Երեւանյան երրորդ միջազգային դասական երաժշտության փառատոնի շրջանակներում արտերկրից հայտնի երաժիշտների այցերը Հայաստան շարունակվում են: Առաջիկա օրերին իրենց կատարումներով հանդիսատեսին կներկայանան ավստրիացի երաժիշտ, գալարափողի վարպետ Ռադովան Վլատկովիչը, Գերմանիայից ժամանած հայազգի երգչուհի Կարինե Բաբաջանյանը եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից:
Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացրեց ՀՊՖՆ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: 10-ամյա ընդմիջումից հետո հայկական բեմում հայ հանդիսատեսին ներկայանալուց առաջ երգչուհի Կ. Բաբաջանյանը «Առավոտին» խոստովանեց, որ չափազանց հուզված է. «Նորից հարազատ բեմում հանդես գալը ուրախալի է եւ երկար սպասված: Երկար տարիների բացակայությունից հետո պետք է նկատեմ, որ մեր երկրում մշակույթի ոլորտը արագ զարգանում է, հայ երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ եմ տեսնում, նրանց մեջ ներքին մեծ էներգիա կա, որը պետք է պարզապես ճիշտ օգտագործվի»: Կ. Բաբաջանյանի հավաստմամբ, արտերկրում էլ Հայաստանը ներկայացնող լավ երաժիշտներ կան ու «դրսում» մեր երկիրը նրանցով են ճանաչում: Երգչուհին ասաց, որ վերջին շրջանում մեր երկրում փառատոների աննախադեպ աճը կարող է նպաստել հաջորդ տարիներին մշակութային կենտրոն դառնալուն. «Անցյալ տարի Պրահայում էի եւ նմանատիպ երաժշտական փառատոնի էի մասնակցում: Պետք է նկատեմ, որ այս մեր փառատոնն էլ գրեթե նույն մակարդակի է կազմակերպված»:
Ռ. Վլադկովիչն առաջին անգամ է Հայաստանում, փառատոնին էլ առաջին անգամ է մասնակցելու: «Ես սիրում ու գնահատում եմ Ա. Խաչատրյանի երաժշտությունը, մեր տանը հայ երաժշտի մասին նույն կարծիքն ունեն նաեւ կինս ու երեխաներս: Այս օրերին այցելել եմ մի քանի տեսարժան վայրեր ու հիացել հայկական եկեղեցիներով ու ավանդույթներով»,- ասաց նա, եւ ավելացրեց, որ առաջիկայում չի բացառվում, որ կկատարի հայկական երաժշտություն: Ալ. Չաուշյան էլ ասաց, որ թեեւ փառատոնին առաջին անգամ չէ, որ մասնակցում է, բայց նկատել է, որ տարեցտարի փառատոնն ավելի լավն է դառնում. «Արհեստավարժ երաժիշտների համագործակցության դաշտը գնալով ընդլայնվում է, փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Նույնը չի կարելի ասել հանդիսատեսի մասին, ցավով եմ նկատում, որ դահլիճները գրեթե դատարկ են»: Սեպտեմբերի 11-ին մեկնարկած փառատոնը կավարտվի հոկտեմբերի 23-ին: