Աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Ռովշան Բայրամովը ադրբեջանցի մարզասերների առջեւ արդարանալով նշել է, թե Հերնինգում Ռոման Ամոյանից կրած իր պարտությունը պատահականություն էր: «Մինչ այդ ես նրան չորս անգամ հաղթել եմ,- արդարացել է նա «Azerisport»-ի թղթակցին տված հարցազրույցում:- Հինգերորդ անգամ հաղթանակը նրա կողմը եղավ: Հավանաբար դրանում դեր խաղաց իմ հոգնած լինելը: Չեմ կարծում, թե Ամոյանին կհաջողվի կրկնել Դանիայի իր հաջողությունը»:
Լրատվամիջոցները, մասնավորապես «Regnum» գործակալությունը, ճշտում են մտցնում Բայրամովի արտահայտություններում՝ նշելով, որ խոշոր մրցաշարերում Բայրամովն Ամոյանին հաղթել է ոչ թե չորս, այլ երեք անգամ՝ 2007-ին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում, Տամպերեում անցկացված Եվրոպայի 2008 թ. առաջնությունում եւ Պեկինի օլիմպիական խաղերում: