Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՐԴԻ ԼՈԼՈ ՉԿԱՐԴԱՔ»

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"

Զգուշացնում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

– Հայ-թուրքական թեմայի շուրջ երեկվա խորհրդարանական լսումներին հրավիրված էր նաեւ ՀԿԿ-ն, սակայն չմասնակցեցիք: Ինչո՞ւ:

– ՀԿԿ-ն իր կարծիքը այդ թեմայի վերաբերյալ շատ վաղուց է արտահայտել եւ իր առաջարկները արել է սեպտեմբերի 11-ին տարածած կենտկոմի հայտարարությամբ: Ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, երբ տասն օր հետո այդ փաստաթղթերը պետք է ստորագրվեն: Եվ ինչո՞ւ այդ քննարկումները որոշեցին կազմակերպել այն օրերին, երբ նախագահը բացակայելու է երկրից: Սրանք լուրջ մտահոգության տեղիք տվող հարցեր են, որոնց շուրջ երկար մտածելուց հետո որոշեցինք չմասնակցել: Խառնվել մյուսների կարծիքին եւ ձուլվել այդ կարծիքներին՝ ՀԿԿ-ն չի պատրաստվում: Մեր ինքնուրույն կարծիքը մենք պաշտպանելու ենք մինչեւ վերջ:

– Ասացիք՝ «մի քանի օրից արձանագրությունները ստորագրվելու են». հստակ տեղեկություններ ունե՞ք, թե՞ դատում եք թուրքական կողմից հնչած հայտարարություններից:

– Ես կարսեցու որդի եմ եւ որեւիցե թուրքի չեմ հավատում, անկախ նրա գրաված պաշտոնից ու դիրքից: Այն, ինչը ես տեսել եմ իմ պատանեկության տարիներին, ինչն իմ մայրական կաթի հետ մտել է մեջս՝ արյանս հետ դուրս կգա: Այն երկիրը, այն ազգը, որը կոտորել է հայերին, որը մինչեւ օրս էլ սադրանքներով նորից աչքը դնում է Հայաստանի վրա՝ ես նրանց ոչ մի խոսքին էլ չեմ հավատում եւ չեմ հավատալու մինչեւ վերջ: Թուրքիան մնում է Թուրքիա: Նրա ամբողջ էությունը մնում է նույնը: Ես ափսոսում եմ, որ այդ հարցերը մենք այսօր դարձրել ենք չգիտեմ ինչ ու անընդհատ խոսում ենք դրանց մասին: Մի քանի տարի հետո պարզ եւ ակնհայտ կդառնա՝ ինչ ասել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, որովհետեւ, կրկնում եմ, այն առաջարկները, որոնք կան նախաստորագրված արձանագրություններում՝ լուրջ որոգայթներ են պարունակում:

– ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» որոշեցին համատեղ պայքարել իշխանության այս նախաձեռնության դեմ: Արծվիկ Մինասյանն էլ երեկ հայտարարեց, որ այլ ուժեր էլ կմիանան, նույնիսկ արդյունքում ազգայնական ճակատ կստեղծվի: Քանի որ ՀԿԿ-ն եւս ազգայնական մոտեցումներ ունի հարցին՝ հնարավորություն տեսնո՞ւմ եք այդ համագործակցության:

– Երբեք այդպիսի բան լինել չի կարող: Ես չեմ հավատում Դաշնակցությանը, որովհետեւ այդ կուսակցությունը մեր պատմության մեջ անմոռանալի հետքեր է թողել՝ բացասական իմաստով: Թող հրապարակեն՝ տեսնենք, թե ովքե՞ր են մտնում այդ ճակատի մեջ, իսկ ճակատի պնդաճակատությունը կտեսնենք: Իսկ Րաֆֆիի քայլերը անլրջություն եմ համարում:

– Նախորդ օրը, հանրային խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, խոսելով Կարսի պայմանագրի եւ ըստ դրա՝ հայ-թուրքական սահմանը ճանաչելու մասին, նախագահը ասել էր, որ ԽՍՀՄ-ը հինգ անգամ ճանաչել է Կարսի պայմանագիրը, եւ ԱՊՀ-ն էլ, իբրեւ ԽՍՀՄ իրավահաջորդ, վերաճանաչել է դա: «ԱՊՀ մտնելուց մի վերապահում անեիք», առաջին նախագահին հեգնել է Ս. Սարգսյանը, բայց քանի որ ՀԿԿ-ն եւս այսօր դեմ է արտահայտվում Կարսի պայմանագրին՝ ինչո՞ւ Հայաստանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու ժամանակ այդ հարցը չէիք բարձրացնում, մանավանդ, որ այդ պայմանագիրը բոլշեւիկներն էին ստորագրել:

– ԱՊՀ երկրներն ովքե՞ր էին ղեկավարում. ՌԴ-ն՝ անկառավարելի Ելցինը, Հայաստանը՝ չգիտես ով, մյուս երկրներին էլ շա՞տ էր հետաքրքրում այդ պայմանագիրը, որ ընդդիմանային: Այն, ինչը սովետական էր, բոլորը ի չիք էին դարձնում, ո՞վ ընդդիմանար: Բայց հարցն այն մասին է, թե ի՞նչ պայմաններում էր կնքվում Կարսի պայմանագիրը, ի՞նչ պայմաններում՝ այսօրվա արձանագրությունները: Այն ժամանակ պետք էր փրկել փոքրիկ Հայաստանը. չփրկեի՞ն բոլշեւիկները փոքրիկ Հայաստանը, չպահպանեի՞ն: Ես բազմիցս բերել եմ օրինակները՝ ինչ տարածքից ինչքան հասանք, ինչ բնակչությունից ինչ դարձանք: Այնպես որ՝ թող քրդի լոլո չկարդան: Այն ժամանակի համար Կարսի պայմանագիրը ճիշտ էր: Այսօր ունենք անկախ Հայաստան, եւ բոլորովին այլ պայմաններ են. եթե բոլշեւիկները ժառանգեցին աղքատ, հիվանդ, գաղթականներով լի, առանց արդյունաբերության, գիտության ու կրթության երկիր, այս սերունդը ժառանգեց 54 միլիարդանոց, կառուցած, պատրաստի երկիր: Այնպես որ, այսօր այդ ինքնիշխանությունն ավելի ցայտուն պետք է երեւա: Այսպիսին են ժամանակները. հենց իրենք չեն կարողանում երկիրը ղեկավարել, ասում են՝ Ստալինն էր մեղավոր: Ստալինը մահացել է 1953 թվականին, նրանից հետո եկած սերունդները վաղուց թոշակի են անցել՝ երկիրը ղեկավարելուց հետո: Այսպիսին է ԱՄՆ-ի պահանջների տակ պարող այս համակարգը, որը ամեն կերպ ջանում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածքից՝ բոլոր հզորությունները թողնելով Թուրքիայի ղեկավարմանը: Բայց Թուրքիայի պարանին ցախ դնել չի լինի. ժամանակը ցույց կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել