Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության հրավերով հոկտեմբերի 2-ին «Միկա» մարզադաշտում կկայանա հայ եւ վրացի վետերան ֆուտբոլիստների ընկերական հանդիպումը:
Այս առիթով Վետերանների միությունում ասուլիս էր կազմակերպվել: «Առավոտը» նշված ժամին միությունում էր ու մոտ մեկ ժամ համբերատար սպասում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների ժամանմանը: Այդ ընթացքում հասցրինք զրուցել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների հետ: Հասցրինք, քանի որ լրագրողներն այդպես էլ չեկան ու ասուլիսը չկայացավ: Հետո հավաքվածները որոշեցին «մի կտոր հաց ուտել»: Ու սկսվեց այսօրվա ֆուտբոլին վերաբերող թեժ քննարկումը:
Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ վետերան ֆուտբոլիստները հաճախ են ընկերական խաղերով հանդես գալիս, առաջիկայում էլ նախատեսված են հանդիպումներ Սոչիում ու Կրասնոդարում: Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին մասնակցելու են «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստներ Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Խորեն Հովհաննիսյանը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Էդուարդ Մարկարովը, Նիկոլայ Ղազարյանը, ինչպես նաեւ վետերան այլ ֆուտբոլիստներ՝ Տիգրան Գսպեյանը, Բաբկեն Մելիքյանը, Երվանդ Կրբաշյանը, Սերգեյ Հայրբաբամյանը, Ռաֆիկ Գալստյանը: Թբիլիսիի «Դինամոյից» կլինեն Ալեքսանդր Չիվաձեն, Ռամազ Շենգելիան, Վլադիմիր Գուցաեւը, Լեւան Նոդիան, Թենգիզ Սուլակվելիձեն եւ այլք:
Ալյոշա Աբրահամյանի կարծիքով՝ Հայաստանում ֆուտբոլի ցածր մակարդակի պատճառը համապատասխան ծրագիր չունենալն է, իսկ հոկտեմբերին կայանալիք Թուրքիա-Հայաստան խաղի մասին մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ հայ ֆուտբոլիստները պատվով դուրս կգան. «Հաղթելը քիչ հավանական է, ոչ-ոքին՝ հնարավոր: Չենք կարող ժխտել, որ Թուրքիայի թիմը բարձր մակարդակի թիմ է եւ պատրաստվում է աշխարհի առաջնության եզրափակչին, իսկ մեր խնդիրը՝ պատիվ պահելն է»:
Սերգեյ Պողոսյանն էլ հիշում է. «Մեր ժամանակ դաշտ մտնելով՝ անմնացորդ նվիրվում էինք խաղին, թասիբով էինք խաղում, մեր հայրենիքի պատվի համար: Չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է դաշտ դուրս գալ ու կիսատ-պռատ խաղալ: Թուրքիայի ու Իսպանիայի թիմերն ուժեղ են, բայց երբեմն կարող է ուժեղ թիմ չլինել ու հավաքվելով՝ հաղթել»: Նա վստահ է՝ եթե Հայաստան-Թուրքիա խաղում հայերը տղամարդու, զինվորի պես դուրս գան ու իսկական ֆուտբոլ խաղան՝ արդյունք կլինի: «Արարատ 73-ի» ֆուտբոլիստը կարծում է նաեւ, որ Թուրքիայում կայանալիք խաղին հայերը, հետեւություններ անելով Երեւանում կայացած խաղից, ավելի լավ պատրաստված կլինեն: Հարցին, թե ընդհանրապես ինչպե՞ս է վերաբերվում պարտությանը, մեր զրուցակիցն ասաց. «Մեր ժամանակ պարտություններ հազվադեպ էին լինում, մեզ համար դա մեծ սուգ էր: Հիմա ջահելների գաղափարն է փոխվել. ֆուտբոլ պետք է խաղալ առաջին վայրկյանից մինչեւ 90-րդ րոպեն»:
Արկադի Անդրեասյանի կարծիքը ներկայիս հայկական ֆուտբոլի մասին հետեւյալն էր. «Մեր ֆուտբոլն այսօր այնքան էլ լավ վիճակում չէ, պակասում է վերաբերմունքը, չեմպիոնատն անցնում է, բայց ոչ այնքան լավ մակարդակով… Անձնականը երբեմն շատ է խանգարում խաղին: Այն, որ այսօր հայկական ֆուտբոլը լավ վիճակում չէ, մեղավոր են բոլորը՝ վերեւից ներքեւ: Վատն այն է, որ վերլուծում չկա, թե ինչո՞ւ է այսպես: Բոլորը նախընտրում են այն թիմերը, որոնք կապված են ֆեդերացիայի նախագահի կամ «դրսի» ֆինանսավորման հետ: Միայն լավագույններին հավաքելը քիչ է, նրանց պետք է նաեւ «բացել»: Ա. Անդրեասյանի խոսքով՝ ֆուտբոլիստը պետք է նախ խաղա պատվի համար, իսկ գումարը զուգահեռ պիտի լինի: Բայց այսօր հայ ֆուտբոլիստները առաջնահերթը փողն են համարում, հետո նոր՝ պատիվը: Թուրքիայի հավաքականի հետ սպասվելիք խաղի մասին էլ նշեց. «Թուրքերի հետ Երեւանում կարող էինք ոչ-ոքի խաղալ, այստեղ չխաղացինք, մեր թիմին պակասում էր պատրաստվածությունը, չկար այն եռանդը, որ, ա՜յ, թուրքերի հետ ենք խաղալու, ֆուտբոլիստները նաեւ հոգեբանորեն պատրաստված չէին: Սեփական դաշտում խաղալիս այդ օրը մենք քամու ուղղությունով էինք խաղում, բայց դա էլ չկարողացան օգտագործել»:
Էդուարդ Մարկարով. «Այսօր մեր ֆուտբոլը պրոֆեսիոնալիզմով ցածր մակարդակի վրա է, այսօր չենք կարող համեմատվել թուրքերի հետ: Կարող ես պարտվել, բայց ցույց տալ, թե ինչի ես ընդունակ: Մենք որ դուրս էինք գալիս դաշտ՝ մոռանում էինք գումարի մասին, նույնն է նաեւ այսօր»:
Խորեն Հովհաննիսյան. «Ամեն ինչ հնարավոր է, իհարկե՝ պարտության դեպքում վատ կզգանք: Խորհրդային միության ժամանակ մենք խաղում էինք պատվի համար ու այն ժամանակ գրեթե բոլոր ֆուտբոլիստները ապահովված էին, պետությունն ապահովում էր նրանց ծախսերը»: