Սա է Սփյուռքի հետ հարաբերվելու Հայաստանի բանաձեւը
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունը դառնում է մեկ տարեկան եւ քանի որ նախարար Հրանուշ Հակոբյանը ուղեկցելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նրա «վերպետական, համազգային» այցի ընթացքում, ուստի նախարարության «ծննդյան» առաջին տարեդարձը մամուլի ասուլիսով նշվեց երեկ: «Առավոտը» սեպտեմբերի 25-ի «Արի տունը» ամենաընդունվածն է» եւ սեպտեմբերի 26-ի «Եկել է պահը համախմբվելու» հրապարակումներով արդեն որոշակիորեն ամփոփել է նախարարության մեկ տարվա գործունեությունը: Ուստի չկրկնվելու համար այս անգամ ներկայացնենք որոշ հատվածներ Հրանուշ Հակոբյանի ծավալուն հաշվետվությունից: «Նախարարության գոյությունը նշանակում է, որ մեր որոշ ծրագրերի տրվել է համահայկական բնույթ, մեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրվել է համահայկական մտածողություն»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը: ՀՀ Սփյուռքի նախարարությունը աշխատել եւ աշխատելու է երեք հիմնական ուղղություններով. հայապահպանման խնդիրներին պետական աջակցություն, Սփյուռքի ներուժի հայտնաբերում եւ օգտագործում ի շահ Հայաստանի, հայրենադարձության խթանում: Հենց այս տրամաբանության մեջ են նախարարության բոլոր նախաձեռնությունները, հենց այս տրամաբանությամբ էլ հայ իրավաբանների համահայկական ցանց է ստեղծվել, որը աշխատելու է ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման, Ցեղասպանության միջազգային ճանաչման իրավական աջակցության, աշխարհասփյուռ հայկական ունեցվածքի իրավական ձեւակերպումների, այլ պետություններում ազգային փոքրամասնություն հայերին օժանդակելու եւ ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հարցերով: Կա մտադրություն Հունաստանի, Հնդկաստանի եւ սփյուռք ունեցող այլ երկրների օրինակով ստեղծել Ազգային խորհուրդ, տեղացի եւ սփյուռքահայ 50:50 հարաբերակցությամբ, որը կքննարկի համազգային հարցերը: «Ինչքան հզոր Հայաստան, այնքան հզոր Սփյուռք»,- ամփոփեց տիկին Հակոբյանը:
Հայաստանի հզորացման գործում առնվազն ոչ փոքր վաստակ ունեն սփյուռքահայեր Ժիրայր Սեֆիլյանն ու Սարգիս Հացպանյանը, ում նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը առնվազն բարեհաճ չէ: Սա չի՞ կարող դառնալ պատճառ, որ սփյուռքահայերը սկսեն վերապահումով մոտենալ Հայաստանին՝ մեր այս հարցին Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Շատ բան կախված է նրանից, թե ինչպես է մեկնաբանվում եւ ներկայացվում: Իհարկե, կուզենայի, որ որեւէ խնդիր չլիներ: Բայց եթե կան խնդիրներ եւ խնդիրները օրենքի հետ են, ուրեմն մենք պետք է սովորենք հարգել օրենքը Հայաստանում, ինչպես հարգում են օրենքը Սփյուռքում»: