Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) եւ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, այս տարվանից ՀՀ տարածքում տեղակայված բոլոր զորամասերում կցուցադրվեն հայկական ֆիլմերը: Աննախադեպ այդ կինոծրագիրը սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Սեւանի ավազանում տեղակայված զինմասերում, ուր եւ, բացի հայկական ֆիլմերի ցուցադրությունից, զինվորականների համար անցկացվեցին կինոարվեստին նվիրված դասախոսություններ, հանդիպումներ ստեղծագործական կոլեկտիվների հետ եւ այլն: Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարկետինգի եւ միջազգային հարաբերությունների բաժնի պետ Մարտին Ուրիխանյանը, բացի զինվորական մասերից, ֆիլմերը ցուցադրվեցին նաեւ Քնարավան բնակավայրում: Այս անգամ ցուցադրության համար ընտրվել էին Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Թորգոմ Նալբանդյանի «Հասա, մերոնք են», Արման Մանարյանի «Հեղնար աղբյուր» ֆիլմերը, Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն կինոնկարներից, Վ. Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարված մուլտֆիլմերը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի վերջին նախաձեռնության՝ «Գժուկներ» մանկական ծրագրերից: Մ. Ուրիխանյանի խոսքերով, դեռեւս 2007թ. ՀԱԿ-ը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացնում էր նմանատիպ մի ձեռնարկ՝ «Միջմարզային մշակութային համագործակցություն. մշակութային մաս» ծրագրի շրջանակներում: Այդ ընթացքում կինոկենտրոնի ջանքերով ՀՀ հեռավոր, սահմանամերձ եւ բարձրլեռնային 20-ից ավելի բնակավայրերում ցուցադրվեց 40 ֆիլմ: Բացի ֆիլմերի ցուցադրություններից, այդ բնակավայրերում կազմակերպվել եւ անցկացվել էին հանդիպումներ դերասանների եւ ռեժիսորների հետ:
Սակայն այս տարվանից, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ պաշտպանության նախարարության հետ համատեղ, կինոցուցադրությունների ծրագիրը վերամեկնարկեց արդեն նորովի: Կինոուղեւորության հաջորդ կանգառը Արցախի զորամասերն ու բնակավայրերն են լինելու: