Գրաքննադատ, թարգմանիչ եւ գրող Ալեքսանդր Թոփչյանը՝ հասարակության ու գրականության խնդիրների մասին
Ալ. Թոփչյանը տիկնոջ՝ դերասան, արձակագիր ԱնահիտԹոփչյանի հետ:
Վերջերս լրացավ գրաքննադատ, թարգմանիչ եւ գրող Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան 70-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում նա ժպտալով ասաց, որ իր գրական կարիերան իրականում դեռ նոր է սկսվում, վկան՝ լույս տեսնող գրքերը, հոդվածները, աշխատանքի ծավալն ու ծարավը. «Ծրագրեր ունեմ, որոնք քիչ թե շատ խոհեմ մարդը պիտի զսպեր, որովհետեւ դրանք առնվազն 10 տարվա աշխատանք են, բայց ես չեմ ընկրկում: 2-3 վեպի ծրագիր ունեմ, գրքեր կան, որոնք երազել եմ թարգմանել: Եթե Աստված առողջություն տա, անպայման կհասցնեմ…»: Մեր զրուցակցին հարցրինք՝ գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը ներքին կռիվների մեջ չի՞ մտնում գրող Թոփչյանի հետ, արդյո՞ք իր նկատմամբ էլ նույնքան պահանջկոտ է, որքան ուրիշների: «Ընդհանրապես, եթե մարդը որեւէ մեկին պահանջ է ներկայացնում, դրա կրկնակին իրեն պիտի ուղղի, որպեսզի բարոյական իրավունք ունենա քննադատելու, դիտողություն անելու… Ավետարանական հայտնի ասույթը՝ «Մի դատիր, որ չդատվես», ես մեր իրականության մեջ հասկանում եմ ավելի կիրառական ձեւով. Հիսուսն ասում էր, որ կա Աստծո դատաստանը, ու մարդիկ իրենց վրա Աստծո պատասխանատվություն չպիտի վերցնեն… Բայց մյուս կողմից էլ, Շուշանիկին նվիրված իմ պիեսում արտահայտություն կա, որ այդքան աղբ չպիտի թողնենք Աստծուն մաքրելու… Այսինքն, եթե դու ինքդ քո հանդեպ ունես այդ խստապահանջությունը, դա դառնում է ոչ թե ուրիշներին դատապարտելու մոլուցք, այլ ցանկություն, որ աշխարհում ամեն ինչ համերաշխ լինի»,- պատասխանեց Ալ. Թոփչյանը:
«Առավոտի» դիտարկմանը, որ տարիներ առաջ գրված իր երկու գրքերը՝ «Բանկ «Օտոման», «Եվ անգամ մահից հետո», այսօր արդիական են, մանավանդ հիմա շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների, սահմանի բացման եւ այլնի մասին, հեղինակը պատասխանեց. «Դա մի նյութ է (նկատի ունի հատկապես «Օտոման» բանկի պատմությունը- Գ. Հ.), որ, ցավոք սրտի, դեռ երկար ժամանակ պիտի զուգադիպի մեր քաղաքական ընդհանուր գծին: Եթե անգամ հրաշք կատարվի, եւ թուրքերն ընդունեն իրենց ոճրագործությունը, դա չի նշանակում, թե նույն օրը պիտի մոռանանք կատարվածը: Տա Աստված, դա լինի, եւ մենք գտնենք դժվարին ուղին թուրքերի հետ հարաբերվելու: Մի բան պարզ է՝ հարաբերությունները պետք է նորմալացվեն: Ինչ-որ նվազագույն մակարդակ պիտի լինի, թեկուզ մեր ծրագրերն իրականացնելու համար, որովհետեւ, երբ երրորդ պետությունն է միջնորդը, նա էլ իր շահերն է հետապնդում: Ենթադրենք, որ ամեն ինչ լավ անցավ, բայց դա պարտք վերցրած գումար չէ, որ տվեցինք՝ վերջացավ: Ոճիր է կատարվել մարդկության հանդեպ, որը միշտ պետք է քննարկվի, պատճառաբանվի, բացատրվի եւ քավության հանգամանքը անցնի սերնդեսերունդ: Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները օրինակ կարող են լինել աշխարհի բոլոր ժողովուրդներին… Ֆրանսիացիք եւ գերմանացիք այսօր իրար համարում են գրեթե եղբայր ժողովուրդ, բայց դա չի խանգարում, որ ֆրանսիացիք զուգահեռաբար ֆիլմեր նկարեն այն մասին, թե գերմանացիք ինչ ահավոր բաներ են արել Ֆրանսիային, նաեւ գրքեր են գրվում, հեռուստատեսային հաղորդումներ պատրաստվում: Սա վրեժխնդրություն չէ, փորձ է՝ շարունակ վերլուծելու, հասկանալու կատարվածը… Վերադառնալով գրքերին, նշեմ, որ կոնկրետ բանկ Օտոմանի պատմության մասին մտածել եմ ավելի շուտ, բայց գրել 2005 թվականին: Այն զարմանալիորեն համահունչ է այսօրվա Հայաստանի՝ Եվրոպայի եւ ընդհանրապես աշխարհի հզորների հետ ունեցած մեր հարաբերություններին: Պատմությունը ցույց է տալիս, որ հզորների, Եվրոպայի հետ բոլոր հարաբերությունները ավարտվել են ի վնաս մեզ՝ արյունալի հետեւանքներով: Պատմությանը ես նայել եմ հայ մտավորականի տեսանկյունից՝ առանց որեւէ քաղաքական եւ կուսակցական շահերի: Գտնում եմ, որ արդարության ծարավի եւ ազատության համար թափված արյան վրա չպետք է թքել: Ինչ վերաբերում է Ռուբեն Սեւակի ճակատագիրը վեպի նյութ դարձնելուն, ասեմ, որ ինձ ուղղակի հմայել էր այդ մարդու կերպարը: Գեւորգ Էմինի խոսքով ասած՝ մենք գրական տաղանդներ շատ ունենք, բայց բարոյական տաղանդներ մատների վրա կարելի է հաշվել: Սեւակի մոտ ինձ գերել է հենց այդ մարդու ամբողջականությունը. նա գրել է այնպես, ինչպես ապրել է եւ ապրել է այնպես, ինչպես գրել է: Նրա բառն ու գործը միշտ համերաշխ են եղել: Սեւակը հրաժարվեց մահմեդականություն ընդունելու գնով փրկությունից, որովհետեւ դեմ էր բռնությանը… Սեւակը ուղղակի սիրունիկ տղա չէր, մի իդեալ էր, որ ցանկալի կլիներ ամեն աղջկա: Նա մարմնավորում էր մեռնող ասպետականությունը»: Տեղյակ լինելով, որ ֆիլմի սցենարի սկզբունքով գրված «Բանկ Օտոման», «Եվ անգամ մահից հետո» գրքերը Ա. Թոփչյանը հանձնել է ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանին՝ հետագայում ֆիլմի վերածելու ակնկալիքով, հեղինակից հետաքրքրվեցինք, ստացե՞լ է դրական պատասխան սերիալներ նկարող «Հ1»-ից: «Ես 10 տարի կինոաշխարհում աշխատել եմ, ու այդ տեխնիկան ինձ ծանոթ է: Հատկապես «Եվ անգամ մահից հետո»-ն սերիալների էսթետիկայով եմ արել, հանձնել պարոն Հարությունյանին, բայց առայժմ արձագանք չկա: Եթե անգամ անդրադարձ էլ լիներ, ոչ սա, ոչ էլ մյուս ֆիլմը մեր տեխնիկայի ֆինանսական բազայով չենք կարողանա նկարել, էլ չեմ խոսում պրոֆեսիոնալիզմի մասին… Նկատի ունեմ եղած սերիալների «էսթետիկան», որի աղբամաններն են դարձել մեր էկրանները…»,- պատասխանեց նա:
Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ, 50-ամյա գրական գործունեությամբ Ալ. Թոփչյանին չէինք կարող չհարցել՝ արդյո՞ք ՀԳՄ-ն իր բարձրության վրա է, քաղաքացի՞ են այսօրվա գրողները եւ ստեղծվո՞ւմ է ժամանակի քննությանը դիմացող գրականություն: Նա ասաց, որ չի ուզում գրականությունը խառնել Գրողների միության հետ: Նաեւ հավելեց. «Գրողների միությունը մի մարմին է, որն առաջնորդվում է իր սկզբունքներով: Այնտեղ գործում է ձայն բազմացը, իսկ դա նշանակում է՝ 400 հոգի: Եվ եթե քիչ թե շատ պահանջկոտ սկզբունքներով մոտենանք նրանց, ապա առանց վարանելու կարելի է ասել, որ ՀԳՄ անդամներից 350-ը, մեղմ ասած, չեն բավարարում մեր պատկերացումները գրականության մասին, էլ չեմ ասում, որ այնտեղ կեսը այլեւս չի գրում՝ ի բարօրություն մեր ժողովրդի: Փոխարենը կա գրամոլների հսկա բանակ, որոնք ամեն օր գիրք են տպագրում եւ փողոցի ամեն մի անկյունում սրա-նրա գրպանը խոթում… Իրականում այսօրվա գրականությունը ստեղծվում է 40-50 հոգու ջանքերով: Այն սպասումները, պոտենցիալը, որ պիտի հնարավորություն տար հայ գրականությանը եւ Գրողների միությանը լինելու իր բարձրության վրա, ցավոք, չենք տեսնում: Կան որոշակի հանգամանքներ, առաջին հերթին՝ ժամանակը, որ խանգարում է դրան: Արժեքների համակարգից հասարակական, մանավանդ՝ գեղարվեստական գրականությունը պարզապես շպրտվել է դուրս, դա արվել է գիտակցաբար եւ տարերային: Ժամանակին ԽՍՀՄ-ն իր արտաքին քաղաքականության մեջ գեղարվեստական արժեքներն օգտագործում էր: Շոստակովիչը, Սարյանը եւ մյուսները արտաքին քաղաքականության զենքեր էին, որոնք մշակութային դիվիդենդներ էին բերում նույն արտաքին քաղաքականությանը, իսկ այսօր այդպես չէ…»: Վերադառնալով Գրողների միությանը եւ գրողի կերպարին, Ալ. Թոփչյանին հարցրինք՝ ամեն դեպքում ՀԳՄ անդամ լինելով ի՞նչ է փոխվում իր համար: Նա ասաց, որ դա իր գրական պրոցեսի հետ կապ չունի եւ ընդամենը հասարակական պարտականություն է: «Ինչպես արդեն ասացի, միությունը իր բարձրության վրա չէ, հիմնական մեղավորն էլ ժամանակն է ու արժեքների խախտված համակարգը: Այսօր քառակուսի գլխով մի երգիչը ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան գրողը: Արվեստ սպառողների մեջ հաջողություն ունեն այն ժանրերը, որոնք չեն պահանջում ինտելեկտուալ լարում: Ցավոք, ոչ միայն գրականության, այլեւ մեր ազգային նկարագրի հանդեպ դիվերսիա է սկսված: Հիմա, առավել քան երբեւէ, հատկապես Գրողների միությունը ավելի ամուր լինելու համար պիտի ճշտի իր քաղաքականությունը, կողմնորոշվի դեպի արժեքները, բարձր նպատակներ դնի իր առաջ: Այսօր չունենք գեղեցիկի իդեալ, կա դրական հերոսի խնդիր: Պատահական չէ, որ եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում հետաքրքիր ռենեսանս է սկսվում՝ գողականների իդեալականացում: Բացատրությունն էլ այն է, որ գողականներն իրենց լավուվատ կողմերով հանդերձ՝ ունեն հստակ սկզբունքներ, որը խախտողը պատժվում է: Մյուս կողմից էլ, երեւի այդ գողականներն այսօր ավելի լավն են, քան ազգային հորջորջվող շատուշատ բաներ, դրա համար էլ երիտասարդների մի մասը փորձում է նմանվել նրանց: Հարկավոր է արժեքային համակարգի վերականգնում՝ առաջին հերթին Գրողների միությունում: Ճիշտ է, ՀԳՄ-ում իրենց ունեցած տոմսի հաշվին բոլորը հավասար իրավունքներ ունեն, բայց պիտի տաղանդի օրենքին նախապատվությունը տալ: Տաղանդավոր մարդիկ են իմաստ տալիս Գրողների միությանը»,- համոզված է Ալեքսանդր Թոփչյանը: