Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ.
– Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չէի շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ մենք միամտաբար մտածում էինք, թե կբերեն: Թերեւս այն պատճառով, որ երբ մենք կայինք, իրենք չկային՝ արեւելքի մեր կողմերում: Տարօրինակը, սակայն, այն է, որ բոլորը խոստում-նամակ են ուղարկում, թե կգանք, բայց չեն գալիս: Ուստի եւ, ես որոշեցի չսպասել այլեւս որեւէ նամակի եւ ինքս նախաձեռնեցի…
– Այնինչ ցնցվում են քոչվորական ցեղի պետության ոսկորները զառամ,- շարունակեց Նահապետը,- եւ չնայած, որ հայի չափը չափազանցն է, բայց ափսոս, որ միայն հայի եւ հայի միջեւ թերեւս կան քրդերը՝ մեր պատմական հայրենիքի վրա ապրող, որոնց կերպը մենք պիտի ճանաչենք, քանի որ մեր հարեւաններն են եւ լինելու են այլեւս… Թուրքը անիծված է, բայց խոսքը՝ իմաստուն, ասում են հայերը, իմ կարծիքով, թերեւս թուրքի գործն էլ է իմաստուն,- շարունակեց Նահապետը,- հայի վերջին խելքը իմը լիներ, ասում է թուրքը, բայց շարունակում է իր գործը, եւ մեզ մնում է ընդամենը մեր խելքը…
Տխուր է, բայց մեր կյանքն է: Եվ ելնելով տարիներով խաբվածության միջից, մենք այսօր փորձում ենք աշխարհի եւ թուրքի դեմ մեր խելքի եւ գործի տերը լինել եւ սկսել արահետը երկխոսության, քանի որ աշխարհի բոլոր մեծ ճանապարհները սկզբից եղել են արահետներ, իսկ արահետները համարձակ եւ վճռական մարդկանց ոտնահետքերն են, որոնք այնուհետեւ դառնում են մայրուղիներ ցեղերի եւ ազգերի միջեւ, առավել եւս հայի եւ հայի միջեւ, քանի որ մենք բոլորս՝ դրսում, թե ներսում, միեւնույն է, մեր արյան ճակատագրով կանգնած ենք Արարատի հայացքի առջեւ: