք պաշտպանում են ընդդիմության ներկայացուցիչներին, իրավապահները բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների, ընդ որում՝ նաեւ երիտասարդների հանդեպ, եւ քաղաքական պատճառներով ձախողվում են նման հանցանքների պատշաճ հետաքննությունները: Ըստ փաստաթղթին միացած ԵԽԽՎ պատվիրակների՝ Վեհաժողովը պիտի կոչ անի Հայաստանի իշխանություններին համակարգային փոփոխություններ իրականացնել մեր արդարադատության համակարգում, ու նաեւ, որ «հետաքննվեն ու պատասխանատվության կանչվեն այն պաշտոնյաները՝ ներառյալ դատական իշխանության ներկայացուցիչները, որոնք պատվիրել կամ մասնակցել են քրեական արդարադատության համակարգում քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ հարուցելու գործընթացին»:

Հ. Գ. Նշենք նաեւ, որ երեկ, երբ ԵԽԽՎ-ում քննարկվում էր «Եվրոպայի խորհրդի ապագան՝ իր 60-ամյա փորձառության լույսի ներքո» հարցը, Զարուհի Փոստանջյանը ելույթում հայտարարեց, թե բոլորի համար ակնհայտ է, որ ԵԽ կառույցները ճգնաժամային վիճակում են եւ անհապաղ բարեփոխումների կարիք ունեն. «Այդ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ, ցավոք, որոշումներ ընդունելու ընթացքում մենք ոչ միշտ ենք առաջնորդվել ժողովրդավարական արժեքներով, մարդու իրավունքներով ու օրենքի գերակայության սկզբունքներով, այլ հաճախ ղեկավարվել ենք աշխարհաքաղաքական կամ էներգետիկ շահերով»: Եվ որպես դրա մի ապացույց՝ նշեց. «Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններն անպատիժ են մնում, չնայած ՀՀ Սահմանադրության ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ ու շարունակական լուրջ խախտումներին: Սա իրականացվում է ԵԽ անուղղակի աջակցությամբ՝ բանաձեւերի կատարման «եւս մի քայլ առաջ» գնահատականների միջոցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել