Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Մոսկվայի Ցարիցինո շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձանց կողմից տրավմատիկ զենքից արձակված կրակոցներից վիրավորվել է Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջաններում ապրող հինգ մարդ, որից չորսը Հայաստանի քաղաքացի է, մեկը՝ Հյուսիսային Կովկասից: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, վերջիններիս անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ նրանք 32 եւ 21 տարեկան անձինք են: Ահազանգը ստանալուց 5 րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները տեղում ոչ մեկի չեն հայտնաբերել, ուստի՝ անհայտ է մնացել, թե ծեծկռտուքին քանի մարդ է մասնակցել: Փոխարենը տուժածները հաղորդել են, որ իրենց վրա հարձակվել է անհայտ անձանց մի խումբ: Դեպքի վայրում ոստիկանությունը մի քանի փամփուշտներ է հայտնաբերել, եւ մտադիր է հետաքննություն անցկացնելու նպատակով ուսումնասիրել շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկներում առկա տեսագրությունը: