Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում էլ են քննարկում Արձանագրությունները

Հոկտեմբեր 01,2009 00:00

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Եվրասիա» հիմնադրամի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ շարունակում է հայ-թուրքական Արձանագրութունների քննարկումները ՀՀ մարզերում: Քննարկման ավարտին մասնակիցները քվեարկում են «Հայաստան–Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել նախընտրելի» եւ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման ո՞ր սցենարն եք համարում առավել հավանական» հարցերը: Սեպտեմբերի 29-ին տեղեկացրել էինք, որ քննարկման կազմակերպիչները քվեարկության արդյունքները չեն հրապարակում եւ ահա հրապարակել են:

Մարտունիում 50 հոգի ենթադրում է, որ սահմանի բացումը կհանգեցնի պետությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը, իսկ 26 մարդ էլ կարծում է, որ թեպետ ստորագրվել են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող Արձանագրությունները, սակայն գործը տեղից չի շարժվում, Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից:

Հրազդանում 140 մարդ է մասնակցել քննարկմանը, որոնցից 59-ը կարծում է, թե սահմանի բացումը կհանգեցնի պետությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը, իսկ 24-ը հակված է ենթադրել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումից հետո կսկսվի հայ-թուրքական երկխոսություն, որը կընթանա բավական լարված մթնոլորտում:

Սիսիանում էլ մեծամասամբ կողմ են սահմանի բացմանը, բայց կան նաեւ մտահոգություններ. սահմանն ամեն գնով չէ, որ պետք է բացվի: Սիսիանում մարդկանց մեծ մասը տեղյակ չէր, թե քննարկումն ինչի մասին է, իսկ ներկաների մի մասն էլ կարծիք է հայտնել, թե տեղեկատվությունը քիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել