Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում Անգելա Մերկելի տարած հաղթանակն ու իշխանությունը աջակենտրոն ուժերի ձեռքում կենտրոնացնելը վերջ են դնում Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի հույսերին: Լոնդոնում լույս տեսնող The Daily Telegraph-ի մատուցմամբ, այս շաբաթ Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ նրան հաղորդել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության առնչությամբ Գերմանիայի քաղաքականությունը վերանայվում է: «Արդյունքում՝ Գերմանիայի ընտրություններում գլխավոր պարտությունը կրած կողմը դարձավ Թուրքիան»,- ընդգծել է պարբերականը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Գերմանիան չէր բացառում ԵՄ-ի ընդլայնումը դեպի Արեւելք՝ հենց ի հաշիվ Թուրքիայի: Այս հարցում Բեռլինի վարած քաղաքականության ներկայիս շրջադարձը մեծ մասամբ պայմանավորված է Գերմանիայի Ազատական դեմոկրատական կուսակցության նախագահ Գիդո Վեստերվելլեի կոշտ դիրքորոշմամբ: «Սպասվում է, որ Անգելա Մերկելի կուսակցության հետ կոալիցիա կազմած այս կուսակցության նախագահը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարությունում զբաղեցնելու է արտգործնախարարի պաշտոնը: Իսկ Վեստերվելլեն արդեն հայտարարել է, թե Թուրքիային Եվրամիություն ընդունելու համար որեւէ հիմք չի տեսնում, քանի որ այդ երկրի տնտեսությունը «չի կարող ինտեգրվել» միության անդամ մյուս երկրներին: Արդյունքում, Գերմանիան հիմա որդեգրում է ճիշտ այն դիրքորոշումը, ինչ ունի Ֆրանսիան: Վերջինս եւս տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր չի համարում»,- փոխանցել է պարբերականը: