Լրահոս
Օրվա լրահոսը

Չունի անձնագիր, բայց…

Հոկտեմբեր 01,2009 00:00

\"\"ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2 օր առաջ դիմել է ՀՀ ոստիկանապետին, պահանջելով ծառայողական քննություն անցկացնել Արմավիրի մարզի Էջմիածնի Դեմիրճյան փողոցի 16ա տան բնակիչ Հասմիկ Ասլանյանի դիմումի հետ կապված: Ասլանյանը հայտնել էր, որ չունի ՀՀ քաղաքացու անձնագիր, չի հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից: Նա նաեւ ասել էր, որ դեռ իր 17 տարին չլրացած` ծնողներն իր համար ձեռք են բերել ՌԴ քաղաքացու անձնագիր, սակայն հետագայում պարզվել է, որ այն կեղծ է:

Հ. Ասլանյանը անձնագիր ստանալու խնդրով բազմիցս դիմել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի անձնագրային բաժին, որը վերջինիս անհիմն մերժել է, ինչը, ըստ դիմումատուի, «Խոչընդոտ է հանդիսանում, որ իր երեխային փաստաթղթավորեն»: Պաշտպանի գրասենյակի տեղեկացմամբ, իրենք գրություններ են ուղարկել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որի պետն ի պատասխան /թիվ 25/01-42445 եւ 25/01-47637 գրություններով/ հայտնել է, որ «Հասմիկ Գեղամի Ասլանյանը (ծնված՝ 07.09.86 թ.) անձնագրավորված, հաշվառված, հաշվառումից հանված չէ»:

Քաղաքացին կրկին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունք՝ իրեն ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելու եւ Վաղարշապատ քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 16ա տանը հաշվառելու համար:

Պաշտպանը հղում է արել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետին, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացի են ճանաչվում ՀՀ-ից դուրս բնակվող ծագումով հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն:

«Օրենքի այս դրույթի ուժով քաղաքացի Հասմիկ Ասլանյանը օրենքի ուժի մեջ մտնելու պահից համարվել է ՀՀ քաղաքացի եւ այլ պետության քաղաքացիություն ձեռք չի բերել, ինչպես նաեւ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված դրույթներից որեւէ մեկի համաձայն՝ չի զրկվել ՀՀ քաղաքացիությունից», ասվում է պաշտպանի՝ ոստիկանապետին ուղղված նամակում:

«Ուսումնասիրելով դիմումում նշված փաստերը, ստացված պաշտոնական գրությունների բովանդակությունը, կարելի է եզրակացնել, որ ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների կողմից խախտվել են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ դրանով իսկ խախտելով նաեւ քաղաքացի Հասմիկ Ասլանյանի իրավունքները»,- եզրահանգել են պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել