Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականն ու համազգայինը

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները դեռեւս հայ-թուրքական հարաբերություններ չեն:

Ակնհայտ է՝ հայ-թուրքական հարաբերություններն ավելի ընդգրկուն եւ խորքային խնդիրներ են ներառում, որոնք այսօր հնարավոր չէ լուծել Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների շրջանակներում: Օգոստոսի 31-ին նախաստորագրված փաստաթուղթը հայաստանյան շրջանակներում անվանում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը հիմք դնող Արձանագրություններ: Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով այդ փաստաթղթերը մատուցվեցին որպես հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրություններ: Այսպես է ներկայացվում հարցը նաեւ միջազգային հանրությանը:

Ի սկզբանե մեր հասարակության մեջ քննարկումները գնում են սխալ ճանապարհով: Եթե ուշադիր ընթերցենք Արձանագրությունների վերնագրերը, ապա կտեսնենք, որ այնտեղ խոսք չկա հայ-թուրքական հարաբերությունների մասին: Խոսքը երկու երկրների միջեւ հարաբերությունների մասին է: Դրանք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին են, որին պետք է հետեւեն բազմաթիվ միջպետական եւ միջկառավարական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք հնարավոր կդարձնեն նաեւ սահմանների բացումը: Բայց սա չի նշանակում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում:

Եթե Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը մեր պետության ղեկավարության անմիջական պատասխանատվության շրջանակներում է, եւ այն կարող է ամրագրվել ՀՀ Ազգային ժողովի վավերացմամբ (թեեւ խոստովանենք, այս Ազգային ժողովը պատրաստ չէ այդպիսի հարցեր քննարկելու), ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատասխանատվությունը ե՛ւ Հայաստանի ղեկավարության, ե՛ւ Սփյուռքը ներկայացնող կազմակերպությունների, ե՛ւ նաեւ Թուրքիայում բնակվող հայության խնդիրն է: Ցեղասպանության եւ աքսորին զոհ գնացածների ժառանգների իրավունքները, Թուրքիայում առկա ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, նրանց սեփականության վերադարձի եւ պատմամշակութային արժեքների պահպանման հարցերը չեն կարող լուծվել միայն միջպետական հարաբերությունների շրջանակում: Այդ հարցերի լուծման պահանջատերերը միլիոնավոր հայեր են, որոնց մեծամասնությունը Հայաստանի քաղաքացի չէ, եւ ունեն իրենց նպատակներին հասնելու համար ստեղծած կազմակերպություններ, որոնք մինչ օրս արդյունավետ աշխատել ու աշխատում են այս ուղղությամբ:

Համատեղ հայտարարության մեջ վեցշաբաթյա ժամկետ է տրված ներքին քաղաքական խորհրդակցությունների համար: Ինձ թվում է, որ ավելի շատ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, քան Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարցերը: Մինչդեռ առայժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված ոչ մի նպատակ չկա արձանագրված նախաստորագրված փաստաթղթի մեջ: Անգամ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է եւ պետք է դիտարկվի միայն հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում եւ միայն այն տեսանկյունով, որ կովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ձգտող Թուրքիան պարտավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ տնտեսական զարգացման դեմ: Չի կարող լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, քանի դեռ Թուրքիան չի անդրադարձել ողջ հայ ժողովրդին հուզող հարցերին եւ չի դադարեցրել պետական մակարդակով հակահայկական քաղաքականություն վարելը Թուրքիայում, Անդրկովկասում եւ բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ առկա է ստվար հայ բնակչություն: Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները հնարավորություն կտան առաջ քաշել եւ քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող եւ ողջ հայությանը հուզող հարցերը:

Հայրենի իշխանությունը եւս պետք է հաշվի առնի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում թեեւ ինքը ունի լուրջ դերակատարում, սակայն չի կարող Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները համարել հայ-թուրքական հարաբերություններ, ինչպես դա փորձում է ներկայացնել թուրքական կողմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել