Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին դատապարտեց ու պահանջներ առաջադրեց

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"Երեքշաբթի երեկոյան ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը «Պատերազմ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ. մեկ տարի անց» վերտառությամբ բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանից պահանջել է միջազգային դիտորդներին թույլ տալ դիտարկումներ անցկացնել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սահմաններում: Բացի այդ, բանաձեւը Ռուսաստանի եւ նրա կողմից ճանաչված երկու հանրապետությունների իշխանությունների հասցեին ուղղված բավականին խիստ քննադատություն եւ գնահատականներ է պարունակում: Փաստաթղթում նշվում է, որ ԵԽԽՎ-ն լրջորեն մտահոգված է «Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի վարչական սահմաններին լարվածության պահպանման եւ սադրանքների առնչությամբ, որոնք կարող են ապակայունացնել ողջ տարածաշրջանը»: ԵԽԽՎ-ն համարում է, որ առկա լարվածության՝ նոր բախումների եւ ռազմական գործողությունների չվերածվելու միակ երաշխիքն այն է, որ միջազգային դիտորդներին անհապաղ եւ անսահմանափակ մուտքի թույլտվություն տրվի՝ երկու հանրապետությունների սահմանային գոտիներ, ինչպես նաեւ այն, որ այդ տարածաշրջաններում տեղակայվեն նոր ու անկողմնակալ միջազգային խաղաղարար ուժեր: ԵԽԽՎ անդամները դատապարտել են Ռուսաստանի եւ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի փաստացի իշխանություններին, որոնք նախկինի նման հրաժարվում են թույլ տալ Եվրամիության դիտորդներին մուտք գործել հիշյալ տարածաշրջաններ: Դատապարտման է արժանացել նաեւ այն փաստը, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է կիրառել՝ որով փակվել է Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում բնակվող էթնիկ վրացիներին այդ հանրապետությունների քաղաքացիություն ձեռքբերելուն հարկադրելու փաստի առնչությամբ:

ՌԴ արտգործնախարարությունը երեկ արձագանքել է ընդունված բանաձեւին եւ հայտարարել է. «Մենք դեմ չենք տարածաշրջանում միջազգային դիտորդների ներկայությանը, բայց դա պետք է համապատասխանի ժամանակակից իրողություններին: ԵԽԽՎ-ի կոչը ներկայումս Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում առկա իրողություններին չի համապատասխանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել