Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնել է բասկետբոլի խնդիրներով

Հոկտեմբեր 01,2009 00:00

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի ղեկավար Գեորգիս Վասիլակոպուլոսի հրավերով երեկ մեկնեց Աթենք՝ հանրապետությունում բասկետբոլի զարգացման հետ կապված մի ամբողջ շարք հարցեր քննարկելու նպատակով:

Դեռ 2008 թվականին ՖԻԲԱ-ն ձեռնամուխ է եղել մի ծրագրի իրականացման, որը պետք է նպաստի Հայաստանում մարզաձեւի զարգացմանը: Թե ինչպե՞ս է դա կյանքի կոչվելու, վերջնականապես հայտնի կդառնա Ռոստոմյան-Վասիլակոպուլոս հանդիպումից հետո:

Իսկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունն իր հերթին տեղեկացնում է, որ Հայաստանի կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության մեկնարկի շեմին պայմանագրեր է ստորագրել չորս արտասահմանցի մարզուհիների հետ: Նրանք են՝ Իվո Սերդարը (Խորվաթիա), Բոյանա Վուլիչը (Սերբիա), Ջուլիան Վիանին (ԱՄՆ) եւ Տրուդի Մաուրիտան (Ջամայկա):

Ներկա պահին Վրաստանից եւս երկու բասկետբոլիստուհիներ՝ Նատիա Աբուլաձեն եւ Նատիա Ֆուտկարաձեն փորձաշրջան են անցնում «Հատիսում»:

Հիշեցնենք, որ «Հատիսը» Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակներում երեքական հանդիպումներ է անցկացնելու տանը եւ դրսում: Երեւանում մեր թիմը նոյեմբերի 17-ին ընդունելու է Ռուսաստանի «Չեվակատային», դեկտեմբերի 3-ին՝ Հունաստանի «Ատինաիկոսին» եւ դեկտեմբերի 17-ին՝ Թուրքիայի «Բեշկթաշին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել