Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԸ ԾՆՈՒՄ Է ԻՐԱՎՈՒՆՔ

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"Իսկ իներցիայի ուժը՝ անտարբերություն

Իներցիան ֆիզիկական մարմինների հիմնարար հատկություններից մեկն է: Այն կայանում է նրանում, որ արտաքին ուժերի ազդեցության ներքո մարմինը խոչընդոտում է իր շարժման փոփոխությանը: Իներցիան բնորոշ է բոլոր նյութական մարմիններին: Իներցիան ուղղագիծ հավասարաչափ շարժման արագության պահպանման երեւույթն է՝ արտաքին ուժերի ազդեցության կոմպենսացիայի դեպքում: Օրինակ, երբ արտաքին քաղաքական ուժերի ազդեցությունը Հայաստանի վրա փոխհավասարակշռված էր, այսինքն՝ մեր պետությունը վարում էր, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականություն, մենք իներցիայով շարունակում էինք հավատալ, որ կարող ենք դեռ հարյուր տարի «նույն արագությամբ» ապրել շրջափակման մեջ:

Այս հոդվածը սկսեցի 6-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքային ճշմարտություններից, քանզի կարծում եմ, որ մեր հասարակությունը սկսել է ապրել իներցիայով: Ու թեեւ առաջին հայացքից կարող է թվալ, որ իներցիան եւ կայունությունը նույնատիպ երեւույթներ են, սակայն կա մի գործոն, որով այդ երկու հասկացությունները, այնուամենայնիվ, տարբերվում են, հատկապես, երբ ֆիզիկական մարմինը ոչ թե ձնագունդ է կամ սահնակ, այլ մարդ կամ մարդկանց զանգված: Որովհետեւ հասարակությունը կայունությունն ընտրում է գիտակցված, իսկ իներցիայի համար գիտակցված քայլեր առանձնապես հարկավոր չեն: Խնդրի լրջությունը այն է, որ իներցիայով ապրում են հասարակության գրեթե բոլոր հատվածները: Իրական համակարգերում իներցիայով շարժվող յուրաքանչյուր մարմին ի վերջո կանգ է առնում, եթե չլինեն շարժիչ ուժեր: Եթե, օրինակ, չծնվեն հեռուստատեսային աղբին հակազդող ուժեր, ապա մեր հասարակությունը կշարունակի իներցիայով դեգրադացվել: Ինչպես տարիների ընթացքում զուռնան եւ հատկապես դհոլը ժողգործիքներից իներցիայով վերածվեցին քաղաքական գործիքների:

Երբ Սինգապուրի վարչապետը դիվանագիտորեն հասկացրեց, որ հասարակության զարգացման համար ամենակարեւոր պայմաններից մեկը կոռուպցիայի վերացումն է, նա անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ Հայաստանում կոռուպցիա գոյություն չունի: Մենք պարզապես իներցիայով շարունակում ենք միմյանց նվերներ տալ կամ մաղարիչ անել: Իսկ Սինգապուրի վարչապետը պետք է որ իմանա, որ բնության մեջ ջուրը գտնվում է անընդհատ շրջապտույտի մեջ: Իսկ փողի վրայի ջրային նշանները մեզ հուշում են, որ փողը եւս գտնվում է անընդհատ շրջապտույտի մեջ: Դիտարկենք այդպիսի մի դեպք:

Դիմորդի ծնողը դասախոսին գումար է տալիս, որպեսզի իր անգրագետ զավակը ընդունվի բուհ: Այդ գումարը հետագա մի քանի ճանապարհ ունի. ա/ դասախոսը բռնվում է եւ գումարը մաղարիչի տեսքով հանձնում է իրավապահ մարմիններին, բ/ դասախոսը չի բռնվում եւ գումարի մի հատվածը նվերի տեսքով հանձնում է ընդունելության քննությունների թեստեր գրողներին, իսկ մյուս հատվածը պահում է, որպեսզի տարվա ընթացքում նվերներ մատուցի կադաստրի, ոստիկանության, հարկային տեսչության, քաղաքապետարանի կամ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներին: Վերջիններս իրենց հերթին ունեն երեխաներ, որոնց ուսուցիչները ունեն՝ Ուսուցչի տոն, Մարտի 8, Ապրիլի 7, Նոր տարի, Վերջին զանգ եւ այդպես շարունակ: Որպեսզի շատ չերկարացնենք, համարենք, որ այդ ուսուցիչը հենց այն ծնողն էր, որի անգրագետ զավակը փողով ընդունվել է բուհ: Կարելի է համարել, որ շրջանը փակ է:

Իհարկե, իներցիան ամենամեծ տարածումն է գտել Ազգային ժողովում: Այնտեղ իներցիայով կոճակ են սեղմում, եթե, իհարկե, իներցիայով գործուղման չեն լինում: Ոչ իներցիոն համակարգում է գտնվում միայն պատգամավոր դառնալու պրոցեսը: Այդ պարագայում սկսում են աշխատել տարաբնույթ ուժեր՝ կենտրոնաձիգ եւ կենտրոնախույս, էլեկտրամագնիսական եւ ձգողական: Սակայն ամենահզոր ուժը նման դեպքերում շփման ուժն է: Շփման գործակիցը ուղիղ համեմատական է քավոր-սանիկական եւ խնամի-բարեկամական գործակիցներին:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա այստեղ իներցիան արդեն հոգնեցուցիչ է: Հայրիկյանը պանրի բիզնեսից ազատ ժամանակ շարունակում է պնդել, որ ամեն ինչ սկսում եւ ավարտվում է իրենով: Խոսրով Հարությունյանն ու Արամ Գ. Սարգսյանը իներցիայով շարունակում են մտածել, որ իրենք քաղաքական գործիչներ են: Իսկ Վարդան Օսկանյանին մի պահ թվացել է, թե ժողովրդական ալիքը հեռուստաալիք է, այն էլ՝ պատասխանատու: Երեւի հենց այդ պատճառով է նա կարծում, որ ինքը կարող է գլխավորել այդ ալիքը: Թե չէ՝ հայաստանյան քաղաքական դաշտն արդեն իներտ գազի տպավորություն է սկսում թողնել՝ ոչ գույն ունի, ոչ հոտ, ոչ էլ համ: Իսկ եթե ինչ-որ հոտ էլ գալիս է՝ ապա միայն նաֆթալինի:

Իմ լավ բարեկամներից մեկն ասում է, որ հայերը աշխարհի միակ ազգն են, ով գումար է վճարում (ընդ որում՝ թե օրինական եւ թե անօրինական), որպեսզի իրենց երեխաները չսովորեն: Մենք շարունակում ենք իներցիայով ատեստատ եւ դիպլոմ ստանալ: Իներցիայով հարեւանություն եւ բարեկամություն ենք անում, իներցիայով ֆուտբոլի մրցաշարերի մասնակցում (սա վրիպակ չէ, մենք ոչ թե ֆուտբոլ ենք խաղում՝ անգամ իներցիայով, այլ մասնակցում ենք ֆուտբոլային մրցաշարերի), իներցիայով լավ կոնյակ ենք արտադրում, իներցիայով մենաշնորհային բիզնեսով ենք զբաղվում, իներցիայով ատում ենք թուրքերին եւ երկրպագում ռուս մարզիկներին (ռուս կանանց առանց իներցիա էլ ենք սիրում), իներցիայով օրենք ենք խախտում: Հենց նոր ինձ բռնեցի մի մտքի վրա, որ, չգիտես ինչու, իներցիայով չենք կարդում, իներցիայով որակով երաժշտություն չենք լսում, իներցիայով լավ ֆիլմեր չենք դիտում… Բայց շատ արագ հասկացա, որ իներցիայով կարդացածը միեւնույն է՝ մարդու գլուխը չի մտնում, մի ականջով Բեթհովեն լսել չի լինում, ձեռքի հետ «Վեստսայդյան պատմություն» չի նայվում: Սրանք ֆունդամենտալ բաներ են: Ինչպես եւ ֆիզիկան է ֆունդամենտալ գիտություն: Բայց, չգիտես ինչու, մենք ընտրել ենք այդ ֆունդամենտալ գիտության ամենաանֆունդամենտ հատվածը: Կարելի էր, չէ՞, վերցնել, օրինակ, իմպուլսի կամ արագացման բաժինները: Էլ չեմ խոսում միջուկային ֆիզիկայի եւ էլեկտրամագնիսական հատվածների մասին: Երեւի մենք հին ազգ ենք եւ հոգնել ենք: Իսկ հոգնած մարդկանց համար ամենահարմար վիճակը ստատիկ վիճակն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել