Սփյուռքահայերը դեմ են ճաշկերութային այցերին եւ քննարկում են ՀՀ նախագահին բոյկոտելու հարցը
ՀՀ նախագահի այցը Սփյուռքի մի շարք քաղաքներ՝ հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները քննարկելու նպատակով, ոչ միայն ուշացած է, այլ նաեւ ձեւական՝ երեկ Երեւանում հայտարարեցին Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, Լոնդոնի «Նոր սերունդի ձայն» ամսաթերթի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանը, ԱՄՆ «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը եւ Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը: Վերջինս Սերժ Սարգսյանի մասին խոսելիս օգտագործեց «այսպես կոչված նախագահի ճաշկերութային այցելություններ» ձեւակերպումը: Այս անձինք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ են:
Ըստ բանախոսների, այցի ձեւականությունը ապացուցվում է մի շարք իրողություններով: Նախաստորագրված Արձանագրությունները փոփոխման ենթակա չեն, էլ ի՞նչ քննարկում, այցի նպատակը անհասկանալի է: Եվ երկրորդ. Սերժ Սարգսյանը հայ համայնքի ներկայացուցիչներին հանդիպելու է տարբեր սրահներում եւ ներկա կարող են լինել միայն նրանք, ում հրավիրել է Հայաստանի հյուպատոսությունը կամ դեսպանատունը: Այսինքն՝ հանդիպումները որոշակիորեն կամ մասամբ փակ են: Առավել զայրացած է Լիբանանի հայությունը: Այստեղ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից տեղի հայկական կազմակերպություններին առաջարկել են. եթե ուզում եք մասնակցել հավաքին՝ դիմում գրեք: Ահարոն Շխրտմյանը սրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, կարծում է, որ դա սովորական անկազմակերպվածություն է, ինչն էլ ապացուցում է, որ ամեն ինչ ձեւական է: Մինչդեռ «հայ-թուրքական հարաբերությունները վերաբերում են ողջ հայ ժողովրդին, ոչ թե միայն Հայաստանին: Ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական հարց չէ, իրավական կողմ էլ ունի: Սա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է: Մենք մտահոգ ենք Հայաստանի ճակատագրով: Մենք չենք կարող սեղանի շուրջ նստել Թուրքիայի հետ, ով չի ընդունում հայերի եւ մարդկության դեմ գործած հանցանքը: Մենք մերժում ենք նախագահի այսօրինակ ճաշկերութային այցերը: Սփյուռքի հետ այսպես չեն խորհրդակցում»:
Այս հայտարարությունից հետո բանախոսներին հարցրինք, հնարավո՞ր է, որ բոյկոտեն ՀՀ նախագահի հանդիպումները: Պարզվեց՝ նման տարբերակ քննարկվում է: Չի բացառվում, որ բոյկոտը ուղեկցվի հանդիպման վայրի մատույցներում բողոքի ակցիաներով:
Վերջում մեր սփյուռքահայ գործընկերները ցնցող կամ արտառոց հայտարարություն արեցին: Քաջ գիտակցելով, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այն չէ, որ 131 պատգամավորից նույնիսկ 10-ն էլ ընդդիմադիր չեն, դրսում ապրող հայերից ոմանք հույս են փայփայում, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները: