Երեկ ԱԺ լսումներում բուռն եւ կրքոտ քննարկումներ տեղի ունեցան, ելույթներն աննախադեպ շատ էին
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ խորհրդարանական լսումներ անցկացվեցին նախաստորագրված արձանագրությունների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցի քննարկման վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ՝ թարգմանիչներով, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրային խորհրդի անդամներ, քիչ թվով պատգամավորներ, լրագրողներ: ՀԱԿ-ից ներկայացուցիչ չկար, չկար նաեւ Վարդան Օսկանյանը: Այն ելույթները, որոնք քննադատում էին նախաստորագրված արձանագրությունները, ուղեկցվում էին ծափերով, եւ նախագահող Արմեն Ռուստամյանը ստիպված էր լինում շարունակ հիշեցնել. «Սա հանրահավաք չէ, խնդրում եմ մի աղմկեք»: Դահլիճում նստելու եւ կանգնելու տեղ գրեթե չկար: Ելույթների տրամաբանությունը հետեւյալն էր՝ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը երկու ձեռքով կողմ էին արտահայտվում, իսկ մյուսները ներկայացնում էին, իրենց ասելով, «լրջագույն» վտանգները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը Իրանի հայ համայնքի հետ արդեն խոսել է այս արձանագրությունների շուրջ, եւ իր կարծիքով՝ «Միգուցե արժեր Սփյուռքի հետ քննարկումները կազմակերպել ավելի վաղ»: ԱԳ նախարարը մի քանի անգամ՝ «Ոչ, մեկ անգամ եւս՝ ոչ» բառակապակցությունը գործածելով՝ հայտարարեց, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, ցեղասպանությունը կասկածի տակ չի առնվում, ճանաչումը չի խոչընդոտվում եւ կապ չկա Ղարաբաղի հարցի եւ արձանագրությունների միջեւ:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց՝ «երբ մեկին ուզում են թունավորել, բաժակի վրա թույն չեն գրում», եւ եթե արձանագրություններում չկա նախապայմաններ բառը, դեռ չի նշանակում, որ դրանք իրականում չկան: Նաեւ հայտարարեց, որ հարկավոր է բացահայտել եւ չեզոքացնել հասարակությանը թյուրիմացության մեջ գցող, ապակողմնորոշող եւ ժողովրդի զգոնությունը թուլացնելուն ուղղված բոլոր միջոցները: Պարոն Ռուստամյանի գնահատմամբ, «կրկին նույնանման թեզն է արտահայտվում, ինչը տեղի ունեցավ 97-ին: Այդ ժամանակ դա հնչում էր այսպես՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել եւ Ադրբեջանի շրջափակման մեջ ենք»: Հիմա էլ՝ հայ ժողովուրդը լավ չի ապրի, քանի սահմանները Թուրքիայի հետ փակ են եւ մեկուսացման մեջ ենք: Այսպիսի մոտեցումներին դեմ լինողները այն ժամանակ որակվեցին որպես պատերազմի կուսակցություն, հիմա՝ որպես Թուրքիայի հետ հավերժ թշնամության պահանջներ ներկայացնելու կողմնակիցներ»:
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանի դիտարկմամբ, արձանագրության մեջ գրված է, որ կողմերը որոշում են բացել սահմանը, իսկ սա նենգափոխում է այն, ինչ գոյություն ուներ 16 տարիների ընթացքում, եւ Հայաստանը սրա տակ ստորագրելով՝ շատ մեծ զիջում է անում Թուրքիային. «Խոսվում է նախապայմաններ չլինելու մասին, ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ նախապայմաններ էր դնում Թուրքիան տարիներ շարունակ: Դրանցից մեկը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումն է: Արդեն մեկ տարի է, ինչ այն սառեցված է, եւ ստեղծվող ենթահանձնաժողովում շարունակվելու է այդ գործընթացը: Երկրորդ նախապայմանը սահմանի ճանաչումն է. սա այս արձանագրությունների մեջ է: Երրորդ նախապայմանը վերաբերում է ԼՂ խնդրին: Ասվում էր, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն հարակից շրջաններից: Ուզում եմ հիշեցնել, որ մադրիդյան սկզբունքների առաջին կետը հենց դրան է վերաբերում, որ այդ տարածքները պիտի վերահանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ առանց վերապահության: Այսինքն՝ մադրիդյան սկզբունքների նախագծում Թուրքիայի նախապայմաններից մեկը կատարման ընթացքի մեջ է, երկրորդը արձանագրություններում է ներառված, երրորդը փաստացիորեն է արդեն կատարվում: Երեք նախապայմաններն էլ կամ կատարվում են, կամ կատարման ընթացքի մեջ են: Եթե ամեն ինչ կատարվում է եւ ընթացքի մեջ է, ինչո՞ւ պիտի Թուրքիան նախապայմաններ դնի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բոլորը արդեն կողմնորոշված են. «Անհույս փորձ է մեկը մյուսին բան համոզելը: Բոլորս ենք ասում, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտությունը կա»: Միաժամանակ նշեց, որ «որեւէ ջերմության կամ բարիդրացիական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, նույնիսկ, եթե թուրքական կողմը ցեղասպանությունը ընդունի: Դա այնպես չի, որ մենք պիտի մտածենք եւ անընդհատ խոսենք, որ դա պատմական իրողություն է: Ցեղասպանությունը ինքը արդիական երեւույթ է, դա պատմական իրողություն չէ, մենք դրա հետեւանքներն ենք»: Անդրանիկ Թեւանյանը «քիրվայություն» որակելով հայ-թուրքական այս ողջ գործընթացը՝ հայտարարեց. «Ես ուղղակի դիմում եմ նաեւ հանրապետականներին, որոնցից շատերը՝ իրական հանրապետականները, այսօր դահլիճում չեն՝ էս ի՞նչ օրն եք ընկել»: Դահլիճում աղմուկ բարձրացավ, հնագույն ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը դիրքավորվեց ամբիոնի մոտ, Թեւանյանը դիմեց առաջին շարքում նստած՝ ընդվզող Սուքիաս Ավետիսյանին՝ «Ես ձեզ հետ կզրուցեմ, եթե դուք կարիք ունեք», իսկ լսումները վարող Արմեն Ռուստամյանը խնդրեց՝ «Մի շեղվեք»: «Հայաստանում նախաձեռնված այս թամաշան ձեր սրտով էլ չէ, ինքներդ էլ չեք հավատում ձեր ասածներին,- շարունակեց պարոն Թեւանյանը:- Արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը տանում եք մի գործընթացի, որը պատերազմի պատճառ կդառնա, եւ սրա համար դուք քաղաքական պատասխանատվություն կկրեք»: Վերջում «պատերազմ» չեղավ, ինչպես ակնկալում էին լրագրողները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս վիճակը ստեղծվել է այն պարզ պատճառով, որ «մենք թույլ ենք տվել մեր երկրում այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որպեսզի Հայաստանում լինեն ուժեր, որոնք իրենց պարտավորված զգան երկիրը փրկելու համար գնալ այսպիսի միակողմանի զիջումների: Եթե 90-ականներին մենք ականատես էինք բացահայտ ցինիզմի, անսկզբունքայնության եւ աղաղակող անգրագետ դիլետանտիզմի, անցած վերջին 10 տարիները աչքի ընկան մերկ, կոշտ, բացահայտ պրագմատիզմով, ապա հիմա մենք տեսնում ենք նույն կոշտ, մերկ, բացահայտ պրագմատիզմը, որին գումարվում է ցինիզմը, եւ որին գումարվում է նույն անգրագետ դիլետանտիզմը բոլոր հարցերում, բայց այս անգամ՝ քիթը վեր ցցած, որովհետեւ արդեն մի քանի անգլերեն ֆրազ են սովորել»: Նրանց, «ովքեր այդքան ոգեւորված են ճանապարհի բացումով», Վահան Հովհաննիսյանն ասաց, որ կառուցվող Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթուղու մի փոքրիկ ճյուղից օգտվելու համար «մենք այսօր պատրաստ ենք զիջելու այն ամենը, ինչի մասին այստեղ խոսվեց»: Զգուշացրեց, որ «պետական շահը եւ ազգային շահը երբեք հակադրված չեն լինում»: Նաեւ զգուշացրեց. «Մեր երկրում ոչ ոք մինչեւ հիմա իր լրջագույն սխալների համար պատասխանատվություն չի կրել: Նրանք, ովքեր այս պատասխանատվությունը կվերցնեն իրենց վրա, պիտի գիտակցեն, որ պատասխանատու են լինելու ոչ թե հաջորդ ընտրությունների, այլ պատասխանատու են լինելու ողջ հայոց պատմության առջեւ»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը վիրավորեց ներկաներին՝ հայտարարելով. «Կարծես ոչ թե ԱԺ-ում ենք, այլ կրկեսում, որտեղ դուրս եկող ամեն նոր կենդանու ծափահարում են»: Այս խոսքերին նախորդել էին «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանի, խմբագիրներ Գեղամ Մանուկյանի եւ Արիս Ղազինյանի բավականին սուր քննադատական ելույթները: Պատգամավորի այս արտահայտությունը փոթորիկ բարձրացրեց դահլիճում, ներկաները սկսեցին պատիվ պահանջել, իսկ նրա պահվածքը դրդեց շատ-շատերին լքել դահլիճը:
«Իմ հայրենակիցներին վիրավորելու համար դու պատասխան ես տալու»,- երիտասարդ պատգամավորին նախատեց «Նոր Հայաստան» կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը: Նա նախ արձանագրությունը գովերգողներին հարցրեց. «Դուք ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էքսկուրսիա՞ եք գնում», ապա արձանագրեց, որ պատմությունը կրկնվում է, եւ ինքը սարսափում է նրանից, որ կանգնած ենք պետականություն կորցնելու, ցեղասպանության եւ հերթական դավաճանության վտանգի առջեւ: Նա հանրապետական պատգամավորներին եւ իշխանությանը խնդրեց, պահանջեց հրաժարվել այս արձանագործությունները ստորագրելուց:
«Դա գաղութատիրոջ պահվածք էր գաղութացված երկրի ղեկավարի նկատմամբ»,- թեման շարունակեց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Այվազյանն ու ավելացրեց. «Ինչո՞ւ մեր իշխանությունը չի մեկնաբանում Թուրքիայի հայտարարությունները Օսմանյան կայսրության վերականգնման վերաբերյալ: Իսկ Օսմանյան կայսրությունը մեզ համար ցեղասպանություն է»: Այվազյանը հայտարարեց նաեւ. «Մեր ղեկավարությունը չի պաշտպանում իր ժողովրդի շահը ոչ մի ասպարեզում: ՀՀ իշխանությունները հրաժարվում են իրենց ուղղակի, հիմնական պարտականությունից, նրանք հրաժարվում են ժողովրդին պաշտպանելուց»:
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ բոլոր այն պնդումներին, թե ստեղծվելիք հանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, հեգնեց. «Ինչ լավ է, ես էլ մտածում էի, թե որպես պատմաբան ինձ պիտի առաջարկեն մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, հիմա թող օրգանական քիմիայի մասնագետները զբաղվեն այդ հարցով»:
Նա նաեւ զգուշացրեց, որ արձանագրությունները ստորագրելուց հետո եթե ինքը որպես պատմաբան մի գիտաժողով փորձի կազմակերպել, ասենք, Վանի խնդիրներով, իրեն կմեղադրեն բարիդրացիական հարաբերությունները խախտելու համար: Մելքոնյանը, հայտարարելով, որ դեմ է արձանագրություններին եւ մեկ առ մեկ ներկայացնելով փաստարկները, վերջում ասաց, որ եթե այնուամենայնիվ պետք է ստորագրվեն դրանք, թող խորհրդարանը մի արձանագրություն կազմի, որ եթե կողմերից մեկը խախտի պայմանագիրը, այն դադարեցվի երկուստեք, այլապես հիմա սահմանը կբացվի, հետո մի պատրվակով թուրքերը ինչ արագությամբ բացել են շլագբաումը, նույն արագությամբ էլ կփակեն, իսկ պայմանագրերը կմնան իրենց ձեռքում, մենք էլ ինչպես հիմա մղկտում ենք Ղարսի պայմանագրի համար, վաղն էլ մղկտալու ենք այս արձանագրությունների վրա:
Լրագրող Արիս Ղազինյանն էլ, մեջբերելով արձանագրությունից այն կետը, որով ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, նկատեց, որ այդ դեպքում մեխանիկորեն ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դրանից հետո՝ մյուս կետով, որով պարտավորվում են չմիջամտել այլ երկրների ներքին գործերին, ստացվում է, որ ՀՀ-ն իրավունք չի ունենալու մասնակցել ԼՂՀ խնդրի կարգավորմանը:
Բավականին քննադատական եւ սուր ելույթ ունեցավ անգամ հանրապետական Մանվել Բադեյանը, որի միակ փաստարկը, որ պետք է ստորագրել արձանագրությունները, այն էր, որ ժամանակը աշխատում է ոչ թե մեր օգտին, այլ մեր դեմ: Բայց նրան մտահոգում է երկրում ստեղծված օլիգարխիկ համակարգը, կոռումպացվածությունը, նրա կարծիքով, կոռումպացված չինովնիկները պատրաստ են վաճառել ամեն ինչ եւ ամենքին: «Արդյոք այս պայմաններում մենք պատրա՞ստ ենք գնալ այս քայլին»,- թերահավատորեն ասում է Բադեյանը՝ միաժամանակ ասելով, որ այս արձանագրությունները այսօր չէ, վաղը, միեւնույն է, մենք ստիպված ենք լինելու ստորագրել:
Ըստ «Ա1+»-ի