Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է հաջորդ քայլը

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"Վրացիները առեւանգում են ՀՀ քաղաքացիներին

Դեռեւս օգոստոսի 26-ին «Առավոտը» ահազանգեց, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի Բավրա գյուղի մատույցներում վրացի սահմանապահները մի քանի հարյուր մետր ներխուժել են Հայաստանի տարածք, զավթել մոտ 85 հեկտար հող: Հետո այլ լրատվամիջոցներ եւս անդրադարձան այս խնդրին, գյուղից հրապարակումներ եւ տեսանյութեր եղան, բայց պետական կառույցները հերքումներ տարածեցին, եւ հարցը փակեցին: «Առավոտը» գրել էր, որ դրանից առաջ էլ վրացիները ՀՀ Լոռու մարզից էին տարածք զավթել: Եվ ահա լուրեր կան, որ վրացիները նույն Լոռու մարզի սահմանամերձ Ձորամուտ գյուղի բնակիչներին են առեւանգում, սահմանը ապօրինի խախտելու մեղադրանք ներկայացնում եւ 2500 դոլար տուգանք պահանջում, հակառակ դեպքում՝ սպառնում ազատազրկել 4 տարով: Ըստ Ձորամուտի գյուղապետ Արարատ Փնջոյանի, վրացիներն արդեն երեք-չորս անգամ ՀՀ քաղաքացի են առեւանգել, ընդ որում՝ Հայաստանի տարածքից, որտեղ գյուղացիները անասուն են արածեցնում կամ ցախ հավաքում: Վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 25-ին: Վրացիները առեւանգել են երկու երիտասարդի՝ 28-ամյա Արմեն Ավանեսյանին եւ 22-ամյա Էդվարդ Հակոբյանին: Սրանից առաջ՝ մարտի 28-ին վրացիները առեւանգել էին նույն գյուղի բնակիչ Ալեքսանդր Կոլգոնովին, ով արդեն վեց ամիս գերության մեջ է:

Գյուղապետ Արարատ Փնջոյանը ասաց, որ ինքն անձամբ, նաեւ առեւանգվածների հարազատներն իրենց հերթին ահազանգել են ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության ղեկավարությանը: Ի պատասխան՝ միայն տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ են եղել գյուղում, ռեպորտաժ արել: Պաշտոնյաները անգամ չեն բարեհաճել գյուղ այցելել: Ըստ գյուղապետի, մեր սահմանապահների պարետատունը գյուղից մոտ 2 կմ հեռու է եւ «մեր սահմանապահները իրենց պարտականությունները բարեխղճորեն չեն կատարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել