ՀՀ նախագահն այս տարվա նոյեմբերին առաջին անգամ Երեւանում ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակության ամենամյա պարգեւի մրցանակաբաշխության հաղթողին կհանձնի ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշամեդալից բաղկացած մրցանակը: Այս առթիվ երեկ նախագահականում լրագրողների հետ հանդիպեցին ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը եւ «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Հունիսի 1-ին ուղարկվել են մրցանակաբաշխության հավակնորդների ներկայացման ձեւաթերթերը: Մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհուրդը հրավեր է ուղարկում աշխարհի տարբեր համալսարանների դասախոսներից, արդյունաբերության առաջատարներից, մրցանակակիրներից եւ ՀՀ ԳԱԱ անդամներից ընտրված անձանց՝ հավակնորդ թեկնածուների ներկայացման համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ հունիսի 30-ն է եղել: Մրցութային հանձնաժողովում ներգրավված են ՏՏ ոլորտի բարձր հեղինակության անձեր՝ Հայաստանից ու արտերկրից:
Վահրամ Ներսիսյանցը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՏՏ ոլորտը հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է եւ նշեց, որ մրցանակը տրվում է աշխարհի մասշտաբով ՏՏ ոլորտի զարգացման միջոցով մարդկության համար ներդրումներ կատարած անձանց: Ըստ նրա, մրցանակի գլխավոր նպատակը ոլորտում բարձր վաստակի տեր անձանց ճանաչելն ու մեծարելն է, այն կօգնի ընդգծել Հայաստանի տեղն ու դերակատարումը համաշխարհային ՏՏ քարտեզի վրա: «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանի կարծիքով, ՏՏ ոլորտում մեր երկրում կան համաշխարհային մակարդակի պայմաններ, ոլորտին օժանդակող ենթակառուցվածքները շատ արագ զարգանում են արեւմտյան չափանիշներին համապատասխան, Հայաստանը գիտական եւ կրթական հաստատությունների մեծ ժառանգություն ունի. «Հայաստանը տարածաշրջանում ՏՏ ոլորտում ակնհայտ առաջնորդ է, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում կան ավելի քան 300 ընկերություններ, Հայաստանում շատ են ճարտարագետները, գիտնականները: Այստեղ առանձնահատուկ ուշադրության առարկա են համակարգչային գիտությունը, ֆիզիկան, մաթեմատիկան: ՀՀ ԳԱԱ-ն իր 3700 գիտնականներով համագործակցություն ունի 23 երկրների 58 համալսարանների հետ»: Ռիչ Գոլդմանը մանրամասնորեն ներկայացրեց մրցանակաբաշխության հաղթողին տրվող հուշամեդալի «ոսկյա բաղադրությունը», որի վրա պատկերված է Հայաստանի ավանդույթները խորհրդանշող Ռաֆայել Իսրայելյանի արծիվը: Նաեւ ընդգծեց. «Հուշամեդալի յուրաքանչյուր քայլը ներշնչվել է Նոբելյան մրցանակի պարգեւների հանձնման քայլերի հաջորդականությամբ: Նախատեսված է մրցանակի հանձնումն անցկացնել Հայաստանում»: Հարցին՝ ի՞նչ չափանիշներով են ընտրել հաղթողին: Ռ. Գոլդմանը այսպես պատասխանեց. «Մենք շատ մանրամասն գործընթացի միջով ենք անցել, որպեսզի հաղթողին գտնենք, նա շատ հայտնի է միջազգային ՏՏ ոլորտում»: Հարցին՝ տնտեսական ճգնաժամը ինչպե՞ս է անդրադարձել ՏՏ ոլորտի վրա, Վահրամ Ներսիսյանցն ասաց. «Մենք այժմ ՏՏ ոլորտում ունենք մի փոքր աճ, ոչ թե նվազում: «Սինոփսիսը» նախորդ տարվա համեմատությամբ ավելի մեծ եկամուտ է ունեցել»7,9:
Նշենք, որ մրցանակաբաշխության ֆինանսավորումը կիրականացնի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: