Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴԱԼՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ՈՒ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հոկտեմբեր 01,2009 00:00

«Ես շարունակելու եմ ապրել ու ստեղծագործել: Երբեք չեմ դադարելու նկարել, ստեղծագործելու եմ այնքան, որքան ուժերս կներեն, որքան Աստված կկամենա»,- ասում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակների դափնեկիր Ռուբեն Ադալյանը, որը երեկ ծննդյան 80-ամյակի առիթով պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Նույն օրը Նկարիչների միությունում բացվեց նրա ցուցահանդեսը:

«Այդքան տարի ապրել եւ ստեղծագործել, հավատացեք, հեշտ չէ: Հաճախ տարիքս տարակուսանք է առաջացնում շատերի մոտ, բայց այդ երկար տարիների արդյունքում է ստեղծվում նմանատիպ ցուցահանդես»,- նշեց նկարիչը:

Նկարչի փոխանցմամբ. «Ես տեսնում եմ շատ շնորհալի նկարիչների, որոնց հաջողությունների մասին կլսենք մեկ տասնամյակ էլ չանցած: Այն ժամանակահատվածում, երբ ես եմ սկսել ստեղծագործել, այսքան հնարավորություն չի եղել: Այսօր ոլորտը բաց է բոլոր շնորհալիների համար»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով. «Այսօր ասելով Ռուբեն Ադալյան, հիշում ենք 60-70-ական թվականները: Այն ժամանակ ես դեռ երիտասարդ էի եւ Ռուբեն Ադալյանի արվեստով շատ էի հրապուրված, ինչպես եւ հիմա: Նա մի նկարիչ է, որը մեծ հետք է թողել հայ կերպարվեստում՝ իր յուրատեսակ նկարչությամբ, էքսպերսիայով, առանձնահատուկ ուշադրությամբ դեպի շարժումը, մարմինը, կենդանական աշխարհը, մարդկային հարաբերությունները: Կարծում եմ, նա այն նկարիչն է, որը կմնա մեր հայ կերպարվեստի մեջ»: Նկարչուհի Լուսիկ Ագուլեցու բնութագրմամբ էլ. «Ադալյանը կյանքի նկարիչ է, նրա նկարներում հոգի կա»:

Գավառի պատկերասրահի տնօրեն Ջուլիետա Ղարաբաղցյանի խոսքով, պատկերասրահի ցուցանմուշների մեջ կա Ադալյանի երկու գործ. «Ամեն անգամ, երբ այցելուներ ենք ունենում, նկատում եմ՝ ինչպես են նրա նկարների առջեւ երկար կանգնում եւ մանրազնին ուսումնասիրում: Սա ենթադրում է, որ Ռուբեն Ադալյանի աշխատանքները հետաքրքիր են ու գրավիչ: Լավ կլիներ, որ մեր պատկերասրահը ոչ միայն այդ երկու գործն ունենար, այլեւ շատ աշխատանքներ, որպեսզի պարծենար ժողովրդական նկարչի գործերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել