Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության բարձրաստիճան պաշտոնյա, ամերիկացի Պիտեր Գելբրայթը (նկարում) պաշտոնանկ կարվի: «BBC»-ի տեղեկություններով, դրա պատճառը այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների շուրջ բանավեճն է: Հաղորդվում է, որ ամերիկացի դիվանագետը հանդես է եկել քվեարկության արդյունքների վերահաշվարկի կոչով, նաեւ քննադատել է Աֆղանստանի ընտրական հանձնաժողովին: Աղբյուրի փոխանցմամբ, դիվանագետի պաշտոնանկության մասին տեղեկությունը հերքել է ինչպես ինքը՝ Գելբրայթը, այնպես էլ Քաբուլում ՄԱԿ-ի առաքելության աշխատակիցը: Այդուհանդերձ, «BBC»-ն հիշեցնում է, որ Գելբրայթի քննադատական հայտարարություններից իր դժգոհությունն էր հայտնել Աֆղանստանի գործող եւ ընտրությունների արդյունքում հաղթած ճանաչված նախագահ Համիդ Քարզայը:
Անցյալ շաբաթ Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Քայ Էյդեն փոխանցել էր, թե իրենց եւ Գելբրայթի միջեւ ծագած տարաձայնությունների պատճառով վերջինս լքել է Քաբուլը՝ միաժամանակ չհաստատելով նրա պաշտոնանկության մասին տեղեկությունը: Իսկ ՄԱԿ-ում «BBC»-ի աղբյուրները հայտնել են, որ այդ կառույցի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը որոշել է ետ կանչել Գելբրայթին, քանի որ նա այդ երկրում այլեւս չի կարողանում արդյունավետորեն կատարել իր առաքելությունը. նրա հայտարարությունների պատճառով աֆղանական կառավարության որոշ անդամներ հրաժարվել են Գելբրայթի հետ համագործակցել: